Արման Աբովյանը ԲՀԿ-ն փողի խմբակցություն չի համարում՝ ասելով՝ «հավատացնում եմ, ԱԺ-ում չկա հարուստ կամ չհարուստ, բոլորն էլ պատգամավոր են»
Պարզվում է՝ հեղափոխությունից առաջ ու հեղափոխությունից հետո ձեւավորված Ազգային ժողովում ամենահարուստ պատգամավորների ցանկը ըստ էության շատ չի փոխվել: Ամենահարուստ պատգամավորը ինչպես 6-րդ, այնպես էլ 7-րդ գումարման ԱԺ-ում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: Ամենահարուստ հնգյակի ցուցակում է նաեւ ԲՀԿ-ական Դավիթ Մանուկյանը: Պարզապես, եթե նախկինում ԲՀԿ-ականների հետ հարուստների ցանկը լրացնում էին նաեւ ՀՀԿ-ականները, մասնավորապես՝ Սամվել Ալեքսանյանը, Աշոտ Արսենյանը, Արայիկ Գրիգորյանը, հիմա նրանց տեղը լրացրել են ԲՀԿ-ականները, ոչ թե իշխանականները:
7-րդ գումարման ԱԺ-ի ամենահարուստ 5 պատգամավորներից 4-ը էլի ԲՀԿ-ից են: Նշենք, որ ցուցակը կազմված է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ներկայացված տվյալների հիման վրա: Եվ այսպես, այս խորհրդարանի հարուստ պատգամավորներն են՝ Գագիկ Ծառուկյանը, Դավիթ Մանուկյանը, Էդուարդ Բաբայանը, Արթուր Գրիգորյանը ու հնգյակը եզրափակում է «Իմ քայլից» Տիգրան Կարապետյանը, որը հայտարարագրել է 214 մլն դրամից ավելի գումար: Ամենահարուստ պատգամավորներից 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ եւ 10-րդ տեղերում էլի ԲՀԿ-ականներն են՝ Միքայել Մելքումյան, Սերգեյ Բագրատյան, Հրանտ Մադաթյան, Տիգրան Ստեփանյան, Վարդեւան Գրիգորյան:
«Առավոտը» ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանին հարցրեց՝ դո՞ւք եք շատ հարուստ, թե՞ «Իմ քայլի» պատգամավորներն են շատ չունեւոր ու այդ ֆոնի վրա ԲՀԿ-ականները հարուստ են երեւում: Նա պատասխանեց. «Հավատացնում եմ, ԱԺ-ում չկա հարուստ կամ չհարուստ, բոլորն էլ պատգամավոր են»: Երբ ճշտեցինք՝ խոսքը նյութական կարողության մասին է՝ նա պատասխանեց. «Եկեք տարանջատենք նյութական կարողությունը եւ պատգամավորի գործունեությունը: Ինչ վերաբերում է ունեցվածքի հայտարարագրին, կարծում եմ՝ այդ հարցը քաղաքական չէ»: Մեր դիտարկմանը՝ սա քաղաքական հարց է այնքանով, որ շատ հաճախ ԲՀԿ-ն համարում են փողի խմբակցություն ու երբ ԱԺ-ի հարուստ պատգամավորների ցուցակը նայում ենք, ոնց որ թե արդարացվում է դա՝ Արման Աբովյանը պատասխանեց. «Շատ բան են ասում: Մեկնաբանելու բան չկա, սա քաղաքական հարց չի»:
Կարդացեք նաև
«Իմ քայլը» խմբակցության ամենահարուստ պատգամավորը՝ Տիգրան Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չգիտեր, որ ամենահարուստ հնգյակի մեջ է մտնում: Թե ինչով է հարստացել՝ նա ասաց. «Հայտարարագրի մեջ ամեն ինչ նշված է: Առաջին անգամ չեմ ներկայացրել հայտարարագիր ու նախորդից այն տարբերվում է, որովհետեւ հիմա ավելի պակաս են միջոցները: Ամեն ինչը պարզ ու թափանցիկ է: Ես 10 տարուց ավելի է՝ ղեկավարում եմ ձեռնարկություն, մեր ընտանիքը այդ ձեռնարկության հիմնական բաժնետերն է, այսինքն, աղբյուրները ավելի քան ակնհայտ են»:
Տիգրան Կարապետյանը գտնում է, որ 6-րդ եւ 7-րդ գումարման Ազգային ժողովները ե՛ւ ընդունված օրենքների քանակով ու բովանդակությամբ, ե՛ւ ընդդիմության կողմից առաջարկված օրինագծերն ընդունելու առումով, քննարկումերի որակով ու ծավալով խիստ տարբերվում են:
Նախկինում քննադատում էին, որ խորհրդարանը կառավարության բերած օրենքներն է դակում: Երբ նայում ենք տվյալները, թե պատգամավորները քանի օրինագիծ են դրել շրջանառության մեջ ու դարձրել օրենք, պարզ է դառնում, որ հեղափոխությունից առաջ ԱԺ-ն ընդամենը սպասարկել է կառավարության բերած նախագծերը եւ միայն չնչին մասով է կատարել իր բուն գործառույթը: 6-րդ գումարման ԱԺ-ում քննարկված օրենսդրության ընդամենը 15,5 տոկոսն էր ԱԺ-ինը՝ 71 նախագիծ, մնացած օրենքները գալիս էին գործադիրից՝ 84,5 տոկոս՝ 388 նախագիծ: Հեղափոխությունից հետո 1 տարվա ընթացքում 7-րդ գումարման ԱԺ-ում քննարկված ու ընդունված օրենքների գերակշիռ մեծամասնությունը դարձյալ կառավարությունից են: Բայց, այս ԱԺ-ում համամասնությունը մեղմվել է ու պատկերը փոքր-ինչ փոխվել: 1 տարվա ընթացքում ընդունված 144 օրենքներից 88-ը կառավարության բերածն են: 56-ը՝ ԱԺ պատգամավորներինը: Այսինքն՝ 61.1 տոկոսն է հիմա կառավարությանը, 39 տոկոսը՝ ԱԺ-ինը:
Տիգրան Կարապետյանն ասաց, որ աշխարհի շատ երկրներում նախաձեռնությունները գալիս են կառավարությունից ու դա նորմալ է. «Եթե ուսումնասիրեք Գերմանիայի փորձը, կտեսնեք, որ այնտեղ շատ ավելի շատ են կառավարության բերած նախագծերը: Օրինակ, մենք նոր քննարկում էինք «Ոստիկանության մասին» ռեֆորմները, նախաձեռնողն էլի կառավարությունն էր, բայց մեր հանձնաժողովը ամբողջ ընթացքում աշխատել է նախագծի վրա, մենք ակտիվ մասնակցություն ենք ունեցել: Նմանատիպ բազմաթիվ օրենքներ կան, որտեղ հանձնաժողովը ակտիվ մասնակցություն է ունենում, բայց նախաձեռնողը կառավարությունն է: Այստեղ կարեւոր չէ, թե ով է հեղինակը, կարեւորը բովանդակությունն է եւ մեր երկրի զարգացմանը միտված օրենքներն են: Այստեղ ես նույնպես բովանդակային առումով 6-րդ գումարման ԱԺ-ի հետ տարբերությունը շատ եմ տեսնում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.06.2020