Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսը դաս էր աշխարհին, որ ստիպեց մեծապես շեշտել հաջորդ համաճարակների դեպքում պատրաստ լինելու կարեւորությունը. Բիլ Գեյթս. «Ամերիկայի ձայն»

Հունիս 04,2020 10:47

«Մայքրոսոֆթ» ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսն անցած մեկ տասնամյակի ընթացքում պարբերաբար էր նախազգուշացնում վարակիչ հիվանդությունների տարածման դեմ աշխարհի երկրների անպատրաստ լինելու վիճակի մասին, գրում է «Ամերիկայի ձայն»-ը:
Նա շարունակ էր հայտարարում, որ դրա արդյունքում վարակիչ հիվանդությունները կարող են վերածվել համաճարակի: Սակայն այսօր, երբ աշխարհը հայտնվել է կորոնավիրուսի համաճարակի պայմաններում, նույն աշխարհի մի զգալի հատվածը Բիլ Գեյթսին է մեղադրում այդ համաճարակի տարածման մեջ, ու տարածում դավադրության մասին վարկածներ:

Այս մեղադրանքները հերքելու բոլոր ապացույցները կան, սակայն այդ լուրերը տարածողները լավ գիտեն, որ մարդկանց մի հոծ զանգվածի համար բացատրություն հարկավոր չէ: Գիտեն, որ այդ զանգվածը պարզապես սիրում է վարկածների ու դավադրությունների մասին պատմություններ ու դրանց հավատում է շատ հեշտությամբ ու շատ արագ:

Սակայն իհարկե լուրջ հարթակներում հիմնականում ֆեյսբուքյան այս հարձակումները չեն էլ քննարկվում: Ինչպես ԱՄՆ-ում շատ հայտնի The Daily Show հեռուստաշոուի սոցիալական հեռավորությամբ հարցազրույցի ժամանակ է Գեյթսն ասում, միայն ինքը չէ, որ ժամանակին աշխարհի երկրներին ու կազմակերպություններին իրենց մտահոգությունն են հայտնել նոր վիրուսների դեպքում համաճարակ սկսվելու վտանգի մասին: «Աշխարհի ժողովուրդների բախտն էր, որ էբոլա հիվանդությունը ժամանակին չտարածվեց այնպիսի արագությամբ, ինչպես տարածվում է կորոնավիրուսը: Էբոլան տարբերվում էր նոր կորոնավիրուսից նրանով, որ վարակը կրող անձինք անմիջապես ցույց էին տալիս հիվանդության ախտանիշներ, ու այդ պատճառով մեկուսացվում էին մինչեւ տասնյակ այլոց վարակելը»,- ասում է Գեյթսը:

Քանի որ Բիլ Գեյթսն ունի ամբողջ աշխարհում մալարիայի դեմ, ու հատկապես Աֆրիկայում պայքար մղելու փորձառություն, հաղորդավարի հարցին, ինչ պիտի արվի այս պահին կորոնավիրուսի դեմ պայքարում, երբ աշխարհի երկրները մեծապես ուշացրել են հիվանդության դեմ հատուկ գործողություններ իրականացնելու պահը, Բիլ Գեյթսը պատասխանում է, նշելով մարդկանց շփման ձեւերի փոփոխության ու պաշտպանական մեթոդները հարգելու կարեւորությունը: «Սակայն, ամենակարեւորն այս պահին պատվաստանյութ գտնելու հանգամանքն է, որը հասանելի պիտի դարձնել ամբողջ աշխարհին»,- ասում է նա:

«Մայքրոսոֆթ» ընկերության համահիմնադիր, բարեգործական ընկերության ղեկավար Բիլ Գեյթսը կարծում է, որ այս պահին գլխավորն այս պայքարում թեստավորումն է, որպեսզի լինի կասկածելի ախտանիշներ ունեցող բոլոր անձանց ստուգելու հնարավորություն:
Նրա խոսքերով, դեռ նորանոր համաճարակներ կարող են սպառնալ աշխարհի ժողովուրդներին: «Սա»,- ասում է նա, -«դեռ բնական եղանակով առաջ եկած համաճարակ էր: Սակայն կարող են լինել նաեւ ոչ բնական, ահաբեկչական կենսաբանական հարձակումներ:

Այս համաճարակը մի լավ դաս էր աշխարհին, քանի որ, ի տարբերություն էբոլայի, որը տարածվեց միայն Աֆրիկայում, կորոնավիրուսը տարածվեց ամբողջ աշխարհում ու դարձավ ամբողջ աշխարհի հոգսը` այսպիսով ստիպելով այդ աշխարհին մեծապես շեշտել հաջորդ համաճարակների դեպքում պատրաստ լինելու կարեւորությունը»:

Արամ Վանեցյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930