Խորհրդարանն այսօր շարունակում է արտահերթ նիստը՝ օրակարգում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված օրինագծի երկրորդ ընթերցմամբ: «Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած՝ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններով՝ այս ընթացքում մեկուսացված եւ ինքնամեկուսացած անձինք աշխատավարձի 80%-ի չափով (որոշ մասը վճարելու է գործատուն, մնացածը՝պետությունը) «մեկուսացման նպաստ» կստանան: Նպաստից չեն օգտվի նրանք, ովքեր մեկուսացման պայմաններում հեռավար կարգով աշխատել են, հարկադիր պարապուրդում են գտնվել, կամ խախտել են մեկուսացման պայմանները:
Երեկ, սակայն, պարզվեց, որ կառավարությունը հետագա անորոշ իրավիճակի պատճառաբանությամբ դեմ է այս օրինագծին, ինչը հարուցել էր իշխանական մեծամասնության զարմանքը: Այսօր արդեն օրինագծի հեղինակ, «Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանը տեղեկացրեց՝ երեկվանից կառավարության հետ հավելյալ քննարկումներ են արել, եւ գործադիրը գաղափարին դեմ չէ, բայց լրացուցիչ հաշվարկներ անելու համար հավելյալ ժամանակ է պետք. «Թեեւ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրինագծին, կոչ եմ անում դեմ քվեարկել եւ օրինագիծը տեղափոխել առաջարկների փուլ»:
«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատեց՝ վերջապես իշխանական խմբակցությունը լավ նախագիծ է բերել. «Բայց ոնց հասկանում եմ՝ կառավարությունը համաձայն չի եղել, կամ կեսից չի համաձայնել: Պատճառը ո՞րն է: Որքան հասկանում եմ՝ խորհրդարանական մեծամասնությունը չի կարողացել համոզել կառավարությանը, որ սա կարեւոր օրինագիծ է եւ հիմա պետք է ընդունվի, հետո անիմաստ է»: Ապա Մարուքյանը հիշեցրեց՝ իրենք վերջերս առաջարկում էին գանձապետական հաշվից 100 000 դրամ հատկացնել քաղաքացիներին, մինչդեռ իշխող խմբակցությունն ու կառավարությունը դեմ էին:
Կարդացեք նաև
Նարեկ Զեյնալյանն արձագանքեց, որ առանց թիրախավորելու յուրաքանչյուրին 100 հազար դրամ տալը տրամաբանական չէ, իսկ այս օրինագիծը եւ կառավարության աջակցության ծրագրերը թիրախային են. «Ձեր առաջարկը եւ այս օրինագծի առաջարկի տրամաբանությունն իրար հակառակ են: Գործադիրին համոզելու խնդիր չկա, գաղափարն ընդունելի է եղել, բայց կանխատեսելիություն ապահովելու մեջ է հարցը, թե ապագայում որքան մեկուսացվածներ կունենանք»:
Կառավարության կարծիքը ներկայացնող՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանն էլ հաստատեց՝ օրինագիծը ֆինանսական անորոշություն ունի:
Մարուքյանն էլ ուղղեց Զեյնալյանին՝ ոչ թե բոլորին են առաջարկել 100 000 դրամ տալ, այլ կորոնավիրուսից տուժածներին. «Իսկ այս օրինագիծը, ինչպես հասկանում եմ, չի ընդունվելու: Տվյալներ ունենք, որ մայիսից հունիս 70 000 մարդ պաշտոնապես գործազուրկ է դարձել»: Նարեկ Զեյնալյանն էլ վստահեցրեց, որ օրինագիծը շրջանառությունից դուրս չի գալու, այլ միայն վերադարձվում է առաջարկների փուլ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ