Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իշխող ուժն ընդդիմությանը «պոպուլիստ» անվանեց, Մարուքյանն էլ պնդեց. «Տանելու եք, թաղեք օրինագիծը»

Հունիս 04,2020 13:14

Ինչպես հայտնել էինք, իշխող ուժի՝ «Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած օրինագիծը, որը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակում մեկուսացվածների համար նպաստ է սահմանում, ԱԺ արտահերթ նիստում այսօր երկրորդ ընթերցումից վերադարձվում է առաջարկների փուլ, քանի որ կառավարությունը ֆինանսական անորոշություն է տեսնում, ընդդիմությունն էլ իշխող ուժին մեղադրում է կառավարության հետ համաձայնություն չունենալու եւ գործադիրին չհամոզելու համար, իսկ Զեյնալյանի օրինագիծը՝ գովաբանում:

«Իմ քայլի» պատգամավորներն էլ, թեեւ երեկ զարմացած էին գործադիրի կարծիքից, այսօր ելույթներում փաստեցին, որ իսկապես շտկելու տեղ կա, ընդդիմության հասցեին էլ մեղադրանքներ ասացին.

Գայանե Աբրահամյան.-Տիկին Զոհրաբյան, ասում եք, որ այս երկու ամսում քաղաքացիներն այս օրինագծով վերջապես դրական ազդակ ստացան: Երկու ամիս է՝ ստանում են, միլիարդներ են տրվել աջակցության ծրագրերով: Իսկ այս օրինագիծը պետք է կատարելագործվի:

Սոնա Ղազարյան-.Տիկին Նաիրա Զոհրաբյան, պարոն Էդմոն Մարուքյան, ասում եք, որ այս օրինագիծը շատ լավն է: Այո, բայց հստակություններ են պետք: Իրավական տեխնիկայի առումով օրինագիծը սխալ է ձեւակերպված: Մասնավորապես, կառավարության ներկայացուցչի հետ քննարկումների արդյունքում արձանագրեցինք՝ օրինագծում ձեւակերպված չի, թե մեկ մեկուսացած անձը քանի անգամ է պետությունից այդ նպաստը ստանալու:

Գեւորգ Պապոյան.-Հասկանալի է, որ կորոնավիրուսը պոպուլիզմով զբաղվելու լավ առիթ է, բայց մենք չպետք է կորցնենք ռացիոնալ վարքագիծը, որով պոպուլիզմով զբաղվողներին պետք է վերադարձնենք իրական դաշտ: Ունենք մի գործընկեր (նկատի ունի Էդմոն Մարուքյանին.-խմբ.) որն առաջարկում էր 300 միլիարդ դրամ բաժանել ժողովրդին, իսկ այսօր ասում է, թե նման բան չի ասել: Եթե չգիտենք, թե վաղն ինչ իրավիճակ է լինելու, համբերել է պետք, որ հասկանանք ում որքան օգնություն տանք: Այո, պոպուլիստների համար լավ ժամանակ է, բայց համավարակն անցնելու է, եւ բոլորը կտեսնեն, թե ով ինչով էր զբաղված»:

Սոս Ավետիսյան.-Այո, շատ լավ նախագիծ է բերել պարոն Զեյնալյանը, բայց այդ հաշվարկը դժվար է անել, որովհետեւ չգիտենք, թե դեռ քանի հոգի է մեկուսացվելու:

Լիլիթ Մակունց.-Ընդդիմադիրների վարքագծով փաստում եմ, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը կանխատեսելի չէ եւ պահանջում է իրավիճակային մոտեցում: Այն փուլում, երբ այս օրինագիծը մշակվել է, իրավիճակը փոքր-ինչ այլ է եղել, իսկ հիմա այլ է՝ վարակակիրների թվեր են փոխվում: Հետեւաբար, պետք է համաձայնության գալ, ինչի համար երկար եւ հանգամանալից քննարկում է պետք: Ես հավատում եմ ընդդիմադիրների անկեղծ մղումներին, բայց բոլորս համատեղ պետք է ջանքեր գործադրենք՝ իրավիճակի հաղթահարման համար:

Հրաչյա Հակոբյան.-Երբ 2016թ.-ին «քաղաքացիական պայմանադիր» կուսակցությունն ընդդիմադիր էր եւ ավելի սկզբունքային ընդդիմադիր, քան այսօրվա որոշ ընդդիմադիրներն են, չէինք պահանջում պաշտպանության նախարարի հրաժարականը: Փոխարենը, ՔՊ-ն մեկ ամիս Մարտակերտում խրամատ փորեց: Իսկ այսօրվա ընդդիմադիրները, մեր հետ խրամատ փորելու փոխարեն, պահանջում են Արսեն Թորոսյանի կամ այլ պաշտոնյայի հրաժարականը: Ինձ համար անընդունելի է սա: Քաղաքացիներն էլ կոչ եմ անում դիմակ կրել: Ես շփվել եմ վարակակրի հետ եւ չեմ վարակվել, որովհետեւ դիմակով եմ եղել»:

Իշխանական պատգամավորների ելույթներին արձագանքեց «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը. «Գայթակղությունը մեծ է անդրադառնալու իրականությանը չհամապատասխանող ելույթներին եւ ընդդիմության հասցեին ուղղված մեղադրանքներին, բայց չեմ տրվի գայթակղությանը, դրա ժամանակը չի: Ինքներդ եք տեսնում, որ այսօրվա իրավիճակը թողած՝ իշխանությունն ընդդիմության մասին է խոսում: Ժողովուրդ, այդքան ի՞նչ կա ընդդիմության մասին խոսելու: Գործ է պետք անել, իսկ ԲՀԿ-ն ու մենք առաջին օրից առաջարկներ ենք ներկայացրել, եւ որեւէ մեկը չի ընդունվել: Հիմա հակաճգնաժամային պայքարը ձեր ուզածով է արվել, ի՞նչ եք հիմա ուզում ընդդիմությունից: Ով եկավ՝ ընդդիմությունից խոսեց, ի՞նչ կա ընդդիմության հետ…ինչ վերաբերում է իշխանության այս օրինագծին, ընդդիմությունը կողմ է դրան, մենք «կողմ» ենք քվեարկելու: Մեկ էլ պարզվում է, որ չեն ուզում այսօր ընդունել: Մենք էլ ասում ենք, որ պետք է այսօր այն ընդունել: Վատ նախադեպ կա, որ տանելու եք թաղեք օրինագիծը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930