Լրահոս
Օրվա լրահոսը

Միլիոնատեր երեխաներն ու նրանց միլիոն դոլար արժողությամբ առանձնատները

Հունիս 04,2020 12:00

Ադրբեջանական իշխանական վերնախավի ընտանիքի անդամները դարձյալ հայտնվել են լրագրողական հետաքննություններում

Ադրբեջանի իշխանական վերնախավի ընտանիքների հիմնած բիզնեսների, ծախսած միլիոնավոր դոլարների մասին վերջին տարիներին հրապարակումների պակաս չի զգացվել: Անցյալ շաբաթ տեղեկատվական արտահոսք տեղի ունեցավ. այս անգամ «նոր» դեմքեր էին ասպարեզում:

Պարզվում է, Ադրբեջանի երկարամյա արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ավագ որդին 2015թ. երկու բնակարան է գնել Նյու Յորքում՝ Մանհեթենում՝ ընդհանուր առմամբ վճարելով ավելի քան 4 միլիոն 200 հազար դոլար: Ըստ Turan ադրբեջանական գործակալության՝ վերջին շրջանում սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում բուռն քննարկվում է Մամեդյարովների ընտանիքի հարստությունը: Turan-ը դիմել էր Նյու Յորքի իշխանություններին՝ նախարարի 31-ամյա որդու կարողության մասին ավելի հստակ տեղեկություններ ստանալու նպատակով: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Էմին Մամեդյարովը 2015թ. հունիս-հուլիս ամիսներին 2 բնակարան է ձեռք բերել Մանհեթենի ամենաթանկ համալիրներից մեկում` Trump Place-ում: Թե ինչպես է 31-ամյա երիտասարդը նման հարստություն կուտակել, պարզ չէ: Գործակալությունը փորձել է կապ հաստատել կրտսեր Մամեդյարովի հետ՝ պարզաբանումներ ստանալու համար, սակայն վերջինս անպատասխան է թողել լրագրողների զանգերն ու հարցումները:

Մամեդյարովի որդու գնումներից բացի, անցյալ շաբաթ միջազգային մամուլի ուշադրությանն արժանացան Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովի երեխաները: Պարզվում է, վերջինիս երեխաները 111 մլն դոլարի ակտիվներ եւ էլիտար անշարժ գույք ունեն Լոնդոնում, այդ թվում՝ 21 մլն դոլարի առանձնատուն: Այս ծախսերի մասին հայտնի էր դարձել OCCRP-ի, Finance Uncovered-ի եւ Transparency International-ի համատեղ հետաքննության արդյունքում: 2019թ. նոյեմբերին մի խումբ ցանցահեններ կոտրել էին Մեն կղզու Cayman National Bank-ի տվյալների բազան: Լրագրողները վերլուծել էին այդ տվյալները եւ հաճախորդների ցանկում հայտնաբերել ադրբեջանցի նախկին պաշտոնյային: Ըստ հետաքննության, անշարժ գույքը եւ ակտիվները գրանցված են Մահմուդովի որդու եւ դստեր՝ Անարի եւ Նարգիզի անուններով:

Բանկի ներքին փաստաթղթերում առկա է 2016թ. հաշվետվություն, որում կասկածի տակ է դրվել որոշ դրամական գործարքների օրինականությունը, ինչպես նաեւ հարց է արծարծվել Մահմուդովներին պատկանող Britannia Group Ltd ընկերության հետ առնչվող որոշ ընկերությունների մասին: Ավելի ուշ բանկն այդ տեղեկատվությունը փոխանցել է կղզու ֆինանսական հետաքննությունների բաժին: Արդյոք որեւէ հետաքննություն անցկացվել է՝ հայտնի չէ:

Էլդար Մահմուդովը 1980-90-ականներին աշխատել է Ադրբեջանի ՆԳՆ՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնում: 2004թ. նշանակվել է Ազգային անվտանգության նախարար, իսկ 2015թ. ազատվել է այդ պաշտոնից: Մահմուդովի հեռացման վարկածներից մեկն այն է, որ նա գլխավորել է նախարարության մի քանի աշխատակիցներից բաղկացած հանցավոր խմբավորում, որը զբաղվել է ձեռնարկություններին շանտաժի ենթարկելով եւ ռեկետներով:

Ավելի քան հարյուր միլիոն եվրոյի բիզնես կայսրություն` շքեղ առանձնատներ Մեծ Բրիտանիայում, Կիպրոսում, իսպանական Մալյորկայում ու Լյուքսեմբուրգում. եւ այդ ամենը, պարզվում է՝ «19-րդ դարից մնացած պապենական ժառանգության շնորհիվ»: Այդպես են Ադրբեջանի Ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովի զավակները բացատրել, թե ինչպես են միլիոնատեր դարձել երեսուն տարեկանում:

Մահմուդովների ընտանիքը լրագրողների ուշադրության կենտրոնում է հայտնվել երկու տարի առաջ, երբ հաքերները կոտրել էին օֆշորային գոտիներից մեկի` Կայմանյան կղզիների National Bank-ի սերվերներն ու գաղտնազերծել հազարավոր փաստաթղթեր: Հենց դրանց շնորհիվ էլ պարզվել է, որ մինչ Էլդար Մահմուդովը ղեկավարում էր Ադրբեջանի ազգային անվտանգության ոլորտը, իսկ դրանից առաջ պայքարում կազմակերպված հանցավորության ու թմրամիջոցների շրջանառության դեմ, նրա զավակները` Անարն ու Նարգիզը կրթություն էին ստանում Շվեյցարիայի թանկ համալսարաններում ու հսկայական առանձնատներ գնում Եվրոպայի ամենաշքեղ կենտրոններում:

Ըստ «Ազատության»՝ Իսպանիայում Անար Մահմուդովի բիզնես կայսրությունը մոտ երեսուն միլիոն եվրո է գնահատվում: Ընդ որում, առաջին ընկերությունը նա հիմնել է 22 տարեկանում, հետո ձեռք է բերել տասնյակ տներ ու հյուրանոցներ, այդ թվում` 17-րդ դարում կառուցված հսկայական վիլլա` 127 հեկտար հողատարածքով, ինչպես նաեւ պատմական հուշարձանների ցանկում ներառված մի շինություն Պալմա դե Մալյորկայի կենտրոնում: Պակաս տպավորիչ չէ Մահմուդովների` Բրիտանիայում կուտակած կարողությունը. երկու հսկայական գրասենյակային շինություն Լա Մանշի ափին` Անգլիայի խոշորագույն նավահանգիստներից Բորնմութում` ավելի քան տասը միլիոն եվրո արժողությամբ, չորսհարկանի շենք Լոնդոնի ամենաշքեղ թաղամասերից մեկում` սեփական լողավազանով, մարզասրահով ու կինոթատրոնով: «Ընդ որում, ամենամոտավոր հաշվարկներով 17 միլիոն եվրոյանոց այդ շինությունը Անար Մահմուդովը ձեռք է բերել 29 տարեկանում», – փաստում է լրագրողական հետաքննությունը:

Մահմուդովները գնումներ են կատարել նաեւ Լյուքսեմբուրգում, Լիտվայում, Կիպրոսում ու հայրենի Ադրբեջանում` օֆշորային հաշիվներին փոխանցելով միլիոնավոր դոլարներ: Լրագրողական հետաքննությունը փաստում է, որ տարիներ առաջ՝ դեռ 2015-ին Կայմանյան բանկի աշխատակիցներից մեկը ներքին քննության ժամանակ կասկածելի է որակել այս փոխանցումների օրինականությունը: Սակայն առայժմ հստակ չէ, թե արդյոք դա դարձել է քննության առարկա, եւ հետաքրքրվել են արդյոք այդ փաստով իրավապահ մարմինները:

Հատկանշական է, որ իրավապահները Մահմուդովի դեմ գործ էին հարուցել դեռ տարիներ առաջ, երբ նախագահ Ալիեւը անսպասելի հեռացրել էր նրան Ազգային անվտանգության նախարարի պաշտոնից ու լուծարել նախարարությունը: Պաշտոնական աղբյուրները, սակայն, այդ ժամանակ չէին պարզաբանել, թե ինչու է նախագահը պատժում Մահմուդովին, որի հետ Ալիեւները կապված էին նաեւ ազգակցական թելերով: Ի դեպ, ադրբեջանական փորձագիտական շրջանակներում չէին բացառել, որ Մահմուդովը փորձել է պալատական հեղաշրջում կազմակերպել եւ գործել է Իլհամ Ալիեւի թիկունքում:

Ինչ վերաբերում է ադրբեջանական իշխանական համակարգի ներկայացուցիչների եւ նրանց ընտանիքների կուտակած հարստությանը, ապա նման պատմությունները վաղուց արդեն չեն զարմացնում: Հենց Իլհամ Ալիեւի ընտանիքի անդամների մասին օտարերկրյա մամուլում հետաքննությունների պակաս չի զգացվել վերջին տարիներին: Ի հայտ են եկել բազմաթիվ հետաքննական նյութեր:

Անցյալ տարի փետրվարին, օրինակ, «Պրոյեկտ» նախագծի հետաքննությամբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահի որդին 9 տարեկանում դարձել է շքեղ առանձնատան սեփականատեր՝ մերձմոսկովյան ամենահարուստ եւ թանկարժեք թաղամասերից մեկում՝ Ռուբլյովկայում, Դմիտրի Մեդվեդեւի կեցավայրի հարեւանությամբ: Ռուս հետաքննող լրագրողները պարզել էին, որ կրտսեր Ալիեւի տունը գտնվում է «Մայենդորֆի այգիներ» կոչվող ամառանոցային ավանում, ուր բնակվում են, ըստ «Ֆորբս»-ի ցուցակի, Ռուսաստանի ամենահարուստ, միլիարդատեր գործարարները:

Ըստ հրապարակման, Ալիեւների այդ տունը զբաղեցնում է մոտ 1500 քառակուսի մետր տարածք՝ ավելի քան 7 հազար քառակուսի մետր հողակտորով: Ավանն արտաքին աշխարհից բաժանված է հսկիչ անցակետով, որտեղ հերթապահող թիկնապահները հետաքննող լրագրողների հետ զրույցում խոստովանել էին՝ սեփականատերերի անունները չգիտեն, շատերին նույնիսկ դեմքով չեն ճանաչում, միայն շքեղ մեքենաներն են տեսել՝ մթնեցված ապակիներով: Այստեղ գրեթե յուրաքանչյուր առանձնատան հարեւանությամբ մի փոքրիկ տուն էլ կա՝ հատուկ թիկնազորի համար:

Հետաքննությունում նշվել էր, որ դա Ալիեւների միակ սեփականությունը չէ հանրահայտ այս ավանում՝ Մայենդորֆի այգիներում մոտավորապես նույն չափի՝ 7 հազար քառակուսի մետրանոց հող ու հսկայական տուն ունի նաեւ Ադրբեջանի նախագահի ավագ դուստրը՝ Լեյլան, ով բազմամիլիոնանոց սեփականության տեր է դարձել 20 տարեկանում:

Ի տարբերություն Լեյլայի, Ալիեւի որդին տունը ոչ թե գնել է, այլ՝ նվեր ստացել մորական պապից՝ Արիֆ Փաշաեւից, համենայնդեպս՝ առուվաճառքի նախնական պայմանագիրը նրա անունով է ձեւակերպված: «Քանի որ գործարքը կնքվել է 2007-ին, դժվար է կանխատեսել՝ որքան է Ալիեւի խնամին վճարել դրա դիմաց, սակայն այսօր այդ հողակտորն ու տունը գնահատվում են մոտավորապես 35 միլիոն դոլար»,- փաստել էր հետաքննությունը:

Նկատենք, որ Իլհամ Ալիեւի իշխանավարության տարիներին՝ առաջին տիկնոջ՝ փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի ընտանիքը սկսել է լուրջ հաջողություններ գրանցել բիզնեսում: Այսպես, ըստ հետաքննության, Մեհրիբանի զարմիկն այժմ ղեկավարում է «Փաշա» հոլդինգը, որը կառավարում է նախագահական ընտանիքին պատկանող ակտիվները, այդ թվում՝ ապահովագրական, շինարարական ընկերությունները, հինգաստղանի հյուրանոցների ցանցն ու ներդրումային Pasha Capital ընկերությունը: Այս հոլդինգի կազմում նաեւ երկու բանկ կա, որոնց կապիտալի գերակշռող մասը պատկանում է Ալիեւի դուստրերին, մի մասն էլ՝ պապին:

Ավելի վաղ, Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի ուսումնասիրությունը փաստել էր, որ Ալիեւների եւ Փաշաեւների կլանը սեփական տներ ունի նաեւ Չեխիայի Կարլովի Վարի առողջարանային քաղաքում ու Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում, որոնց գները հասնում են տասնյակ միլիոն դոլարների:

2016թ. գարնանը հեղինակավոր The Gardian-ը հրապարակեց մի հոդված, որում ասվում էր, որ Ալիեւի գերդաստանը գաղտնի օֆշորային ընկերությունների միջոցով Վիրջինյան կղզում հիմնել է միլիոնավոր ֆունտ ստերլինգ արժեցող անշարժ գույք, մասնավորապես, նշված է, որ ձեռք է բերվել 17 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ հսկա առանձնատուն Լեյլա եւ Արզու Ալիեւաների անունով։

Ապօրինի գործարքներն ու ֆինանսական փոխանցումներն իրականացվել են Ata Holding-ի միջոցով, որը պատկանում է Ադրբեջանի հարկերի այն ժամանակվա նախարար Ֆազիլ Մամեդովին: Ըստ հրապարակումների, ադրբեջանցի ազդեցիկ նախարարը Ալիեւի ընտանիքին հրավիրել է միանալ իրեն՝ հիմնելով հզոր եւ շահավետ բիզնես ու քաղաքական գործընկերություն։ Բրիտանական թերթի տվյալներով՝ Մամեդովն, ով իր տրամադրության տակ մինչեւ 600 միլիոն դոլար ունի, հանդիսանում է Ալիեւների գերդաստանի «գրպանը»։

Այս տվյալները հայտնի էին դարձել Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցագործության հետաքննության կենտրոնի լրագրողների բացահայտած պանամական իրավաբանական ընկերության փաստաթղթերից։ Ըստ հետաքննող լրագրողների հրապարակած նյութերի՝ Ադրբեջանում ոսկի արդյունահանող ընկերությունների եկամտի ավելի քան 70 տոկոսը ստանում են Իլհամ Ալիեւի դուստրերը՝ Լեյլան եւ Արզուն։

Բացահայտած փաստաթղթերում նշվել էր նաեւ Իլհամ Ալիեւի քույրը՝ Սեւիլը, որը ներկայացվում է որպես Վիրջինյան կղզիներում գրանցված մեկ այլ ընկերության սեփականատեր։ Նշվում էր նաեւ, որ Ադրբեջանի նախագահի քույրը գրանցված է Լոնդոնի արեւմտյան այն հատվածում, որտեղ մեկ տան միջին գինը մոտ 9 միլիոն դոլար է։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 03.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930