Քաղավիացիայի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանի վերաբերյալ վիրավորական գրառում կատարելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի համար վատ նախադեպ է:
«Կառավարության մոտ կանգնած, իշխանության շրջանակներում գտնվող անձի դեմ ակնհայտ ատելության խոսքեր պարունակող սադրանքները որեւէ իրավական գնահատական չեն ստանում», -նկատեց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ հայաստանյան պրակտիկայում նմանատիպ դեպքերում քրեական գործի հարուցումը մերժվում է հանցակազմի բացակայության հիմքով, որովհետեւ. «Քրեական օրենսգրքի տվյալ հոդվածը, որը վերաբերում է սպառնալիքին, իրենից ներկայացնում է այնպիսի ձեւակերպում, որ պետք է լինի որոշակի հեռավորության վրա, անձը պետք է հստակ ունենա վախի, տագնապի զգացում, այդ ամեն ինչը պետք է շատ իրական լինի, այնպես որ մեր պրակտիկայում բազմաթիվ նման գործեր են մերժվել, նույնիսկ սպանության սպառնալիքի դեպքում, որը հենց ինձ հետ է տեղի ունեցել. տոտալ պրակտիկա է, իսկ թե որքանով է դա արդարացված, չեմ կարող ասել, որովհետեւ չափել մարդու զգացողությունը, թե որքանով է այդ սպառնալիքը կամ ատելության խոսքը ֆիզիկական կամ բարոյական վնաս պատճառել, շատ դժվար է»:
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը Ռեւազյանի դեպքով հանցակազմ տեսնում է. «Ատելության խոսք կար, եթե հիշենք, թե ինչ տարածում ստացավ, ինչ «հրճվանք» առաջացրեց որոշ մասսաների մոտ ու ինչ հետեւանքներ կարող էին լինել, ես կարծում եմ, որ հանցակազմ կար ու պատասխանատվության ենթարկելու հիմքեր էլ կային… Մենք ասում էինք, որ մինչեւ կարեւորագույն փոփոխությունների գնալը պետք է անցկացնել վեթինգ, զտում այն բոլոր համակարգերում, որտեղ արդարադատություն պետք է իրականացնեն: Ո՛չ ատելության խոսքի հետ կապված, ո՛չ ապօրինի հարստացման հետ կապված, ո՛չ էլ բազմաթիվ այլ օրենքներ կյանքի կոչել հնարավոր չի լինելու, որովհետեւ նրանք, որ իրականացնելու են բուն գործընթացը, իրենք հենց կրիմինալի կրողն են, կրիմինալ գաղափարների կրողն են, կապեր ունեցողն են ե՛ւ ատելության խոսքի, ե՛ւ վիրավորանքի, եւ՛ խոշտանգման տարածողն են: Հրաշալի է, որ մենք օրենքներ ունենք, բայց ով է դրանք իրականացնելու»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ