Հոդվածի առաջին մասում խոսեցինք շարժառիթների կարևորության մասին, իսկ այս հատվածում կխոսենք մեկ այլ կարևորագույն գործոնի մասին, որի առկայության դեպքում օտար լեզու սովորելու գործընթացը կդառնա հաջողված և հաճելի:
Խոսքը գնում է վստահության մասին. վստահություն մեր հանդեպ, որ մենք կարող ենք սովորել որևէ նոր լեզու, և որ ամենակարևորն է` հաղորդակցվել տվյալ լեզվով: Կարծում եմ` այստեղ կարևորագույն կետը մեր սխալներից չվախենալն է: Չի սխալվում նա, ով չի փորձում, այնպես որ լեզվական սխալներից ո՛չ թե բարդույթավորվել է պետք, այլ դրանց վրա կառուցել հաջորդ քայլերը: Հիշում եմ՝ դասերից մեկի ժամանակ հայտնի լեզվաբան Պ. Բալբոնին այս թեմային անդրադառնալիս բերեց նոր խոսել սովորող երեխաների օրինակը: Նա ասում է, որ երբ երեխան խոսելիս անկանոն բայը խոնարհում է կանոնավորի պես, օրինակ` եթե երեխան ասում է «ուտեցի» կերա ձևի փոխարեն, ապա դրանից պետք է միայն ուրախանալ, որովհետև դա խոսում է նրա լեզվական տրամաբանության ու վերլուծական հմտության մասին: Իսկ այն, որ ճիշտ է «կերա» տարբերակը երեխան շատ արագ կսովորի:
Կարծում եմ, որ այստեղ խնդիրը նաև հոգեբանական է և հաճախ կախված է մեր մոտեցումից, որ ունենք սխալների հանդեպ կյանքի տարբեր ոլորտներում: Իհարկե, այստեղ մեծ դեր ունի դասավանդողի մոտեցումը: Եթե նա անվերջ ուղղի մեր բոլոր սխալները, ապա, անշուշտ, ինքներս մեզ շատ անհաջողակ կթվանք: Ճիշտ կլինի բոլոր սխալները ուղղելու փոխարեն ուղղել միայն դասի թիրախային նյութին վերաբերող և անընդհատ կրկնվող սխալները:
Մեր վստահությունը սովորաբար սկսում է պակասել, երբ հերթը հասնում է լեզվական առավել բարդ կառույցներին: Մի անգամ, երբ թեման վերաբերում էր անկանոն բայերին, սովորողներից մեկը կես կատակ ասաց. «Այ հենց այստեղ հասանք, իսպաներենը թողեցի»: Կարծում եմ, որ բոլորիս հետ էլ նման պահեր լինում են, երբ մտածում ենք, որ երբեք էլ չենք սովորի տվյալ լեզուն: Այստեղ կարևոր է մեր փոքր հաջողությունները նկատելը և ինքներս մեզ խրախուսելը: Այն, որ արդեն մի փոքր հասկանում ենք ֆիլմը, կամ այն, որ մեր մասին կարող ենք կարճ պատմել, խոսում է մեր հաջողությունների մասին:
Կարդացեք նաև
Անհրաժեշտ է կենտրոնանալ ոչ թե այն բանի վրա, ինչը չի ստացվում, այլ նրա վրա, ինչը ստացվում է և քայլ առ քայլ առաջ գնալ: Մենք սովորում ենք օտար լեզու մի միջավայրում, որտեղ այն գոյություն չունի, եթե, իհարկե, չենք որոշել սովորել այն մի երկրում, որտեղ այն համարվում է մայրենի լեզու: Ուրեմն վերաբերվեք դրան, որպես մի հաճելի խաղի, որից ուզում եք հաղթող դուրս գալ:
Հիշե՛ք, որ լեզու սովորելն էլ մի մարտահրավեր է, և պետք է փորձել հաղթահարել այն: Չէ որ այն մի նոր աշխարհ է բացում ձեր առաջ ու հնարավորություն տալիս նորովի տեսնելու գուցե ձեզ լավ ծանոթ իրականությունը: Ինչպես ասում էր հայտնի փիլիսոփա Լ. Վիտգեյնշտեյնը. «Իմ լեզվի սահմանները իմ աշխարհի սահմաններն են»:
Ուրեմն ընդլայնե՛ք այդ սահմանները, վայելե՛ք ընթացքը և վստահ եղե՛ք, որ ձեզ մոտ ամեն ինչ ստացվելու է:
Անի ՎԱՐԴԱՆՅԱՆ