Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունը ևս ենթարկվելու է վեթինգի՝ Արթուր Դավթյանի հետ կամ առանց նրա․ Ի պատասխան գլխավոր դատախազի ԱԺ եզրափակիչ ելույթի

Հունիս 04,2020 13:53

Այս շաբաթասկզբին Ազգային ժողովում դատախազության 2019 թվականի հաղորդման քննարկման ժամանակ ես հանդես եկա ելույթով, որում ներկայացրեցի դատախազության գործունեության հետ կապված մի շարք խնդիրներ, որոնք տեղ չէին գտել հաղորդման մեջ։ Ես խոսել էի մասնավորապես Մարտի 1-ի գործով դատապարտվածների արդարացումների դանդաղ տեմպի, Մարտի 1-ի գործով անցնող առանցքային դերակատարների՝ Հայաստանից փախուստի մասին, այդ համատեքստում անդրադարձել էի հատկապես Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի գործին՝ հիշեցնելով, որ Դատախազությունը չի միացել այդ գործով վճռաբեկ բողոքին։ Մարտի 1-ի հետ առնչություն ունեցող գործերի թվում հիշատակել էի նաև Արմեն Թավադյանի գործը։ Իմ ելույթում խոսել էի նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի աղմկահարույց գործի մասին, անդրադարձել էի Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության մայր գործին, իրականում այդ գործի սառեցված ընթացքին, Ռուբեն Հայրապետյանի՝ Հայաստանից փախուստին։ Հիշատակել էի տարբեր քրեական գործերով անցնողների՝ երկրից ճողոպրելու դեպքերը՝ Միքայել Հարությունյան, Միհրան Պողոսյան, Գևորգ Կոստանյան, Արամ Հարությունյան, Միքայել Մինասյան, Գագիկ Բեգլարյան, Գուրգեն Խաչատրյան և այլն։ Ելույթում հիշեցրել էի նաև երջանկահիշատակ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» մահվան հանգամանքների ու այդ հարցում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված անպատասխան մեղադրանքների մասին։

Ընդհանուր առմամբ, այդ հաղորդման վերաբերյալ իմ ելույթը բաղկացած էր տասնյակ կոնկրետ հարցերից, որոնց պատասխաններն ակնկալում էի լսել Գլխավոր դատախազից։ Արթուր Դավթյանն իր ելույթում տպավորություն ստեղծեց, թե պատասխանում է իմ բարձրաձայնած հարցերին, սակայն իրականում նրա կողմից ներկայացվածը պատասխաններից խուսափելու, պատասխանները լղոզելու անհաջող փորձեր էին։

Ազգային ժողովում վերջին օրերին շատ ծանրաբեռնված էի, ուստի հիմա պատասխանում եմ իմ կողմից շատ հարգված գլխավոր դատախազին։ Գլխավոր դատախազի՝ իմ ելույթին նվիրված պատասխաններում կարմիր թելի պես անցնում էր այն միտքը, թե ես իբրև թե ունեմ տեղեկատուներ, որոնք այս կամ այն հարցի վերաբերյալ ինձ լավ չեն տեղեկացրել։ Դժվարանում եմ ասել՝ ինչ նպատակով էր նման միտք արտահայտում Արթուր Դավթյանը, սակայն ես չեմ հրաժարվում, որ, այո, աշխատանքի բերումով ունեմ տեղեկատվության ամենատարբեր աղբյուրներ, որոնց թվում է, ի դեպ, նաև ինքը՝ Գլխավոր դատախազը, դատախազության, ոստիկանության և քննչական մարմինների այլ ներկայացուցիչներ։

Ես իմ՝ ինչպես լրագրողական, այնպես էլ պատգամավորական գործունեությունը կառուցել ու կառուցում եմ տեղեկատվության բազմաթիվ աղբյուրներից ստացված տեղեկությունների հիման վրա, ինչը բարձրացնում է այդ տեղեկությունների արժանահավատությունը։

Իմ՝ տեղեկատուներ ունենալու մասին Արթուր Դավթյանի ներկայացրած, իր կարծիքով, մեղադրանքը միակ բովանդակային թեզն էր, որ նա հնչեցրեց ի պատասխան իմ կողմից բարձրացված հարցերի։ Նրա մյուս բոլոր պատասխաններն իրականում հարցերից խուսափելու անհաջող փորձեր էին։ Նա մասնավորապես որևէ հոդաբաշխ պատասխան չտվեց Մարտի 1-ի գործով քաղաքական նկատառումներով դատապարտված տարբեր ընդդիմադիր քաղաքական գործիչների և նրանց համակիրների վճիռների վերանայման և նրանց արդարացման վերաբերյալ դատախազության աշխատանքի ոչ հետևողականության ու անարդյունավետության մասին։ Հիշեցնենք, որ դեռևս տասնյակ անձինք սպասում են իրենց արդարացումներին, ինչը չի արվում առաջին հերթին դատախազության անգործության պատճառով կամ առնվազն չարդարացված դանդաղկոտության։ Ըստ էության պատասխան չհնչեց նաև Մարտի 1-ի գործի ներկայիս ընթացքի ու մասնավորապես դրա հետ առնչություն ունեցող մի քանի դերակատարների՝ Հայաստանից փախուստի մասին։

Ինչպես նշել էի ԱԺ-ի իմ ելույթում, մենք դատախազության հաղորդման մեջ տեսանք երկարաշունչ տեքստեր միջազգային համագործակցության, հետախուզվողների հայտնաբերման մասին, սակայն այդ կոնկրետ դեպքերով մենք բախվում ենք դառը իրողության՝ նրանց բոլորին հաջողվել է լքել Հայաստանը, և դատախազությունը չի կարողանում նրանց վերադարձնել մեր պետություն։

Իմ ելույթում նշել էի նաև, որ Վահագն Հարությունյանի կալանքի հարցով գլխավոր դատախազությունը ցուցաբերել է անգործություն, մասնավորապես` վճռաբեկ բողոք չներկայացնելով վերաքննիչ դատարանի կայացրած որոշման դեմ, որով վերաքննիչ դատարանը որոշել էր, որ մեղսագրվող հանցագործության վաղեմության ժամկետն անցել է, և մերժել էր Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու՝ ՀՔԾ-ի միջնորդությունը։ Հատուկ քննչական ծառայությունը հիմնավորել էր, որ դա շարունակական հանցագործություն է, քանի որ դրա հետևանքները շարունակվում են մինչև օրս։ Ի պատասխան՝ Արթուր Դավթյանը նշել է, որ Վահագն Հարությունյանի գործով 2 անգամ վճռաբեկ բողոք է բերել Դատախազությունը՝ այդպես էլ չխոսելով այն մասին, թե ինչու է ի վերջո գործը հասել այդ հանգրվանին։

Ազգային ժողովի իմ ելույթում ես անդրադարձել էի նաև Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած և գործը ՍԴ ուղարկած Դավիթ Գրիգորյանի գործին՝ հատուկ ընդգծելով, որ խոսքս վերաբերում է ոչ թե դատական նիստի արձանագրությունների կեղծման հանգամանքին, այլ այն գործին, որը հարուցվել էր Դավիթ Գրիգորյանի՝ Ռ. Քոչարյանի գործով կայացված որոշումները տարբեր անձանց օգնությամբ կամ նրանց կողմից գրված լինելու առնչությամբ։ Այդ քրեական գործով մինչև օրս որևէ առաջընթաց չկա, և կարծես թե կրկին դրսևորվում է հանցավոր անգործություն։ Այս հարցին ևս որևէ հոդաբաշխ պատասխան չհնչեց։ Նույնը վերաբերում է նաև Արմեն Թավադյանի դեմ հարուցված քրեական գործին, նրա կալանավորմանը, դատախազության կողմից Ալեքսանդր Ազարյանին՝ ՀՔԾ քննիչի հայտնած ինքնաբացարկի միջնորդությանը չմիանալու հանգամանքին։

Արթուր Դավթյանը իր ելույթում խուսափեց նաև Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ կոնկրետ պատասխաններից։ «Հարսնաքարի» գործից անջատված մասը՝ Վահե Ավետյանի և նրա ընկերների մասով, հիշեցնեմ՝ ուղարկվել էր դատարան, սակայն մայր գործով նախաքննությունը շարունակվում էր, բայց այդ ուղղությամբ որևէ արդյունք չկա։ Իր ելույթում Գլխավոր դատախազը նույնիսկ ամբաստանյալների թիվը սխալ նշեց, որոնք վեցն էին, ոչ թե յոթը, ինչպես ներկայացրեց Դավթյանը: Ավելին՝ նա աղավաղեց նաև հանցագործության որակման մասը. հիշեցնեմ, որ հաշվի առնելով Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների առնչությունը՝ գործը հարուցվեց Քրեական օրենսգրքի ամենամեղմ հնարավոր հոդվածներով, և Արթուր Դավթյանի անձնական հսկողությամբ ամեն ինչ արվեց, որ Ռուբեն Հայրապետյանի առնչությունն այդ հանցագործությանը որևէ կերպ չբացահայտվի: Այն դեպքում, երբ դատապարտված վեց անձանցից հինգն այդ օրը նրան ուղեկցել էին ողջ օրվա ընթացքում:

Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» գործի մասին Արթուր Դավթյանը ընդհանրապես ոչինչ չասաց՝ հայտարարելով, որ նախկինում անդրադարձել է այդ հարցին։ Այն դեպքում, երբ այդ հարցում անձամբ Արթուր Դավթյանի առնչակցության մասին մեղադրանքներ են հնչեցրել նաև նրա նախկին գործընկերները՝ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը և նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։

Ազգային ժողովում ունեցած ելույթում ես խոսել էի նաև դատախազական համակարգում նախկինից մնացած արատավոր երևույթների, ոչ բարեխիղճ դատավորների, անցյալի հանցավոր կապերի մասին՝ հայտարարելով, որ Արթուր Դավթյանը բացառիկ հնարավորություն ունի վերացնելու դրանք, մաքրելու դատախազությունը։ Ես հիմա էլ այն կարծիքին եմ, որ Արթուր Դավթյանը նման հնարավորություն ունի, և այդ հարցում ինքս պատրաստ եմ աջակցել նրան։ Արթուր Դավթյանի պատասխանները, իսկ ավելի ճիշտ՝ հարցերի պատասխաններից խուսափելու մարտավարությունը, սակայն, ցույց են տալիս, որ նա գոնե այս պահին պատրաստ չէ համագործակցության։ Ես կրկին հայտարարում եմ՝ բաց եմ և պատրաստ։ Բայց, ինչպես հայտարարել եմ իմ ելույթում, դատախազությունը ևս ենթարկվելու է վեթինգի՝ զտման՝ Արթուր Դավթյանի հետ կամ առանց նրա։

Արման ԲԱԲԱՋԱՆՅԱՆ,
ԱԺ պատգամավոր,
Հանուն Հանրապետության նախաձեռնության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930