Վերահսկողությունից դուրս եկած կորոնավիրուսային ճգնաժամի մասին խոսելով՝ ՖԲ իր էջում ուղիղ հեռարձակման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այսօր երկրում կա իմ նման շուրջ 20 հազար մարդ, որոնք չգիտեն, որ իրենք հիվանդ են ու իրենց շրջապատի մարդիկ էլ չգիտեն: Եվ այդ 20 հազար մարդիկ են դառնում վարակի հիմնական տարածողները: Որտե՞ղ են էդ մարդիկ: Էդ մարդիկ հասարակական տրանսպորտի մեջ են, աշխատանքի վայրում են, սրճարանում են, փողոցում են քայլում: Եվ որպեսզի վարակի այսպիսի տարածումը տեղի չունենա, շատ կարեւոր է, որ մենք բոլորս՝ բոլորիս, առանց բացառության, վերաբերվենք որպես վարակակիր: Եվ բոլորս՝ բոլորիս հետ բոլոր տեղերում շփումների ընթացքում կիրառենք կանխարգելիչ միջոցներ: Դա հակահամաճարակային կանոնների պահպանումն է:
Այսօրվանից տնից դուրս ամենուր դիմակ կրելը պարտադիր է: Եվ մենք պետք է իրար հետեւենք, իրար պարտադրենք, իրարից պահանջենք, որ հակահամաճարակային կանոնները լիարժեք պահպանվեն: Ես նախորդ օրը եւ երեկ համոզվեցի, որ այս ընթացքում մեր կիրառած ամենաարդյունավետ գործիքը հանրային վերահսկողության գործիքն է: Եվ ես երեկ հայտարարեցի, որ մենք ձեւավորում ենք հակահամաճարակային հանրային վերահսկողության թիմ:
Ես հիմա ուրիշ խնդիր եմ դնում: Հայաստանում պետք է սկսվի հակահամաճարակային շարժում եւ մեզանից յուրաքանչյուրը իրենից կախվածը պետք է անի համաճարակի տարածումը կանխելու համար՝
ա) ինքը ճշգրտորեն պահի հակահամաճարակային կանոնները,
Կարդացեք նաև
բ) ուրիշներից պահանջի հակահամաճարակային կանոնների պահպանում,
գ) հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերը հրապարակի սոցիալական ցանցի իր էջում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը երեկ վարչապետը հրապարակել էր իր էջում՝ մակագրելով. «Հայրիկներ ջան, ի՞նչ եք անում»: