Լրահոս
Օրվա լրահոսը

«Անատոլիական պատմություն» ֆիլմը

Հունիս 04,2020 12:30

«Անատոլիական պատմություն»-ն ինձ համար ֆիլմաշար է, այլ ոչ՝ սերիալ: Այսպես ավելի գնահատելի  կլինի: Քանի որ իր գեղարվեստական արժեքով վերջին տարիներին նկարահանված այն եզակի կինոնկարներից է, որն անշուշտ, մնայուն արվեստի գործերի մեջ պիտի տեղ գտնի անպայմանորեն՝ չմարող, սրտի ու հոգու մեջ անվերջ խնկարկող դասական գործի նման, որ երկար ժամանակ չի մոռացվում նրա հետ հաղորդակցվելիս:

Պարզ, հասկանալի, կյանքային: Այո, առանց չափազանցության, մեր օրերի ամենահաջողված ֆիլմաշարերից է՝ առանց ճղճղացող, անարյուն ողբերգության: Լուռ, մարդու հոգեկան աշխարհը մխրճվող ու այդ աշխարհը կրծող լուռ ողբերգությամբ: Դաժան են պատկերներից յուրաքանչյուրն իրենց հարցադրումներով, հեռացող, մեռնող հիշողությունները «վերակենդանացնելով»: Իսկ հրաշալի երաժշտությունը կարծես լրացնում է ֆիլմում «կիսատ մնացած» նախկինում կատարված արյունալի դեպքերը:

Այս ֆիլմն աչքի է ընկնում զարմանահրաշ գործողությունների հաջորդականությամբ ու տեսարժան դրվագներով՝ հագեցած նորարարությամբ: Ֆիլմաշարի ողջ ընթացքում «կարմիր թելի պես» անցնում է մեր ժողովրդի մեծ ողբերգությունը, որն սկսվել է տասնիններորդ դարից, ահագնացել քսաներորդ դարասկզբին ու շարունակվել երկար ու ձիգ տարիներ, մինչեւ մեր օրերը… Եվ որքան էլ թիվ 1 ահաբեկիչ Էրդողանը հիստերիկ տոնով  գոռա՝ իսկ ո՞ւր են փաստերը, այս հրեշալի ողբերգության իրողության ապացույցը, մեր օրերում, Սիրիայի հյուսիսում, ողջ տարածաշրջանում, թուրքական զորքերի կողմից կատարվող ավերածություններն են, հայկական Քեսաբի խաղաղ բնակչության անմարդկային բռնություններն ու  անմեղ մարդկանց գլխատումները, գնդակահարությունները: Նաեւ թուրքական եւ աշխարհի շատ պետությունների պահոցներում եղած փաստական նյութերը, որ բազմաթիվ փաստարկներով մատուցվում է ֆիլմում…

«Անատոլիական պատմություն»-ն ընդամենը մի ընտանիքի մասին աղետալի պատմագրություն է, սկզբից, կարծես  հաշտ ու խաղաղ, դեռ չբացահայտված իրողությամբ, հետագայում՝ ճշմարտությունն ի հայտ եկած, բախված դաժան իրականության հետ… Ու թե այս ֆիլմում մի ընտանիքից առաջացած մի քանի ընտանիքներ են՝ ի հայտ եկած իրենց խառնաշփոթ կեցություններով, սակայն միլիոնավոր ընտանիքներում դրանք դեռեւս ծպտված են՝ Թուրքիայում ապրող հայերի նման, որոնցից շատերը տեղյակ չեն իրենց ինքնությունից՝ ազգային պատկանելությունից:

Այս պատմությունը միլիոնավոր տարագիր, եւ ոչ միայն, հայերի ներաշխարհի մեջ արթնացրեց գորշ հիշողություններն իրենց կորցրած այն հարազատների մասին, որոնց մեծ մասը հայտնվել են աշխարհի տարբեր ծայրերում, տեղեկություն չունենալով միմյանց ճակատագրերից: Ճակատագրեր, որոնցից յուրաքանչյուրը սոսկալի է իր բնույթի ու տեսակի մեջ, սակայն կատարվել է միեւնույն հրոսակախմբի՝ թուրքերի կողմից: Անզսպելի մարդատյացությամբ օժտված՝ արյունարբու թուրքերի կողմից, որոնց հարեւանությամբ անհնար է խաղաղ գոյատեւել ու արարել: Այդ նրանց հալածանքների հետեւանքով է, որ միլիոնավոր տեղահանվածներ հայտնվեցին օտարության մեջ, ոմանք իրենց հսկա տաղանդի շնորհիվ ինքնահաստատվեցին այդ երկրներում, ոմանք էլ՝ գոյատեւեցին իրենց ապրել ցանկանալու անսահման ձգտումներով: Հենց թուրքերն են ստեղծել միլիոնավոր ընտանիքների խելագարության հասցնող բոլոր խառնաշփոթները, որոնց աղաղակները տեսանելի են ֆիլմի յուրաքանչյուր կադրում, դերակատարների աչքերում, երաժշտության մեջ: Հենց նրանց մեղքով է սկիզբ դրվել ֆիլմում նկարագրված հավիտենական ողբերգություններին, որոնց ավարտը կասկածի տակ է դրվում ֆիլմում…

Այս պատմությունը շատ «ջուր է վերցնում»: Դիտողն ու լսողը, նույնիսկ՝ անտեղյակը, ծանր ապրումներով է հետեւում դեպքերին ու մարդկային ճակատագրերին, հաճախ իրեն զգալով նրանցից մեկը: Եվ, ակամայից, հանդիսատեսի մոտ գոռալու ցանկություն է առաջանում.

– Թուրք, դու մեր զնգուն երգերը ողբով լցրեցիր, մեր սրտերը՝ չմարող կրակով, մեր աչքերը՝ հավերժական կրակով…

Այսօրվա թուրքերն ու նրանց պարագլուխներն էլ լավ գիտեն այս ամենի մասին, սակայն նրանց տեսակը կարծես ստեղծված է միայն ավերածությունների, ահաբեկչությունների եւ կատարածը ստի ու կեղծիքի մեջ թաղելու զազրելի մտադրությամբ: Այնուհանդերձ ֆիլմում տեղի ունեցող գործողությունները գալիս են ապացուցելու, որ անհնար է թաքցնել ողբերգությունների այն երկար շարանը, որ տեղի է ունեցել անցած դարասկզբին: Եվ կգա այն օրը, երբ մարդկությունը կգիտակցի կատարվածի ժանտությունը, համարժեք գնահատական տալով առաջին ցեղասպանությունն իրագործողներին: Այլապես՝ թանկ կվճարի…

Անգնահատելի է ֆիլմն իր գեղարվեստական արժեքով: Իսկ ճիշտ ընտրված դերակատարների անկեղծ ու անբռնազբոս խաղը գրավում է հանդիսատեսին, տանում ֆիլմի ստեղծած միջավայր, դարձնելով նրան այնտեղ կատարվող գործողությունների մասնակիցն ու վերապրողը: Հրաշալի տեսարաններով ու գործողություններով հագեցած այս ֆիլմում հազվադեպ պատահող չպատճառաբանված  որոշ դեպքերն անտեսելով, կարծում եմ այն հաջողված է կատարելապես:

Խոնարհումս ողջ կոլեկտիվին…

Սպարտակ ՄԱԹՈՍՅԱՆ

ՀՀ Ժուռնալիստների միության անդամ

«Առավոտ» օրաթերթ
03.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աննա says:

    Թույլ գործ էր::

  2. ԸՆԹԵՐՑՈՂ says:

    Հարգելի Աննա,
    Տվյալ դեպքում ԹՈՒՅԼԸ չարյաց փոքրագույնն է, քանի որ կա շատ ավելի, ես կասեի բարոյական-իրավական լուրջ խնդիր: Ֆիլմը նկարվել է ըստ Մարկ Արենի ԱՆԱՏՈԼԻԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈԻՆ վեպի, որի հիմնական կոնֆլիկտը, այն հիմնարար ֆաբուլան առանց որի չէր կարող կայանալ գեղարվեսստական երկը, մեղմ ասած վերցված է հրեական ծագում ունեցող ռուս կինոռեժիսոր Պավել Լունգինի` 1992 թվականին նկարած ЛУНА-ПАРК հանրահաայտ, մեծ աղմուկ հանած ֆիլմից, որտեղ գլխավոր հերոսը` թունդ ազգայնական, կատաղի հրեատաց, պատահաբար իմանում է, որ իր հայրը հրեա է: Ինչպես հայտնի է վեպը լույս է տեսել ֆիլմի էկրան բարձրանալուց ավելի քան տասը տարի հետո:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930