Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներկայացվել է մի նախագիծ, որտեղ անգամ ձևակերպումները իրավաբանական չեն». «Եթերը վարակազերծելու» օրինագծի լրամշակված տարբերակը կքննարկվի ԱԺ հանձնաժողովի առաջիկա նիստում. «Ժամանակ»

Հունիս 04,2020 12:56

ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանի, Մխիթար Հայրապետյանի ու Վահագն Թևոսյանի հեղինակած «եթերը վարակազերծելու» վերաբերյալ օրենքի նախագիծը շուտով կքննարկվի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում։ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագծում ներառվել են կառավարության, հեռուստառադիոընկերությունների և հասարակական կազմակերպությունների ընդունելի առաջարկները, և հենց այդ՝ լրամշակված տարբերակը կքննարկվի հանձնաժողովի առաջիկա նիստում, որը նախատեսված է մոտ օրերս։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը շարունակում է համարել, որ նախագիծը բավականաչափ պրոֆեսիոնալ չէ և չի լուծում այն բոլոր խնդիրները, որոնց մասին իրենք բարձրաձայնում են տարիներ շարունակ։ Ինքը հանձնաժողովին է ներկայացրել 30-ից ավելի առաջարկներ, բայց եթե անգամ այդ 30 առաջարկներն էլ ներառվեն նախագծում, օրինագիծը չի փրկվի դրանից ու արդիական չի դառնա։ «Մենք գործ ունենք արդեն իսկ հնացած մոտեցումների հետ։ Մենք միշտ բարձրաձայնել ենք, որ թվայնացման դարաշրջանում լիզենզավորման մրցույթներից պետք է հրաժարվել և անցնել պարզեցված մրցութային կարգին, քանի որ տեսել ենք, թե ինչ խայտառակ մրցույթներ են նախկինում կայացվել բարդ ընթացակարգով, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, հովանավորչությամբ»,- ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ ինքը տեղեկացված չէ, թե ներկայացված 30-ից ավելի առաջարկություններից քանիսն են ընդունվել, կամ ընդունվել են առհասարակ, թե ոչ։ Մելիքյանը նաև ասաց, որ առ այսօր չի ստացել նախագծի լրամշակված տարբերակ և չգիտի, թե ինչ փոփոխություններ են կատարվել․

«Ամենակարևոր խնդիրը, որը մենք բարձրաձայնում ենք, դա այն է, որ Հայաստանում այդպես էլ չստեղծվեց մասնավոր մուլտիպլեքս, որը շատ կարևոր է։ Իսկ այդ հնարավորությունը պետք է օրենսդրորեն ստեղծվի»։ Մելիքյանի խոսքերով՝ օրենսդրական պայմաններն այնքան բարենպաստ պետք է լինեն, այնքան հրապուրիչ, որ մասնավոր մուլտիպլեքսը ստեղծվի, իսկ գործող «խայտառակ օրենքում», ինչպես նաև ներկայացված նախագծում այդ լուծումները, պայմանները չեն առաջարկվում։ «Երբ օրենքը փոխվում է, նշանակում է, որ գործող օրենքը չի կարգավորում բազմաթիվ օրենքներ, թույլ է։ 10 տարի շարունակ մենք ասում էինք, որ օրենքը վատ է, բայց այն իշխանությունները չէին փոխում, որովհետև այդ օրենքը լավագույնս ծառայում էր նրանց քաղաքական նպատակներին։ Հեղափոխությունից հետո առաջին օրվանից մենք ասում ենք, որ հեղափոխությունը պետք է հասնի հեռարձակման ոլորտ, փոխվի օրենքը, ոլորտը արմատական փոփոխությունների կարիք ունի, բայց հիմա տեսնում ենք, որ իշխանությունները չգնացին այդ ճանապարհով։ Ներկայացվել է մի նախագիծ, որտեղ անգամ ձևակերպումները իրավաբանական չեն։ Ես համարում եմ, որ այս նախագիծը շատ թույլ է, այն դեռ չընդունված՝ արդեն իսկ հնացված է և ընդունելի չէ, անգամ խոցելի է մոտեցումը՝ ընդունել օրենքը, հետո նոր այլ փոփոխություններ կատարել»,- ընդգծեց Մելիքյանը։

Նշենք, որ պատգամավորների շտապողականությունը այս նախագծի ընդունման հարցում մեծապես պայմանավորված է նրանով, որ հուլիսի 15-ից ավարտվում են հեռուստաընկերությունների լիցենզիաների ժամկետները, և ավարտից հետո պետք է նոր մրցույթ հայտարարվի։ Իսկ եթե նոր օրենքը չընդունվի, ապա մրցույթը պետք է հայտարարվի գործող օրենքով, որն արդեն նշեցինք, որ խոցելի է և Մելիքյանի բնութագրմամբ՝ խայտառակ։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930