Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մարզային կենտրոնի տեղեկացմամբ՝ հունիսի երեքի տվյալներով Արմավիրի մարզի Փարաքար եւ Թաիրով համայնքներում կորոնավիրուսի հաստատված 50 դեպք կա. օրերս Փարաքարում 2-րդ մահվան դեպքն է գրանցվել: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Իմ քայլի» պատգամավոր, Փարաքարի բնակիչ Նարեկ Մկրտչյանը:
Մեզ հետ զրույցում նա նշեց, որ մահվան առաջին դեպքը գրանցվել էր 1-2 ամիս առաջ, իսկ 2-րդը՝ երկու օր առաջ. «Չնայած կառավարության, ոստիկանության մարզային վարչության, ինչպես նաև՝ Արմավիրի մարզպետարանի և անձամբ իմ հորդորներին, մարդկանց մոտ սոցիալական պատասխանատվության զգացումը խիստ մտահոգիչ է»:
Պատգամավորի խոսքով. «Քանի դեռ քաղաքացիները չեն գիտակցել, որ առանց իրենց օգնության չենք հաղթելու այս ճգնաժամը, մահերի թիվը մեծանալու է: Հուսով եմ՝ մարդկանց կսթափեցնի ստեղծված իրավիճակը: Հարավային Կորեան, օրինակ, հաջողել է, քանի որ կա փոխվստահության հսկայական զգացում՝ քաղաքացիների և կառավարության միջև: Այս գործում անելիքներ ունի նաև քաղհասարակությունը»:
Փարաքարի համայնքապետ Դավիթ Մինասյանն էլ մեզ հայտնեց, որ միայն իրենց համայնքում վարակվածների թիվը 20 է, իսկ մահացածի հուղարկավորությունն այսօր էր. նա 62 տարեկան է եղել:
Կարդացեք նաև
Հավելենք, որ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի՝ այսօր հրապարակած տվյալներով՝ մարզում հաստատված է կորոնավիրուսային հիվանդության 717 դեպք. կա 287 առողջացած և 835 ինքնամեկուսացած, իսկ ընթացիկ ժամանակահատվածում մարզում մահվան 12 դեպք է գրանցվել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ