Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրաքվեն չեղարկելու դրականն ու բացասականը

Հունիս 04,2020 10:00

Եվ այսպես, Հրայր Թովմասյանին եւ ՍԴ մի շարք այլ «անհաճո» դատավորներին պաշտոնանկ անելու մասին հանրաքվեն չեղարկվեց: Խորհրդարանական ընդդիմությունը, ինչպես նաեւ մի շարք այլ քաղաքական, հասարակական գործիչներ ու իրավաբաններ ասում են, որ խորհրդարանի այդ որոշումը հակասում է Սահմանադրությանը: Չեմ կարող դա մեկնաբանել, որովհետեւ, ինչպես արդեն գրել եմ, իրավականության մեջ կարելի է «նույն հաջողությամբ» ապացուցել տրամագծորեն հակադիր թեզերը:

Բայց զուտ քաղաքական տեսանկյունից դա, ինձ թվում է, ե՛ւ լավ է, ե՛վ վատ: Լավ է, որովհետեւ բացարձակապես արդարացված չէր նման հարցով հանրաքվեի անցկացումը եւ ընդհանրապես նման հարց բարձրացնելը. դա պարզապես «էմոցիոնալ պոռթկում» էր, որն առաջացել էր ՍԴ-ի՝ Քոչարյանի հարցով «իշխանության ականջը չշոյող» որոշմամբ: Լավ է, որ չի լինելու նման հանրաքվե եւ, համապատասխանաբար, չի կազմակերպվելու դրան նախորդող քարոզչություն, որի ընթացքում ներկա իշխանությունը կփորձեր «վառ պահել» նախկին իշխանության հանդեպ ժողովրդական զանգվածների ատելությունը:

Ընդհանրապես, այս տարվա մարտին սկսված եւ, բարեբախտաբար, ընդհատված քարոզչությունն աչքի էր ընկնում մտավոր ոչ այնքան բարձր մակարդակով՝ ընդ որում, երկուստեք: Իշխանությունն ասում էր՝ եթե Հրայրը պաշտոնանկ չարվի, «նախկինները» կվերադառնան, ընդդիմությունն էլ պնդում էր՝ եթե ՍԴ-ի այս կազմը լուծարվի, իշխանությունը կվավերացնի Ստամբուլյան կոնվենցիան: Ինչ խոսք, կուռ տրամաբանություն է. ասա, թե ով է քո քարոզչության թիրախը, եւ ես կասեմ, ինչպիսին պիտի լինի այդ քարոզչության որակը:

Հանրաքվեի չեղարկումը վատ է այնքանով, որ հիմա իշխանությունը կփորձի Հրայրի եւ մնացածների հարցը լուծել «ներքին կարգով»՝ խորհրդարանում քվեարկելու միջոցով: Այսինքն՝ «նախկինների» վերադարձի խիստ անհավանական տարբերակը քննարկվելու է ԱԺ պատերի ներսում, ընդդիմությունը դարձյալ կասի, որ որոշումը հակասահմանադրական է, իշխանությունը դարձյալ կպնդի, որ ընդդիմադիրները «նախկինների գործակալներն» են, դրանից հետո կմիացվի քվեարկության մեխանիզմը, որը միշտ, 1995 թվականից սկսած, աշխատում է մեծամասնության օգտին:

Ինքնին ՍԴ այս կազմը ցրելու մեջ ես որեւէ խնդիր չեմ տեսնում՝ գուցե իսկապես արժեր, որ ինքնակամ թոշակի գնային: Խնդիրն այլ տեղ է. շատ մեծ է հավանականությունը, որ հաջորդ գումարման Ազգային ժողովի հաջորդ մեծամասնությունը դարձյալ կցանկանա փոխել ՍԴ կազմը, եւ, օգտվելով այսօր ընդունվող որոշումների կասկածելի օրինականությունից, դարձյալ կփոխի խաղի կանոնները: Դա վատ է՝ պետական ավանդույթներ չստեղծելու, ընդհանրապես՝ պետականության շարունակականության տեսանկյունից:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Պարո՛ն Աբրահամյան, կներեք, որ թեմային ուղղակիորեն չի առնչվում, սակայն հիմա չկա անելու ավելի կարևոր բան, քան խնդրել, համոզել, ստիպել այս տկարամիտներին, որ դիմեն միջազգային օգնության: Ցանկացած այլ սխալի կամ մեղքի համար, առանց Ձեր ասելու էլ, կարող են իրենց ցինիկ ճամարտակությամբ իրավաբանական, քաղաքական կամ այլ բնույթի հակափաստարկներ բերել: Ճիշտն ասած, դրա ժամանակը չէ. ոչ էլ, առավել ևս, հրաժարականներ պահանջելու, ինչն անում են հակառակ ճամբարից: Սակայն չեմ պատկերացնում, թե ինչ բացատրություն/արդարացում են գտնելու մեկ-երկու շաբաթից (վախենում եմ նույնիսկ պատկերացնել զարգացման ներկա տեմպերի դեպքում իրավիճակն այդ ժամանակ)՝ միջազգային օգնությանը դիմելն ուշացնելու համար: Ձեզ եմ դիմում խնդրանքով. օգտագործեք ձեր հարթակը և ազդեցությունը այս քայլի անհրաժեշտությունը բարձրաձայնելու համար:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930