Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշառք՝ առանց ավտոմեքենա վարելու գիտելիքները ստուգելու՝ վարորդական վկայականներ տրամադրելու համար. ժամանակավորապես դադարեցվել է Մարտունու և Սևանի անձնագրային բաժանմունքների պետերի պաշտոնավարումը

Հունիս 04,2020 15:57

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020թ.  մարտի 31-ին հարուցված, հետագայում ՀՀ ՀՔԾ վարույթում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Սևանի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչը իրեն տրված լիազորությունների շրջանակում 3 անձանց օգտին առերևույթ ակնհայտ ապօրինի գործողություն է կատարել:

Մասնավորապես, վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական վարման հմտությունները փաստացի ստուգելու, ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննություններ ընդունելու պայմաններում երկու դեպքում «B» և «C», իսկ մեկ դեպքում «BE» և «CE» կարգերի վարորդական վկայականներ տրամադրելու համար 3 անձից, այդ թվում նաև ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մարտունու անձնագրային բաժանմունքի պետի կողմից, առերևույթ ստացել է տարբեր չափերի՝ 120.000-ից մինչև 200.000 ՀՀ դրամ կաշառք: Բոլոր երեք դեպքերում էլ կաշառքը փոխանցվել է միջնորդավորված ձևով, որին մեկ դրվագով առերևույթ ներգրավվել է նաև ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Սևանի անձնագրային բաժանմունքի պետը:

Երկու դեպքում կաշառք ստանալու փաստը քողարկելու, սահմանված կարգի պահպանմամբ անձանց վարորդական վկայական տրամադրելու պատրանք ստեղծելու նպատակով տեսուչն առերևույթ կաշառքը տվող երկու անձանցից ընդունել է գործնական քննություն և այն գնահատել բացասական: Այնուհետև, նույն օրը նրանցից կրկին ընդունել է գործնական քննություններ: Դրանց ընթացքում, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, նա կազմել է ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննության արդյունքների վերաբերյալ արձանագրություն, որում նշել է, թե, իբր, այդ անձինք  գործնական քննության ընթացքում ճշտությամբ կատարել են անհրաժեշտ գործողությունները: Մինչդեռ պարզվել է, որ նրանք իրականում ամբողջությամբ չեն կատարել նշված գործողությունները, իսկ գործնական քննությունը կրել է ձևական բնույթ:

Նշված հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Սևանի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչին մեղադրանք է առաջադրվել երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահումը), երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով կաշառք ստանալու), մեկ դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (ակնհայտ ապօրինի գործողության համար կաշառք ստանալու):

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նկատի ունենալով, որ մեղադրյալը կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, թաքնվել վարույթն իրականացնող մարմնից և կատարել քրեական օրենսգրքով չթույլատրված նոր արարք, բավարարել է տեսուչի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը: Միևնույն ժամանակ՝ դատարանը բավարարել է նաև կալանավորումը այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով փոխարինելու պաշտպանի միջնորդությունը:

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի կողմից դրա դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ Վերաքննիչ դատարանի 2020թ. մայիսի 19-ի որոշմամբ բավարարվել է՝ գրավի կիրառումը ճանաչելով անթույլատրելի և անձը կալանավորվել է։

Նախաքննության ընթացքում մեղադրանքներ են առաջադրվել նաև 5 այլ անձանց: Մասնավորապես՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը հանցակցելը) և 312-րդ հոդվածի 2-րդ մասով (խոշոր չափերով կաշառք տալը), մեկ անձի՝  ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մարտունու անձնագրային բաժանմունքի պետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով, 3 անձի, այդ թվում նաև ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Սևանի անձնագրային բաժանմունքի պետին, մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառքի միջնորդությունը):

Նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Մայիսի 2-ին քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված կարգով համաձայնություն է տվել նախաքննական մարմնի որոշմամբ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մարտունու և Սևանի անձնագրային բաժանմունքի պետերի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելուն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930