Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Սխալ է, որ մեղադրանքը հնչում է քաղաքացիների հասցեին, մեղադրանք չի հնչում, հնչում է իրավիճակի գնահատական»

Հունիս 03,2020 21:40

«Մեր հիմնական նպատակն է, որ հրաժարական տա կորոնավիրուսը, եւ դրան պետք է հասնենք միասին»,-այսօր այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է պաշտոնյաների հրաժարականներ լինեն կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու համար, եւ արդյոք կառավարությունը, վարչապետի գլխավորությամբ պատասխանատվություն չի կրում, որ անընդհատ մեղադրանքներ են ուղղում քաղաքացուն:

«Սխալ է, որ հիմնական մեղադրանքը հնչում է քաղաքացիների հասցեին, ոչ մի մեղադրանք չի հնչում, հնչում է իրավիճակի գնահատական: Այսինքն, մենք պետք է ախտորոշենք մեր իրավիճակը, թե ի՞նչը այնպես չենք անում, որ այս ամենը տեղի է ունենում»,-պատասխանեց վարչապետը:

Նրա կարծիքով՝ մեղադրանք հնչում է, երբ կա վնաս պատճառած կողմ եւ տուժող կողմ, այս դեպքում ո՛չ այն կա, ո՛չ էլ այն. «Մենք բոլորս միասին ե՛ւ վնասը կրողն ենք, ե՛ւ պատճառողը: Այս ամենի լուծումը հանրային վերահսկողությունն է, մենք բոլորս պետք է դառնանք վերահսկողը մեր վարքագծի»:

Վարչապետն ասաց, որ նաեւ առողջապահական համակարգի արտակարգ գործունեության արդյունքն է, որ այս տարի հունիսի մեկի դրությամբ ունենք 357-ով պակաս  մահ, քան անցած տարի, որովհետեւ մարդիկ կորոնավիրուսով հոսպիտալացվել են եւ դրա հետ մեկտեղ բուժվել են այլ հիվանդություններից էլ.«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բժիշկներին, մարդիկ անմնացորդ, նվիրումով աշխատում են»:

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ոստիկանության գործողությունները հակահամաճարակային աշխատանքներում, Փաշինյանը պատասխանեց մի օրինակ բերելով՝ անցագրային կետեր են տեղադրել, որտեղ պարտադիր է դիմակի կրումը, բայց բազմաթիվ դեպքեր են արձանագրվում, երբ մարդիկ այդ կետերում դնում են դիմակը, դուրս են գալիս ու հանում դրանք.«Սա իրավիճակ է: Ես երեկ ավելի մեծ քննադատությամբ էի վերաբերվում ոստիկանության աշխատանքին, քան այսօր, երբ երեկվանից մինչեւ այսօր տեսա, թե ինչպես չեն պահպանում հակահամաճարակային կանոնները: Ես սարսափեցի այդ ծավալից: Առաջին հայացքից պահպանում են, բայց բակերում դպրոցներում, բանկերի մերձակայքում…»:

Ըստ վարչապետի, ոստիկանության համակարգում էլ վարքագծի կանոնների պահպանման խնդիր կա, ոչ բոլոր ոստիկաններն են պահպանում կանոնները.«Եվ  եթե ես ասում եմ՝ ես էլ եմ վարակվել, նշանակում է՝ ես չեմ պահպանել հակահամաճարակային կանոնները:  Եկեք ընդունենք, որ սխալվել ենք, սխալվել է կառավարությունը, ոստիկանությունը, քաղաքացիներն էլ, բայց եկեք այս զրոյական կետը ֆիքսենք եւ  միասին աշխատելով իրավիճակը վերցնենք հսկողության տակ»:

Փաշինյանը հայտարարեց՝ վաղն առավոտից հանրային վերահսկողության գործողությունները շարունակելու են, ապա կոչ արեց քաղաքացիներին իրենց ֆեյսբուքյան էջում հրապարակեն կանոնների խախտումների լուսանկարները՝ հասցեներով:

«Առաջիկա շաբաթ-կիրակի օրերին տասնյակ հարսանիքներ ենք բացահայտել, որտեղ հարյուրավոր հյուրեր էին հրավիրված, եւ այդ գործողությունները կանգնեցրել ենք, ոչ թե որ մենք չենք ուզում, որ մարդիկ ուրախանան, այլ չենք ուզում, որ մարդիկ իրենց ուրախությունն ի վերջո հիշեն դժբախտությունների համատեքստում: Մենք մարտ-ապրիլին դեպքեր ենք ունեցել, երբ ուրախության առիթը ընտանեկան դրամաների արդյունք է դարձել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930