«Պարոն Զեյնալյան, դուք պարկեշտ մարդ եք: Համենայն դեպս, ինձ վրա պարկեշտ մարդու տպավորություն եք գործել: Ես զգում եմ, թե դուք ինչ վատ եք զգում հիմա՝ փորձելով հիմնավորել անհիմնավորելին»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր «Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանին այսպես դիմեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք՝ իշխող ուժի պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած օրինագիծը, որը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակում մեկուսացվածների համար նպաստ է սահմանում, այսօր երկրորդ ընթերցումից վերադարձվում է առաջարկների փուլ, քանի որ կառավարությունը ֆինանսական անորոշություն է տեսնում:
Զոհրաբյանը դիմեց Զեյնալյանին. «Դուք բերել եք օրինագիծ, որն իսկապես լավն է եւ սոցիալական լարվածությունը կնվազեցնի, որովհետեւ մարդիկ իրենց կամքով չեն մեկուսացվել: Սա «պատերազմ» է: Վերջապես մեկուսացածները դրական ազդակ ստացան, որ պետությունը հոգ է տանում իրենց մասին: Կառավարությունը քանիցս ասում է, որ փողի խնդիր չունեն: Հետեւաբար, ինչո՞ւ կառավարության հետ այս հարցը չեք քննարկել մինչեւ այստեղ գալը: Սա, կներեք, «ջրելու» տարբերակ է, որովհետեւ այնպիսի բարձիթողի վիճակ է, որ չգիտենք, թե վաղը մեկուսացածների ինչ թիվ կունենանք: Այստեղ ճիշտ է կառավարությունը, բայց պետությունը պարտավոր է այդ մարդկանց մասին հոգ տանել: ԲՀԿ-ն «կողմ» է քվեարկելու»:
Կարդացեք նաև
ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ նկատեց, որ այս օրինագծի շուրջ անհամաձայնությունը կառավարության եւ խորհրդարանական մեծամասնության չստացված աշխատանքի վառ օրինակ է. «Այս ամբիոնից անընդհատ ասում եք, որ կորոնավիրուսը «պատերազմ» է: Բա այդ պատերազմից տուժածներին սոցիալական աջակցություն չտա՞նք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ