Հարցազրույց Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի հետ:
– Տիկին Գրիգորյան, համաճարակի բռնկման հենց առաջին օրերին համացանցով վայելեցինք 17 մասից բաղկացած, 10 դերասանի մասնակցությամբ ձեր՝ «Առականի» նախագիծը։ Բայց ձեր անվան շուրջ խոսակցություն է պտտվում, թե դուք առցանց թատրոնը չեք ընդունում, միեւնույն ժամանակ լուրեր են տարածվել, որ շուտով ձեր թատրոնը առցանց կներկայացնի Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» ստեղծագործությունը։
– Իսկապես, առցանց թատրոնը չեմ ընդունում, քանի որ թատրոնը կենդանի արվեստ է եւ դրանում է նրա ողջ հմայքը, իսկ տեսագրության արդյունքում ցանկացած բեմադրություն կորցնում է դրա 90 տոկոսը եւ ըստ էության մնում է միայն ինֆորմացիան։ Վստահ եմ, որ երբ մարդ փորձում է թատրոնին ծանոթանալ տեսագրության միջոցով, նա կարող է պարզապես հիասթափություն ապրել։ Մեր թատրոնը համավարակի ստեղծած պայմաններում որոշեց այլ ճանապարհով կապ հաստատել հանդիսատեսի հետ։ Այս պայմաններում դա միայն TV-ն է եւ համացանցը։ Եվ այսպես փորձեցինք ինտերնետային ու TV նախագծեր ստեղծել, ֆիլմեր նկարահանել։ Ի վերջո, դա էլ է մեր մասնագիտությունը։ Ինչպես նշեցիք՝ իրականացրինք «Առականի» նախագիծը նախարարության հետ միասին, իսկ հիմա, շատ շուտով կհրավիրենք դերասան Վարշամ Գեւորգյանի իրականացրած Վահան Թոթովենցի նախագծի պրեմիերային, որտեղ յուրաքանչյուր դերասան իր «մասը» նկարահանել է՝ գտնվելով ինքնամեկուսացման մեջ։ Այն կտեղադրվի թատրոնի ֆեյսբուքյան էջում։
Ինչպես գիտեք՝ յուրաքանչյուր տարի մենք հայտարարում ենք տարբեր երկրների գրականության ու դրամատուրգիայի տարի, օրինակ, անցյալ տարի ֆրանսիականն էր, այս տարի՝ ամերիկյանը։ Ընտրել ենք Չարլզ Բուկովսկու բանաստեղծությունները, դրանք թարգմանել, այս պահին էլ տաղավարում ընթանում են նկարահանման աշխատանքները, պրեմիերան նախատեսված է հուլիսին (նախագծի ղեկավարը ինքը՝ Նարինե Գրիգորյանն է-Ս. Դ.)։ Իսկ երբ արդեն թատրոնը բացվի, այն «կտեղափոխենք» բեմ։ Նշեմ, որ նկարահանումների ընթացքում խստորեն պահպանում ենք անվտանգության կանոնները։ Ի դեպ, այս տարի Բուկովսկու ծննդյան 100-ամյակն է եւ եթե ծանոթանաք գրողի բանաստեղծությունների հետ, վստահ եմ՝ տպավորություն կստեղծվի, թե դրանք հենց նոր են գրվել՝ պանդեմիայի ժամանակաշրջանում։ Կուզեի ընդամենը երկու հատված ներկայացնել.
Կարդացեք նաև
…ու կվերացներ վարակը հավետ ու ախտահարված հիվանդոտ մարդիկ,
ամուլ ու սառած չէին թափառի ու չէր մոտենա վերջը կանաչ աշխարհի,
եթե մի անգամ մի ինչ-որ հիմար, չպոկեր թեւը խեղճ թիթեռնիկի։
Ես երգելու եմ նույնիսկ, երբ աշխարհը սկսի թպրտալ հոգեվարքի մեջ,
Եվ երգելու եմ ինչ էլ լինի…
Ընդ որում, հենց վերջին երկու տողով էլ ավարտվում է ֆիլմը։
– Թատրոնի բոլոր 20 դերասաններն էլ ընդգրկվա՞ծ են նախագծերում։
– Այո, օրինակ, Բուկովսկու բանաստեղծությունները իրականացնում ենք թատերախմբի երիտասարդ դերասանների հետ, իսկ դերասանուհի Արմինե Անդրեասյանի նախագիծը, որը լատվիացի ճանաչված հեղինակ Յուրիս Զվիրգզդինի «Փոքր մեղվի մեծ ճամփորդությունը» հեքիաթն է, մենք կխաղանք մանկապարտեզներում՝ մասնակից դարձնելով երեխաներին։ Նախագծերն այսքանով չեն սահմանափակվում, բայց կուզեի հատուկ ներկայացնել դրանցից մեկը՝ օգոստոսին, մեր թատրոնի կառուցվող շենքի տանիքում հանդիսատեսին կհրավիրենք բացօթյա ներկայացման՝ Շեքսպիրի «Բազում աղմուկ վասն ոչնչի» կատակերգությանը։ Ի դեպ, դերասանները հանդես կգան դիմակներով։ Բացօթյա ներկայացումը միեւնույն ժամանակ հանդիսատեսին հնարավորություն կտա ծանոթանալ թատրոնի շենքին։ Կարճ ասած՝ սա յուրօրինակ էքսկուրս կլինի։ Շեքսպիրի այդ պիեսը կբեմադրի մեր հայրենակիցը՝ Ժերալդ Բաբազյանը, ով հանրահայտ Իրինա Բրուքի թատերախմբի անդամ է եղել եւ ողջ Ֆրանսիայում, շուրջ հինգ տարի շարունակ, խաղացել է բացօթյա ներկայացումներում…
– Թատրոնի մարդիկ ու հանդիսատեսը օրեր են հաշվում, անհամբեր սպասում, թե երբ կհանդիպեն թատրոններում։ Մենք փաստել ենք, որ մայիսի 18-ից Գերմանիայում թատրոններն արդեն կամաց-կամաց բացվում են, հունի մեջ մտնում կամ՝ Վենետիկում հունիսի 3-ից կբացվեն թանգարանները եւ այլն։ Գիտենք, որ դուք հանդիպումներ եք ունենում, եւ ունեցել եք նախարարությունում, խոսակցություն եղե՞լ է թատրոնների վերաբացման շուրջ…
Հայերս հետաքրքիր ժողովուրդ ենք. Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, ստույգ՝ 1942թ. հունիսի 22-ին, Երեւանի կոմեդիայի թատրոնն առաջին անգամ իր վարագույրը բացեց Նելսոնի «Թագավորը զվարճանում է» կատակերգությամբ, ինչի առիթով բազմաթիվ իրարամերժ կարծիքներ հնչեցին։ Հետաքրքիր է Ավետիք Իսահակյանի խոսքն այդ առիթով՝ նաեւ ծիծաղի զենքով պայքարենք թշնամու դեմ… Ի վերջո, ձեր թատրոնն էլ հիմնվեց Արցախյան պատերազմի տարիներին…
– Տեղեկացնեմ, որ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը մեծ աշխատանք է տանում թատրոնների վերաբացման ուղղությամբ։ Դրանք, իհարկե, դեռ բանակցային փուլում են։ Օրինակ, 200 տեղանոց մեր հանդիսասրահը գուցե 50 կամ ավելի քիչ հանդիսատես ընդունի, դեռ ոչինչ հստակ չէ։ Մեր թատրոնի անունից նշեմ, որ մենք խաղացել ենք եւ խաղալու ենք՝ ինչ էլ որ պատահի։ Ամռան ամիսները բարենպաստ են բացօթյա ներկայացումներ անցկացնելու համար։ Այս պահին մտածում ենք բացօթյա ներկայացնել «Լոռեցի Սաքոն» Թումանյանի տուն-թանգարանի տարածքում, դրա շուրջ դեռ բանակցում ենք թանգարանի տնօրինության հետ, եւ այլն, եւ այլն։
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
03.06.2020