Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ ծաղրում են պատգամավորի մազի ձևը, դա որևէ կերպ օրենքով սահմանելի չէ». Սոս Ավետիսյան

Հունիս 03,2020 21:52

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը վստահեցրեց՝ առցանց տարածքի և իրական կյանքի հարաբերությունները տարբեր են:

«Հոդված 3» ակումբի կազմակերպած «Ատելության խոսքը սոցիալական մեդիայում. հայաստանյան իրողություններ» թեմայով տեսաքննարկմանը պատգամավորն ասաց. «Երբ իմ երդումը տվեցի, հասկանում էի, որ կարող է շատ տհաճ բաներ լսեմ: Ոչ թե մարդու կրոնական կամ սեռական հատկանիշներով է թիրախավորումը լինում, այլ հանրային պաշտոնյային արդեն իսկ այդ խոցելի խմբի մեջ տեղադրված՝ մեղադրանք են հնչեցնում: Դա դառնում է գործիք: Այն ընդհանուր տեղեկատվական իրավիճակը, որ կա ՀՀ-ում, ունի լուրջ վտանգներ: Մինչդեռ հանրային համերաշխությունը երկրի անկախության ու արժանապատվության լավագույն հարթակն է»:

Սոս Ավետիսյանի վստահեցմամբ՝ ատելության խոսքը պետք է քրեականացնել և այն քրեականացվել է: Այս առիթով նա պարզաբանեց. «Բայց ինքն ունի կոնկրետ չափանիշներ. չափանիշները ենթադրում են, որ դա պետք է լինի հրապարակային, ուստի պետք է հասկանալ՝ հրապարակայինը որն է, այն պիտի լինի ուղղված կոնկրետ խոցելի խմբերի, խոցելի հատկանիշներով: Պարզ է՝ հանրային պաշտոնյաներն ամեն դեպքում ավելի պաշտպանված են, քան քաղաքացիները: Իսկ օրենսդրական կամ տեխնոլոգիական կարգավորումները պետք է բերեն մշակութային ու կրթական փոփոխության: Երբ ծաղրում են  պատգամավորի մազի ձևը, դա որևէ կերպ օրենքով սահմանելի չէ: Առհասարակ օրենքը որպես այդպիսին իր փիլիսոփայությամբ վերջին գործիքն է քաղաքականության մեջ: Ավելի շատ լավ կլիներ, որ մեզ մոտ լիներ կրթամշակութային և նորմատիվ փոփոխությունը»:

Պատգամավորը նկատեց, որ ժամանակին, երբ խոսքն առհասարակ ճնշվում էր, և այս կամ այն ռեժիմը, անհատ օլիգարխը հնարավորություն ուներ իրենց սխալ ասած մարդուն ծեծել, այդ խոսքը չէր լինում: Խոսելով ներկայիս իրավիճակի մասին՝ Սոս Ավետիսյանն ասաց. «Դա այն մի ազատությունն է, որն այսօր ունենք, բայց դրա հետ մեկտեղ կարևոր է, որ ստեղծենք քննարկման միջավայրը, որն այլ կլինի»:

Նա նաև տեղեկացրեց, որ եվրոպական մի քանի հետազոտություններ ցույց են տալիս, որ ֆեյսբուքում և այլ սոցիալական ցանցերում ձևավորվում են խմբեր, որոնք կանխում են ատելության խոսքի տարածումը, ունեն իրենց չափանիշները: Պատգմավորը փաստեց, որ ՀՀ-ում այդ նորմատիվությունը չի ձևավորվում:

Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930