Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Հայաստանում գրանցված որեւէ օդանավի թույլ չեն տալու դեպի Եվրոպա չվերթներ կատարել, ապա ինչպես կարող ենք այս դեպքում ազգային փոխադրող ունենալու մասին երազել». «Հայկական ժամանակ»

Հունիս 04,2020 12:03

Հունիսի 2-ին Եվրահանձնաժողովը թարմացրել էր Եվրոպական միության օդային անվտանգության ցանկը՝ EU Air Safety List-ը եւ հայտնել ԵՄ ավիացիոն «սեւ ցուցակի» մասին, որում առաջին անգամ ընդգրկվել է նաեւ Հայաստանը՝ իր բոլոր ավիափոխադրողներով:

«Սեւ ցուցակում» են ՀՀ-ում գրանցված եւ այս պահին օդանավ շահագործողի վկայական ունեցող 7 ավիաընկերությունները՝ «Ավիակոմպանիա Արմենիա», «Արմենիա Էյրվեյզ», «Արմենիան Հելիքոփթերս», «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ», «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ», «Մարս Ավիա», «Սքայբոլ»:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից (ՔԱԿ) ՀԺ-ին հայտնեցին, որ «սեւ ցուցակում» հայտնված ավիաընկերություններից իրականում միայն մեկն է, որ կանոնավոր թռիչքներ է իրականացրել դեպի Եվրոպա: Խոսքը՝ «Ավիակոմպանիա Արմենիա»-ի մասին է:

Ավիացիայի հարցերով փորձագետ Նավիկ Խաչատրյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ երեկվա նորությունը համարում է սեւ թուղթ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի եւ ամբողջ ավիացիայի համար: «Հայաստանն ավիացիայում իր պատկան մարմիններով հնարավորություն չունի պատշաճ ձեւով վերահսկելու թռիչքային անվտանգությունը»,-ասաց նա:

Ավիացիայի հարցերով փորձագետն անդրադարձավ նաեւ այս հարցի վերաբերյալ մոտ երկու շաբաթ առաջ Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումներին ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հնչեցրած կարծիքին: «Եթե հիշում եք մի քանի շաբաթ առաջ Տիգրան Ավինյանը Գեւորգ Գորգիսյանի հարցին այսպիսի պատասխան տվեց՝ ոչինչ, եթե ընկնենք «սեւ ցուցակ», քանի որ ընդամենը մի չվերթ ենք իրականացնում դեպի եվրոպական երկրներ: Մենք կանգնած ենք ոչ այն խնդրի առաջ, որ մեր երկրում գրանցված շահագործողներն այլեւս չեն կարող թռնել Եվրոպա, այլեւ մեկ այլ, ավելի խնդրահարույց հարց կա, որը Ավինյանը կա՛մ չգիտի, կա՛մ գիտի՝ ծածուկ է պահում»,-ասաց Խաչատրյանը:

Ըստ փորձագետի՝ մեր ամենամեծ խնդիրն այս պարագայում այն է, որ այդ «սեւ թուղթն» անմիջապես հասնում է ավիացիոն մեծ խաղացողներին եւ նրանց աչքին Հայաստանը հայտնվում է այն երկրների ցանկում, որոնք ունակ չեն վերստուգել, վերահսկել իրենց թռիչքային անվտանգության ոլորտը. «Հետեւաբար Հայաստանն այն երկիրն է, որը Կոնգոյի, Ղրղըզստանի, Լիբիայի կամ աֆրիկյան այլ երկրների շարքերում է: Այս ինֆորմացիան արդեն գնացել է ավիացիոն խոշոր խաղացողներին: Իսկ այսպես կոչված վարձատուները տեսնելով դա կխուսափեն վարձակալությամբ Հայաստանին որպես գույք օդանավ տրամադրելուց»:

Խաչատրյանը նաեւ մտահոգություն հայտնեց, որ մեկ ուրիշ խնդիր էլ կարող է առաջանալ օդանավների վաճառքի դեպքում. «Եթե որեւէ մեկն օդանավ ունի ու տեսնում է, որ Հայաստանը չի անցել աուդիտը, իսկ վաճառքի դեպքում քանի որ գործում է երկու տարի ժամկետով ապահովագրություն, ապա նա կխուսափի Հայաստանի հետ առք ու վաճառքի պայմանագիր կնքելուց: Եթե օդանավն առար ու շահագործեցիր եւ ենթադրենք աղետ տեղի ունեցավ, օդանավդ ընկավ ինչ-որ երրորդ երկրի քիմիական գործարանի վրա ու տվյալ երկրին պատճառեց 500 միլիոն դոլարի վնաս, ճիշտ է՝ գումարը տալու ես դու՝ վարձակալդ (տվյալ դեպքում Հայաստանը), բայց դա էլ հավելյալ ռիսկ է, որից հաստատ վարձատուները կխուսափեն»:

Խաչատրյանը նաեւ նկատեց, եթե Հայաստանում գրանցված որեւէ օդանավի թույլ չեն տալու դեպի Եվրոպա չվերթներ կատարել, ապա ինչպես կարող ենք այս դեպքում ազգային փոխադրող ունենալու մասին երազել:

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930