Լրահոս
Օրվա լրահոսը

Մամուլի ազատության վերաբերյալ կանխատեսումները մշուշոտ են COVID-19 համավարակի պայմաններում. CPJ

Հունիս 04,2020 16:00

COVID-19 համավարակն իր ազդեցությունն է թողել լրագրողների աշխատանքի վրա, քանի որ աշխարհի մի շարք երկրների իշխանություններ վիրուսը օգտագործել են որպես պատրվակ՝ զանգվածային լրատվամիջոցներին ճնշելու համար, փաստում է «Լրագրողների պաշտպանության կոմիտեն»(CPJ)՝ ամերիկյան կազմակերպություն, որը պայքարում է մամուլի ազատության համար և պաշտպանում է լրագրողների իրավունքները:

CPJ-ն աշխարհի մի շարք երկրներում փաստել է մամուլի ազատության ոտնահարման դեպքեր կորոնավիրուսի համավարակի ժամանակ և պայմանականորեն առանձնացրել է 10 տարածված դեպք:

«Կեղծ լուրերի» մասին օրենքներ

Կառավարությունները, համավարակը օգտագործելով որպես պատրվակ, սկսել են կիրառել օրենքներ, որոնք քրեականացնում են «կեղծ լուրերի», «ապատեղեկատվության» կամ «սուտ տեղեկատվության» տարածումը կամ ընդունել են նորերը: CPJ-ի տվյալներով՝ վերջին 7 տարվա ընթացքում կտրուկ մեծացել է այն լրագրողների թիվը, որոնք անազատության մեջ են հայտնվել «կեղծ լուրեր» տարածելու մեղադրանքով:

Լրագրողների ձերբակալություններ

Երկար ժամանակ լրագրողների ձերբակալություններն ավտորիտար կառավարություններին բնորոշ գործելաոճ էր, որոնք այս կերպ ձգտում էին լռեցնել լրագրողներին, իսկ հաշվի առնելով համավարակը՝ բանտարկությունը նրանց համար կարող է դառնալ մահացու: Մի շարք երկրներում լրագրողները պահվում են հակասանիտարական պայմաններում: Չնայած կորոնավիրուսի համավարակին՝ աշխարհում շարունակվում են լրագրողների ձերբակալությունները:

Խոսքի ազատության սահմանափակում

Արտակարգ դրության պայմաններում որոշ կառավարությունների ձեռնարկած միջոցառումների պատճառով ժամանակավորապես սահմանափակվել է խոսքի ազատությունը:

Գրաքննություն. օնլայն և օֆայն

Մի շարք երկրներում արգելվել է թերթերի տպագրությունը՝ համավարակի տարածումը կանխելու պատրվակով: Որոշ երկրներում էլ ԶԼՄ-ները կարգավորող մարմիններն արգելափակել են կայքեր կամ հեռացրել են քննադատություն պարունակող հոդվածները: Նման դեպքեր գրանցվել են Իրանում, Ռուսաստանում, Հորդանանում, Եմենում և այլն:

Սպառնալիքներ, ճնշումներ

Կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաները և մասնավոր անձինք բռնությամբ և սպառնալիքներով են պատասխանել համավարակի մասին լրագրողների քննադատական նյութերին: Նման օրինակ գրանցվել է Չեչնիայում, որտեղ հենց երկրի ղեկավար Ռամզան Կադիրովը սպառնացել է լրագրողին:

Հավատարմագրման պահանջ և տեղաշարժի սահմանափակում

Մի շարք երկրներում իշխանությունները սահմանափակել են լրագրողների ազատ տեղաշարժի իրավունքը, երբ նրանք օրինակ` ցանկացել են ռեպորտաժ պատրաստել պարետային ժամին կամ մտնել հիվանդանոցներ՝ բժշկական ծառայությունների մասին առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու համար:

Տեղեկատվության սահմանափակ հասանելիություն

Տեղեկատվության ազատության մասին օրենքները, որոնք թույլ են տալիս լրագրողներին հարցում անել և ստանալ կառավարություններից տվյալներ, ձայնագրություններ, համավարակի ժամանակ չեն գործել: Կառավարական միջոցառումները, որոնց սովորաբար այցելում էին լրագրողները, անցկացվում են առցանց ռեժիմով և ոչ միշտ են հասանելի մամուլի ներկայացուցիչների համար:

Արտաքսում, մուտքի այցագրի սահմանափակումներ

Կորոնավիրուսի համավարակի ժամանակ մի շարք երկրներում նկատվել է անհանդուրժողական վերաբերմունք արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ: Օրինակ՝ Չինաստանը և Միացյալ Նահանգները պայքարի մեջ են մտել միմյանց դեմ և այս հարցում օգտագործում են լրագրողներին 2020թ. սկզբից:

Կոնտակտների մշտադիտարկում, վերահսկում

Հաղորդագրությունների համաձայն՝ ամբողջ աշխարհով մեկ կառավարություններն ունեն բջջային հեռախոսների գտնվելու վայրի մասին տվյալների հասանելիություն և փորձարկում են կամ ներդնում նոր հավելվածներ՝ մարդկանց տեղաշարժը հետևելու համար, որի նպատակն է կանխել կորոնավիրուսի տարածումը: Մտավախություններ կան, որ այս համակարգը կարող է գործել նաև համավարակից հետո դեռ երկար ժամանակ:

Արտակարգ միջոցառումներ

Քանի որ մի շարք երկրներում դեռ սահմանված է արտակարգ դրություն, իսկ վիրուսի տարածումը շարունակվում է, նոր թափ ստանալով որոշ զարգացած երկրներում, ուստի չի բացառվում, որ նոր սահմանափակումներ կլինեն:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930