ԱՐԱՐՈՒՄ քաղաքացիական նախաձեռնությունը հայտնեց իր գործունեության մեկնարկի մասին և ներկայացրեց երկրի առաջընթացի իր տեսլականը
«ԱՐԱՐՈՒՄ» քաղաքացիական նախաձեռնությունը Հայաստանի և Արցախի անկախության և պետականության կայացման մեջ ներդրում ունեցող անձանց կողմից ստանձնած թիմային պատասխանատվություն է՝ ինչպես ժառանգված անցյալի և այսօրվա, այնպես էլ ապագայի հանդեպ:
Նախաձեռնության անդամները մտահոգված են այն իրողությամբ, որ այսօր լրջորեն վտանգված են երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը, երկրի տնտեսությունը, բնակչության սոցիալական վիճակը, իրավական պետության հիմքերը, ազգային մշակույթը, հայ ընտանիքի բարոյական սկզբունքները, կրթությունը, գիտությունը, անգամ՝ երկրի միջազգային հեղինակությունը:
Այս ամենով հանդերձ, ԱՐԱՐՈՒՄ-ը վստահ է, որ առկա է հայության կարող ներուժ, կան կառուցողական լուծումներ՝ կուտակված և օրեցօր ավելացող խնդիրներին և սպառնալիքներին:
Կարդացեք նաև
Նախաձեռնողները համոզված են, որ համախմբման և համագործակցության շնորհիվ հնարավոր է հաղթահարել բոլոր խոչընդոտները:
ԱՐԱՐՈՒՄ-ը համարում է, որ պարտավոր ենք միասնաբար անցնել դժվարին այս ճանապարհը, համախմբելով նվիրյալներին և կառուցողական բոլոր ուժերը, որոնք իրենց հայրենիքին տեր են զգում, որոնք ԱՐԱՐՈՂ են:
Քաղաքացիական նախաձեռնության հետ են Հայաստանում, Արցախում և Սփյուռքում բնակվող մեծ թվով մտավորականներ, ազգային և պետական գործիչներ, ազատամարտիկներ, հոգևորականներ և այլ ասպարեզների ներկայացուցիչներ:
ԱՐԱՐՈՒՄ-ը կոչ է անում բոլոր կարող ուժերին՝ մի կողմ դնել առկա տարաձայնությունները և գործել՝ հանուն
Հայոց պետականության հզորացման, ազգային և համամարդկային արժեքների ներդաշնակության, հայ մարդու, հայ ընտանիքի կյանքի արժանապատիվ պայմանների ապահովման։
ԱՐԱՐՈՒՄ քաղաքացիական նախաձեռնության անդամներ՝
Թաթուլ Մանասերյան
Լարիսա Ալավերդյան
Սասուն Պասկևիչյան
Կարինե Դանիելյան
Արման Նավասարդյան
Կարին Տոնոյան
Պավել Մանուկյան