Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տնտեսական անկումը կհանգեցնի բյուջեի դեֆիցիտի մեծացման. կառավարությունը նոր վարկ կվերցնի

Հունիս 04,2020 14:41

Այսօր կառավարության նիստում ընդունվեց ՀՀ եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ վարկային համաձայնագրի նախագիծը։

Նախագիծը զեկուցող ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը մինչ նախագիծը ներկայացնելը՝ տնտեսական ցուցանիշներ ներկայացրեց՝ նախորդ տարեվերջին բոլոր կանխատեսումներով՝ ավելի քան 170 երկրներում կանխատեսվում էր ընդհանուր տնտեսական աճ: Սակայն, ըստ նախարարի, ապրիլին վերանայված կանխատեսումների համաձայն՝ գնահատվում է, որ այդ նույն երկրներում անկում կգրանցվի, համաշխարհային տնտեսության համար կանխատեսվել է մոտ 3,5% անկում. «Հետեւաբար այս իրավիճակը, որը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակի ազդեցությամբ, չի կարող իր ազդեցությունը չունենալ նաեւ բյուջետային ցուցանիշների վրա։ Եվ այդ տեսակետից Հայաստանը բացառություն չէ, Հայաստանի դեպքում եւս ենթադրվում է, որ անկումը կհանգեցնի հարկային եկամուտների նվազման, ինչն էլ իր հերթին կհանգեցնի բյուջեի դեֆիցիտի մեծացման։ Դեֆիցիտի ֆինանսավորման համար անհրաժեշտ է փոխառու միջոցների ներգրավում։ Հետեւաբար, դեֆիցիտի մեծացումը ինքնաբերաբար կհանգեցնի նաեւ պարտքի աճի»:

Ինչ վերաբերում է նախագծին, ապա նախարարն ասաց՝ նախագծով շարունակվելու է երկարատեւ համագործակցությունը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ. «2019 թվականին ԱՄՀ-ի հետ ծրագիր ենք հավանության արժանացրել, որը գնահատվում է որպես կանխարգելիչ։ Եվ ենթադրվում էր, որ միայն արտաքին ցնցումների դեպքում մենք կօգտվենք ԱՄՀ –ի՝ մեզ տրամադրվելիք վարկի հնարավորությունից։ Համաձայնություն է ձեռք բերվել, որ այդ միջոցներն ավելի մեծ չափով կարող են հասանելի լինել՝ մոտ 315 միլիոն դոլարին համարժեք, որից 206 միլիոնն արդեն հասանելի է, որովհետեւ մայիսի 18-ին ԱՀՄ-ի խորհրդի նիստը հավանություն տվեց այս ծրագրին, եւ դա կօգտագործվի ոչ թե վճարային հաշվեկշռի համար, որովհետեւ ԿԲ-ի հետ արձանագրվել է, որ դրա անհրաժեշտությունը չկա, դա կօգտագործվի բյուջետային ծրագրերի ֆինանսավորման համար, այսինքն՝ որպես բյուջետային աջակցության վարկ»:

Ջանջուղազյանն ասաց, որ այս համաձայնագիրը կարող է ուժի մեջ մտնել ներպետական ընթացակարգերն անցնելուց հետո.«Ենթադրվում է, որ մենք այն կներկայացնենք Սահմանադրական դատարան եւ վերջում կառաջարկենք ԱԺ-ին վավերացնեն»:

Նիստն առցանց վարող վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ որոշ ցուցանիշներ ներկայացրեց. «Այս պահի դրությամբ բանկերն ու վարկային կազմակերպությունները վերանայել են հակաճգնաժամային նպատակներով մոտ 550 հազար ֆիզիկական անձանց 682 միլիարդ դրամի վարկի գծով պարտավորությունները՝ 45 միլիարդ դրամի չափով: Այսինքն` վարկային արձակուրդներ են ձեւակերպել: 17 400 իրավաբանական անձանց 640 միլիարդ դրամի վարկի գծով 57 միլիարդ դրամի ընթացիկ պարտավորությունների հետ կապված վարկային արձակուրդ են տրամադրել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930