Հայաստանում հնարավոր է կորոնավիրուսի համավարակի մեծ բռնկում: Այս մասին կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա ներկայացրեց այսօր արձանագրված հիվանդացության դեպքերը՝ կորոնավիրուսային հիվանդացության 697 նոր դեպք, հիվանդացության ընդհանուր թիվը 11221 է, գրանցվել է 6 մահ, որի գումարային թիվը կազմում է 176, ծանր վիճակում են 391 անձ, ծայրահեղ ծանր՝ 59, թոքերի արհեստական սարքերին են միացված 15-ը:
«Կա մի վտանգավոր միտում՝ նորից ունենում ենք դեպքեր տարբեր արտադրական կոլեկտիվներում: Մեր փորձը ցույց է տալիս, որ հնարավոր է մեծ բռնկում, որովհետեւ մարտի սկզբին արձանագրված օջախներից մեկի պատճառով է, որ վարակը շատ արագ տարածվեց երկրում, կրկին արտադրամասից, եւ փաստացի հիմա հնարավոր է նման սցենար ունենանք, ուստի կարեւոր է արտադրական ձեռնարկություններում կանոնների պահպանումը:
Լարված է մնում ամենօրյա հոսպիտալացման իրավիճակը, օրինակ` այս արձանագրված դեպքերի 15-20%-ը կարիք ունի հոսպիտալացման, մնացածը մնում է տանը, տնային պայմաններում բուժման՝ առողջության առաջնային պահպանման օղակների հսկողության տակ: Մենք ամենօրյա ռեժիմով գրեթե ձեռքով տեղավորում ենք մահճակալային ֆոնդի վրա: Կարեւոր է, որ թվերի էական անկում արձանագրենք, հակառակ պարագայում դժվար կլինի ապահովել բուժօգնությունը»,-ասաց Թորոսյանը:
Կարդացեք նաև
Նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր առցանց: Նա Թորոսյանի ասածներին հավելեց՝ մեր խնդիրն է այնպես անել, որ առողջապահական համակարգը կարողանա սպասարկել բուժօգնության անհրաժեշտություն ունեցող քաղաքացուն. «Հիմա խնդիրը, որ ունենք, առողջապահական համակարգում չէ, այլ դրանից դուրս է: Խոսքը հակահամաճարակային կանոնների մասին է, կանոնները զանգվածաբար չեն պահպանվում, ռիսկի գոտիներից մեկը բանկային համակարգն է»: Փաշինյանն ասաց, որ երեկ ԿԲ նախագահի հետ աշխատելուց հետո երեկոյան խնդիրը կարգավորվեց, բայց այսօր առավոտյան նորից տեղեկություններ են ստացել, որ չեն պահպանվում: Վարչապետն ասաց, որ մեծ հոսքեր են լինում բանկեր, կենսաթոշակառուներն են գնում ու կանոնները չեն պահպանվում հիմնականում բանկի հարակից տարածքներում: Վարչապետը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին հանձնարարեց, որ աշխատեն բանկերի հետ:
Ջավադյանն էլ պատասխանեց՝ երեկ լավ արդյունքներ են գրանցել, բանկերը անհրաժեշտ միջոցառումներն իրականացրել են, բայց այսօր երկու ահազանգ են ստացել՝ մարզից եւ Երեւանից. «Մեկում կասկած կա, որ պրովոկացիոն բաներ կան: Մարզերում խնդիրը թոշակների հետ էր կապված եւ այն մարդիկ, որոնք չէին հասցրել օգտվել սոցիալական ծրագրերից, գնացել էին գումար ստանալու: Վիճակը կառավարելի է»:
Ապա վարչապետը դիմեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին, նշելով՝ «Հայփոստի» մոտ մարդկային կուտակումներ են լինում, սոցիալական հեռավորությունը չի պահպանվում: Արշակյանն էլ արձագանքեց՝ փոստային բոլոր բաժանմունքների առաջ խնդիր է դրվել, որ դրսում գոյացած հերթը վերահսկեն, Հայփոստի մի շարք գրասենյակներում, որտեղ 1000-ից ավելի կենսաթոշակառուների են սպասարկում, խնդիրներ են եղել կուտակումների եւ դրսում հերթերի հետ կապված. «Երեկվա ընթացքում նաեւ գծանշվել են փոստային մեծ բաժանմունքների դիմացի հատվածները։ Այսօր շարունակվում են աշխատանքները, եւ օրվա վերջում արդեն մեծամասամբ կունենանք այդ գծանշումները, որոնք սոցիալական հեռավորության պահպանման տեսանկյունից շատ կարեւոր նշանակություն ունեն»:
Նա նաեւ ասաց, որ այս ամիս եւս թոշակները փոստատարների միջոցով կառաքվեն տներ։ Նախարարը տեղեկացրեց՝ կենսաթոշակառուներն ունեն հնարավորություն ստանալ բանկային քարտեր եւ իրենց քարտային հաշիվների վրա ստանալ կենսաթոշակները, չնայած դա պարտադիր բնույթ չի կրում, բայց հարյուր հազարավոր թոշակառուներից շատ քչերն են օգտագործում այդ միջոցը. «Ես կոչ կանեմ մեր թոշակառուներին բանկային քարտերի միջոցով ստանալ իրենց կենսաթոշակները եւ այդպիսի կուտակումներից խուսափել: Այսդ պահին ԱԺ-ում է օրինագիծը՝ կենսաթոշակների մասին, ըստ որի մյուս տարվա հուլիսից կենսաթոշակների էլեկտրոնային բաշխումը պարտադիր է դառնում»:
Հակոբ Արշակյանն ասաց, որ մի խնդիր են արձանագրել, սա կենսաթոշակառուների ցուցակների այսպես ասած թղթային տաբելների խնդիրն է, որը թույլ չի տալիս զուգահեռացնել բաշխման գործընթացը. «Երեկ նախարար Բաթոյանի հետ խոսել ենք, որպեսզի այդ ցուցակների թվայնացումը արագացվի, որպեսզի զուգահեռ թե փոստային բաժանմունքում, թե փոստատարի կողմից հնարավոր լինի իրականացնել թոշակների բաշխումը՝ այդպիսով նույնպես քչացնենք կուտակումները»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ