Հարցազրույց «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հետ
– Վերջին օրերին ակտիվացել են իշխանությունների հեռացման պահանջները, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ պահանջներին:
– Որ ասեք, թե ովքեր են պահանջում, միգուցե պատասխանեմ:
– Բազմաթիվ մարդիկ, համացանցում շատերին պիտի տեսած լինեք՝ ընդդիմադիր դաշտից:
– Դուք Արթուր Վանեցյանի՞ն եք համարում ընդդիմադիր դաշտից… Ես ամիսներ առաջ եմ ասել, որ Արթուր Վանեցյանն իրավական պատասխանատվության պետք է ենթարկվեր, Դուք կարող եք նայել, թե ինչու: Իսկ իշխանության հրաժարականը կարող է պահանջել նրան ձայն տված քաղաքացին․ երբ որ պահանջեն, բնական է՝ այդպես էլ կլինի, որովհետեւ, ի տարբերություն իրենց ղեկավարած տարիների իշխանության եւ վարքագծի, այս իշխանությունը եկել է իշխանության ժողովրդի քվեով եւ հեռանալու է կրկին ժողովրդի քվեով:
Կարդացեք նաև
– Դուք վստա՞հ եք, որ համացանցում հրաժարական պահանջողները ձեր ընտրողները չեն:
– Համացանցում հայտնի խմբակներ կան, որոնք գեներացնում են իրենց բազմահազարանոց ֆեյքերն ու ստեղծում նման էներգիա: Եթե համացանցից դուրս գաք ու մարդկանց հետ շփվեք, կզգաք, որ այլ տպավորություն է: Որ խնդիրներ կան կորոնավիրուսի հետ կապված, իհարկե՝ կան, կան բաներ, որ այլ կերպ պիտի լինեին։ Դա էլ ոչ ոք չի հերքում, եւ դրա համար էլ մարդիկ պատասխանատվության կենթարկվեն: Բայց այն, ինչ Դուք ասում եք, արհեստական ստեղծվող օրակարգ է՝ հայտնի մարդկանց կողմից:
– Դուք ասացիք՝ պատասխանատվության կենթարկվեն․ ո՞ւմ մասին է խոսքը, ի՞նչ պատասխանատվություն:
– Արտակարգ դրությունը կվերջանա, կվերլուծենք՝ որ պատասխանատուն ինչպես է այս ընթացքում կատարել իր աշխատանքը, եւ ըստ այդմ՝ հետեւություններ կանենք:
– Այնուամենայնիվ, ընդունո՞ւմ եք, որ կա թերացում։
– Եթե որեւէ տեղ որեւէ գործընթաց դուրս է գալիս վերահսկողությունից, նշանակում է, որ ինչ-որ տեղ թերացել են, բայց, հաստատ, վարչապետի մեղավորությունը չէ դա:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: