Լրահոս
Օրվա լրահոսը

Պարետի հրահանգով «Գլորիա» կարի ֆաբրիկան փակվել է ու մեր ներկայության պահին պատահական ներս են մտնում իտալացի մատակարարները

Հունիս 03,2020 22:40

Ինչպես հայտնի է, Լոռու մարզում գործող «Գլորիա» կարի ֆաբրիկայի շուրջ աղմուկ է բարձրացել, վարչապետն էլ հրապարակել էր գերբեռնված ավտոբուսի նկարը, որը տեղափոխում էր այդ արտադրամասի աշխատակիցներին՝ խախտումներով, առանց սոցիալական հեռավորությունը պահելու:

Մենք այցելեցինք արտադրամաս: Մուտքի մոտ մեզ դիմավորեց պահակը ու հայտնեց, որ քիչ առաջ այնտեղ են եղել նաեւ մարզպետարանից: Ֆաբրիկայի գործունեությունը դադարեցված է մինչեւ հունիսի 6-ը: Արտադրամասի փոխտնօրեն Լեռնիկ Վարդանյանն ասաց, որ իրենք ունեն 2700 աշխատակից: Լուրեր կան, որ ֆաբրիկայում կա 36 վարակակիր աշխատակից, բայց փոխտնօրենը չհաստատեց դա՝ ասելով. «Առայժմ 14 են»:Հարցին՝ ամեն դեպքում շատ չի՞ այդ թիվը ձեր աշխատակազմում՝ նա արձագանքեց. «Իսկ հանրապետության մասշտաբով մեծ չի՞ թիվը, որ վարակվում են»:

Լեռնիկ Վարդանյանը վստահեցրեց, որ իրենք պահել են պարետի կողմից հայտարարված բոլոր կանոնները. «Բայց դե որտեղից էր եկել ու ոնց՝ չեմ կարող ասել: Ոչ ոք ապահովագրված չի, որ չի կարող վարակվել»: Վարդանյանն ասաց, որ ինքը չի թեստավորվել, քանի որ այն արտադրամասում, որտեղ հայտնաբերվել է վարակը, այնտեղ չի աշխատել:

Հարցրեցինք՝ այս պահին քանի՞ աշխատակից կա շենքում, փոխտնօրենը պատասխանեց՝ զրո, մինչդեռ տարածքում տեսանելի էին առնվազն ինքն ու պահակը: Նա բացատրեց. «Գլխավոր տնօրենը իր կաբինետում է, պահակը պահակակետում է, ես էլ՝ փոխտնօրեն, ուղղակի պատահական մտա ներս»:

Հարցրեցինք՝ բա որ չի աշխատում ֆաբրիկան, ինչո՞ւ եք եկել, նա արձագանքեց. «Բա դո՞ւք ինչի եք ստեղ»: Բացատրեցինք՝ եկել ենք, որ լուսաբանենք, փոխտնօրենը հեգնեց. «Բա ես էլ այստեղ եմ, որ պատասխանեմ ձեզ, լուսաբանեմ»:

Ավելի ուշ նա բարկացավ ու հրահանգեց պահակին, որ մեզ գրանցամատյանում գրանցի ու «ստուգի». «Հրաման է, դե հիմա բերեք ստուգենք»:

Քիչ անց պատահական ներս մտան իտալացի մատակարարները: Փոխտնօրենը բացատրեց. «Ապրանք է բերել: Իտալիայում զանգում են, ասում են՝ մի՞ եկեք»:

Մտանք գլխավոր տնօրեն Բագրատ Դարբինյանի աշխատասենյակ: Տնօրենը դիմակ չէր կրել ու մեզ հարցազրույց էր տալիս, փակ սենյակում բացի իրենից կար 5 մարդ:

Իսկ նրա հետ հարցազրույցի մանրամասները՝ ավելի ուշ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930