Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արծրուն Պեպանյան. «Եթե ժողովուրդը մեղավոր է, և դու չես կարողանում կառավարել, գնա տուն՝ գուցե մեկ ուրիշը գա՞». «Փաստ»

Հունիս 04,2020 11:44

Այն, ինչ կատարվում է Հայաստանում, անխուսափելի էր: Այս կարծիքին է քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը, որի համոզմամբ, եթե անգամ համաճարակով պայմանավորված խնդիրներ չունենայինք, ի վերջո, նման իրողության առաջ էինք կանգնելու: «Բոլոր դեպքերում, այսօրվա իրավիճակի պատասխանատուն իշխանությունն է: Եթե իշխանության եկած ուժը ամբողջական պատկերացում չի ունենում ժողովրդի դրական ու բացասական կողմերի մասին, ինչպե՞ս կարող է արդյունավետ կառավարել, ճնշել նույն ժողովրդի բացասական հատկանիշներն ու զարգացնել դրականը: Մեր իշխանություններից և որևէ մեկն այս պատկերացումը չի ունեցել:

Եվ, գալով իշխանության, քաղաքական ուժն աստիճանաբար սկսում է հասկանալ, որ իր ծրագրերը չեն ստացվում, որովհետև դրանք ուտոպիական են եղել՝ չեն բխել ժողովրդի վիճակից և իրականությունից: Իշխանության գալով՝ ժողովրդին հույսեր են տվել, որոնք, սակայն, չի հաջողվում իրականացնել, ինչի հետևանքով ժողովուրդն արդեն սկսում է դժգոհել: Իշխանությունն էլ մտածում է՝ ինչպե՞ս պատասխանատվությունից խուսափել:

Եվ միակ տարբերակն այդ պատասխանատվությունն իրենց ուսերից ժողովրդի վրա գցելն է: «Դուք թափթփված եք», «արտակարգ դրության ռեժիմը չեք պահպանում», «դուք ֆեոդալական մտածողություն ունեք», «եթե տեղից չեք շարժվում՝ մենք ի՞նչ անենք»: Խնդիրն այն է, որ մինչ իշխանության գալը քաղաքական ուժը պարտավոր է իմանալ բոլոր խնդիրներն ու հնարավոր լուծումները, որոնք կապված են ժողովրդի հետ:

Նման գիտակցում, ցավոք, չի եղել: Հիմա առավել ևս չկա. որևէ լուրջ, խորագետ քաղաքական գործիչ չեմ տեսնում իշխանության մեջ:

Եթե անգամ համաճարակով պայմանավորված խնդիրները չլինեին, ներկայիս իշխանությունն այս իրավիճակին էր հասնելու. միևնույն է, չէին կարողանալու գոնե նախորդների պես կառավարել երկիրը:

Ի վերջո, քաոս էր լինելու, և մեղքը գցելու էին ժողովրդի վրա: Այո, իսկապես ժողովուրդը շատ խնդիրներ ունի այդ առումով, բայց եթե եկել ես իշխանության՝ պարտավոր ես լուծել դրանք:

Իսկ եթե այդ խնդիրների վերաբերյալ պատկերացում չի եղել, այդ դեպքում պետք է պատասխան տալ թե՛ պատմության, թե՛ նույն ժողովրդի առաջ, որ, մասնավորապես, անկարող լինելով խնդիրները գիտակցել, եկել ես իշխանության»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Պեպանյանը:

Ըստ վերլուծաբանի՝ իրավիճակի համար նոր մեղավորներ փնտրելու միտումն իր պատճառներն ունի: «Այս ճանապարհը փակուղի է տանելու, որովհետև խորքային երևույթներ կան, որոնք մեր երկրի կյանքը քաոսային են դարձնում:

Այդ երևույթներն ամենևին նոր չեն, բայց դրանց մասին պատկերացում չունենալով՝ ներկայիս իշխանավորները խնդիրների առաջ են կանգնում և սկսում են մեղավորներ փնտրել: Սա ցույց է տալիս, որ ի զորու չեն երկրի խնդիրները լուծել, բայց մեղավորներ փնտրելն ամենևին արդարացում չէ:

Ենթադրենք, ժողովուրդը մեղավոր է, թափթփված է, բայց ո՞վ պետք է կարգավորի, ո՞վ պետք է այդ երևույթները վերացնի: Իհարկե, իշխանությունները, որոնք նախապես պետք է նաև նման խնդիրների լուծման փաթեթ ունենային, որը չունեն: Ավելին, անգամ խորհուրդներ լսելու ի վիճակի չեն: Զգուշացնում ես՝ ասում՝ երիտասարդ, եթե այսպես գնաս, փոս կա, մեջն ես ընկնելու, բայց չեն լսում ու, ի վերջո, փոսն են ընկնում: Հիմա ասում են ժողովուրդն է մեղավոր, բայց ժողովուրդն այն է, ինչ կա:

Եթե ժողովուրդը մեղավոր է, և դու չես կարողանում կառավարել, գնա տուն՝ գուցե մեկ ուրիշը գա՞»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ նաև ժողովրդին վերափոխելու ծրագիր էր անհրաժեշտ:

Եզրափակելով՝ Ա. Պեպանյանը ստեղծված իրավիճակից դուրս գալու մի քանի տարբերակ առանձնացրեց. «Մի քանի տարբերակ կա. առաջինն ավելի խորը քաոսի մեջ հայտնվելու վտանգն է: Երկրորդ՝ եթե ժողովրդի, ազգի զգացողությունը կրող հատվածը տագնապը զգալով միավորվի, փորձի հակազդել այս վայրընթաց գործոններին, հնարավոր է նաև վերելք ապահովել: Այդ հնարավորությունը կա, թեև մի քիչ փոքր է:

Ամենաիդեալական տարբերակն այն է, որ իշխանավորները վերջապես իրենք իրենց մեջ ընդունեն, որ իրավիճակի կառավարումն իրենց ուժերից վեր է ու, մի կողմ դնելով կեղծ հպարտությունն ու ամբիցիաները, ներգրավեն կարողունակ մարդկանց: Դա կարող է լինել կա՛մ իշխանությունը պահելու, կա՛մ ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու տարբերակով: Սակայն նշված տարբերակի հավանականությունը փոքր է՝ հաշվի առնելով առաջին դեմքի ինքնասիրահարված լինելը: Ի դեպ, որքան շուտ դարձի գա, այնքան լավ:

Հաջորդ տարբերակը ազգի կարողունակ ուժերի կոնսոլիդացիան է՝ առանց իշխանության. բայց այն չպետք է լինի հակաիշխանական կոալիցիա:

Պետք է երկրի ճակատագրով մտահոգ մարդկանց համախմբում լինի: Նշվածի հավանականությունը շատ ավելի մեծ է: Հույս ունեմ, որ իրավիճակի ներկայիս վտանգավորությունը շատերին կդրդի գնալ այդ ճանապարհով, իհարկե, չբացառելով նաև նախորդ տարբերակը»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930