ԱԻՆ Արմավիրի ՄՓՎ-ն վարակազերծել է 200 տաղավար և 115 խանութի դիմային հատված
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, պարետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն մեկ օրով պետք է դադարեցվեր Արմավիրի մարզի Գայ համայնքի վարչական տարածքում գործող «Մեյմանդար» շուկայի գործունեությունը` տարածքը ախտահանելու և սանիտարական վիճակը վերականգնելու նպատակով:
Շուկան փակվել է այսօր` ժամը 10:00-ից, և կգործի վաղը` ժամը 10:00-ին: Սահմանված ժամկետում նախատեսված միջոցառումների շրջանակում ԱԻՆ Արմավիրի ՄՓՎ-ն այսօր վարակազերծման համալիր գործընթաց է իրականացրել շուկայի ողջ տարածքում` ախտահանելով 200 տաղավար և 115 խանութի դիմային հատված:
Ելնելով վերոգրյալից` դարձյալ վստահեցնում ենք մեր քաղաքացիներին, որ պարետի որոշումները, պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային նորմերը միայն ու միայն ուղղված են բոլորիս անվտանգության ապահովմանը և համաշխարհային այս մարտահրավերի միասնական հաղթահարմանը:
Ուստի յուրաքանչյուրիցս պահանջվում է քաղաքացիական գիտակցության բարձր աստիճանի դրսևորում և հանրային պատշաճ վերահսկողության իրականացում:
Առո՛ղջ եղեք:
Արմավիրի մարզպետարան