Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն. «Առաջին հիվանդներին պատրաստ ենք անվճար սպասարկել»

Հունիս 04,2020 14:35

Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) տնօրեն, պրոֆեսոր Անի Ապրահամյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց, որ որպես ազգային լաբորատորիա, իրենց մոտ կենտրոնացած է գիտելիք եւ եզակի հնարավորություններ, որոնց շնորհիվ կարող են աջակցություն ցուցաբերել եւ առողջապահական, եւ պաշտպանական ոլորտներում:

Նա շեշտեց, որ հատկապես այսօր պետք է կենտրոնանալ կրթության ու գիտական հիմնարկների վրա, ստեղծել այդ ամենը համակարգելու ու գիտության ձեռքբերումները տնտեսության մեջ ներդնելու ենթակառուցվածքներ: «Մենք պետք է մտածենք, թե Հայաստանն ինչպես միանա համաշխարհային արժեքային ցանցին»,-ասաց տիկին Ապրահամյանը, որն ավելի վաղ Aravot.am-ին տված հարցազրույցում նշել էր, թե ամբողջ երկրով մեկ կարիք կա լայնամասշտաբ վերակազմավորման:

Նա անդրադարձավ նաեւ ֆիզիկոսների եւ ինժեներների համագործակցությամբ ստեղծված ախտահանող սարքերին, շնչառական ռեսպիրատորներին, օզոնատորին, որը դեռեւս 90-ականներին մշակել եւ արտոնագրել էին ֆիզիկայի ինստիտուտի գիտնականները: Տիկին Ապրահամյանը տվեց հատկապես Խանիկյանի անունը, որին հրավիրել են ինստիտուտ, ու նա ներկայացրել է երիտասարդ մասնագետներին, թե ինչպես պետք է գործել: Ասաց նաեւ, որ առողջապահության նախարարության ներկայացուցիչներին են էլ հրավիրել ինստիտուտ, նաեւ շուրջ քսան օզոնային գեներատոր են նվիրել:

Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրենը տեղեկացրեց, որ դիմակներ են ստեղծել՝ տարբեր տեխնոլոգիաների դիմելով, համագործակցում են հայաստանյան այլ գիտական հիմնարկների հետ: Փորձարկել են նաեւ ուլտրամանուշակագույն ախտահանման լամպեր: Տիկին Աբրահամյանի խոսքով, նոր ուղղությունների կարող են զարկ տալ, սակայն դրա համար կարիք ունեն երիտասարդների: Նա կոչ արեց, որ երիտասարդները գիտությամբ զբաղվեն:

Հարցին՝ արդյոք օզոնային գեներատորների արտադրություն սկսելու միտք ունե՞ն, բանախոսը պատասխանեց, որ օզոնատորների հետ կապված արձագանքը շատ անսպասելի էր, շատերը ցանկություն են հայտնել ձեռք բերել հայկական արտադրության օզոնատորներ, թեեւ Չինաստանից ավելի էժան կարելի է ձեռք բերել; Նրա խոսքերով, պահանջարկը կա, բայց ենթակառուցվածքներ չկան, որպեսզի արտադրություն սկսվի, եւ իրենք առայժմ քննարկումների մեջ են:

Շնչառական ռեսպիրատորների ստեղծման մասին էլ խոսվեց: Անի Ապրահամյանն ափսոսանք հայտնեց, որ իրենց անձնակազմում բժիշկներ չունեն: Հայտնեց նաեւ, որ կենտրոնացած են ուլտրամանուշակագույն լամպերի վրա, որի համար դրամաշնորհ են ստացել: Իրենց էկո դիմակներից էլ խոսեց, ասաց, որ դրանք շատ գեղեցիկ են, անվտանգ ու բազմակի օգտագործման համար, նման դիմակներ առկա են միջազգային շուկայում, բայց Հայաստանում դեռ չկան: Որոշել են լայն արտադրություն սկսել, սակայն համապատասխան ներուժ չունեն, որովհետեւ եթե իրենք արտադրեն, մեկ դիմակը տպելը ութ-ինը ժամ կտեւի:

Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրենի ասուլիսում թթվածնի արտադրությանն էլ անդրադարձ եղավ: Նա նշեց, որ թթվածնի արտադրությունը եռապատկվել է, եւ Երեւանում մատակարարումը 100 %-ով իրենք են իրականացնում: Ասաց նաեւ, որ սարքերը վաթսուն տարվա վաղեմություն ունեն, կարող են վթարներ գրանցվել, ինչի մասին ահազանգել են, եւ պետական մակարդակով արձագանք ստացել: Քննարկումը գնացել է երկու ուղղությամբ՝ կամ նորոգել հին սարքերը, ինչի համար կծախսվի հիսուն միլիոն դրամ, կամ երկու հարյուր հիսուն միլիոնով նորը ձեռք բերել:

Ցիկլատրոնի գործարկման մասին խոսելիս՝ Անի Ապրահամյանն ասաց, որ իզոտոպների արտադրությունը միայն առողջապահական հարց չէ, դա կարելի է ծառայեցնել՝ ի նպաստ տարբեր ոլորտների: Հիշեցրեց, որ արդեն պատրաստվում էին հիվանդների ընդունել, սակայն նրանց ընդունումը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով: Ցիկլատրոնի գործարկումը քաղցկեղային հիվանդությունների դիագնոստիկայի առումով լուրջ առաջընթաց կապահովի: Տիկին Ապրահամյանը հավելեց, որ առաջին հիվանդներին պատրաստ են անվճար սպասարկել: Շեշտեց, որ նախատեսված է առողջապահական տուրիզմի գաղափարը զարգացնել, ափսոսանք հայտնեց, որ ցիկլատրոնը չեն աշխատեցրել հինգ տարի առաջ, հատկապես, որ երբ Հայաստանը այս սարքավորումը ձեռք էր բերում, տարածաշրջանային այլ երկրներ չունեին:

Ասուլիսի ավարտին Անի Աբրահամյանը նշեց, որ ողջ աշխարհում առաջատար երկրների տնտեսությունը հիմնված է տեխնոլոգիաների ու գիտության վրա, եւ լինելով ազգային լաբորատորիա, իրենք էլ են փորձում ենք գիտությունը ծառայեցնել տնտեսությանը: Նշեց, որ ցավոք, մեզանում պակասում է օղակը, որ գիտության կողմից առաջարկվող ծրագրերը կվերցնի եւ շուկա մտցնի: Ինստիտուտին տրամադրված բրիտանական խոշոր դրամաշնորհից էլ խոսեց: Նաեւ հայտնեց, որ Ֆիզիկայի ինստիտուտի բյուջեի 50-60%-ն է պետությունը տրամադրում, մնացածը գոյանում է տարբեր միջազգային դրամաշնորհների շնորհիվ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930