Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել էր գերբեռնված այն ավտոբուսի նկարը, որը տեղափոխում էր «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին: Իսկ այդ կարի ֆաբրիկայում բավականին վարակակիրներ կան:
Ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանը մեզ հետ զրույցում ասաց. «Կորպորատիվ շահերի համար իհարկե, լավ չի, որ արտադրամասը փակել են, պատվիրատուն թռավ, հետ գնաց: Ես ասացի՝ 3 օր է, ասացին՝ գիտենք, դա երեք օրվա բան չի, արդեն չենք հասցնի»:
Ըստ տնօրենի, ըստ էության, իրենք արտադրամասի ներսում խախտումներ չեն արել, ջերմաչափում արել են, ախտահանել են, գրանցել են, ներսում խնդիրներ չկան. «Ավտոբուսի նկարը որ նայում եմ, դե հիմա մեր հարգված վարչապետն է, զայրացած ասել է, բայց ես որ նայում եմ՝ այդ ավտոբուսում բան չեմ տեսնում: Ավտոբուսը այդքան լիքը չի»:
Կարդացեք նաև
Երբ ասացինք՝ գերբեռնված է՝ տնօրենը հակադարձեց. «Ինչո՞վ է գերբեռնված: Էս մի կողմի պատուհանից նայում ես՝ էն մի կողմի շենքի դուռը երեւում է, խի որ գերբեռնված լիներ՝ նա կթափանցե՞ր: 3 մարդ իրար հետեւից մտնում են, եսիմ ինչ արտառոց բան չի, բոլոր բանկերի դիմացը, բոլոր տեղերը դա է, մեր հայ ազգին բնորոշ հատկանիշ է՝ ինձանից սկսած, Վարդանյանով (նկատի ունի արտադրամասի փոխտնօրեն Լեռնիկ Վարդանյանին) վերջացրած: Մենք պարտաճանաչ չենք, օրենքին շատ ենթարկվող չենք»:
Հարցրեցինք՝ հունիսի 6-ից, երբ նորից սկսեն աշխատել, ի՞նչ են փոխելու, եթե ամեն ինչ մինչ այդ էլ նորմալ է եղել ու առանց խախտումների՝ նա պատասխանեց, որ այլեւս ավտոբուսով աշխատակիցներին չեն տեղափոխելու. «Դա ռիսկային է իրականում, ինձ թվում է՝ մի մասը կգան, մի մասը՝ չեն գա: Գյուղերից են շատ գալիս, նրանք հավանաբար չեն կարող գալ: Մարդ կա՝ 150 հազար է ստանում, 10 հազար էլ ավտոբուսին է տալիս, բայց հիմա դուրս է գալիս՝ դատարկ տեղը ես իմ համար պրոբլեմ եմ ստեղծում, ոնց ուզում են՝ թող գան: Վարձակալած ավտոբուսներ են՝ տանում-բերում են: Չեմ ասում մենք պատասխանատվություն չունենք, բայց հիմա պատասխանատվությունից խուսափելու համար ավտոբուսները չեն լինելու»:
Հարցին՝ ինչո՞ւ դուք դիմակով չեք, հնարավո՞ր է աշխատակիցները հետեւել են տնօրենի օրինակին, դրա համար էլ վարակվել են՝ նա պատասխանեց, որ դրսում դիմակ կրում է. «Հիմա չկողմնորոշվեցի: Ի դեպ, կարգը այսպիսին է, եթե երկու հոգի նստած են, մեկը դնում է, մյուսը կարող է չդնի: Իրավապահ մարմիններում եմ եղել այս վերջին օրը, ասեցին՝ դե լավ, ես կդնեմ, դու մի դնի»: Թե որ իրավապահներն են նման խորհուրդ տվել քաղաքացուն, երբ պարետը հստակ հրահանգում է՝ փակ տարածություններում դիմակ կրելը պարտադիր է, պարզ չեղավ:
Մանրամասները՝ ավելի ուշ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ