Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չի կարող լինել իրավիճակ, երբ ԱԺ նիստերի դահլիճը հիվանդներին տրամադրվի». Միրզոյանը խուճապի չմատնվելու կոչ է անում

Հունիս 04,2020 13:40

«Այս պահին առավել քան երբեւէ մեզ պետք է հանգստություն եւ սթափ դատողություն, հանգիստ, կառավարելի քայլեր: Նման իրավիճակներում խուճապը գործին որևէ օգուտ չի կարող տալ»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ նկատի ունենալով կորոնավիրուսով վարակման դեպքերի աճը: Նա կոչ արեց հանգստություն պահպանել. «Որքան վնասակար է անլրջությունը, գուցե եռակի անգամ ավելի վնասակար է գույների անհարկի խտացումը, ավելի ծանր գնահատումը»:

 

Միրզոյանն անկուսակցական պատգամավոր Արման Բաբաջանյանի այսօրվա ելույթը (որում նա համոզմունք հայտնեց, որ կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդներին արդեն տուն են ուղարկում, եւ եթե կարիք լինի, ԱԺ նիստերի դահլիճն էլ պետք է տրամադրել հիվանդներին) գեղեցիկ, բայց անտեղի որակեց. «Չկա իրավիճակ, երբ ԱԺ նիստերի դահլիճը կարող է տրամադրվել հիվանդներին: Մի արեք նման բաներ»:

 

Նշենք, որ Բաբաջանյանի ասածին այսօր արձագանքել էր նաեւ «Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ վստահեցնելով. «Չկա նման բան, որ ծանր հիվանդին տուն ուղարկեն: Բոլոր ծանր հիվանդները բժիշկների հսկողության ներքո են: Խնդրում եմ չանել նման խուճապային հայտարարություններ»:

Արարատ Միրզոյանը նաեւ շեշտեց. «Այս իրավիճակում ամենամեծ պատասխանատվությունը մեր՝ իշխանության վրա է, բայց անգամ մեկ բառի շեշտադրումը փոխում է պատկերը: Ամեն շեշտադրման վրա մտածեք»:

Ինչպես հայտնել էինք, իշխող ուժի՝ «Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած օրինագիծը, որը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակում մեկուսացվածների համար նպաստ է սահմանում, ԱԺ արտահերթ նիստում այսօր երկրորդ ընթերցումից վերադարձվում է առաջարկների փուլ, քանի որ կառավարությունը ֆինանսական անորոշություն է տեսնում, ընդդիմությունն էլ իշխող ուժին մեղադրում է կառավարության հետ համաձայնություն չունենալու եւ գործադիրին չհամոզելու համար:

Օրինագծի առնչությամբ Արարատ Միրզոյանը վստահեցրեց՝ արտառոց ոչինչ չկա. «Սա առաջին դեպքը չի, երբ պետք է դադար վերցնել եւ նորից քննարկել: Այս դեպքում գաղափարը քննարկել ենք, հանձնել թղթին, բայց գերատեսչությունը ֆինանսական հարցեր է առաջադրել, հետեւաբար, մի հատ էլ պետք է հաշվել»:

Հավելենք, որ օրինագծի երկրորդ ընթերցմանը «կողմ» քվեարկեց 27, իսկ «դեմ»՝ 82 պատգամավոր, Նարեկ Զեյնալյանն էլ այն տեղափոխեց առաջարկների փուլ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930