Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Չնայած համաճարակային մեծ աղմուկին, մարդիկ սկսել են ավելի քիչ լսել մահվան դեպքերի մասին»

Հունիս 03,2020 20:55

«Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը Հայաստանում շարունակում է լարվել եւ երեկ 515 նոր դեպք ենք ունեցել, այս թիվը վերջին օրերին ինձ համար հասկանալի չէր»,-այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ պատճառների մասին պետական մարմինների զեկույցները չէին բավարարում, ուստի դիմեց հանրությանը, որոնք վարչապետի ֆեյսբուքյան էջին էին ուղարկում լուսանկարներ, որի միջոցով իր խոսքերով ասած՝ հրեշավոր իրականություն բացահայտեց՝ ՀՀ-ում գործ ունենք հակահամաճարակային կանոնների խախտման եւ չպահպանման ահռելի ծավալների հետ.

«Ըստ էության, այս իրավիճակում ընդունված է եւ առաջին ռեակցիան այն է, որ պետք է քննադատության ենթարկել ոստիկանությանը, բայց իրավիճակի ուսումնասիրության արդյունքում արձանագրեցինք, որ գործ ունենք հեղափոխության ժամանակ հաստատված հայելային պատկերի հետ։ Ոստիկանության արդյունավետությունը կախված է գործողության ծավալից, կա մի գործողություն, որից ավելի աշխարհի ոչ մի ուժային կառույց չի կարող պայքարել: Ոստիկանության գործողությունը կարող է լինել արդյունավետ,  բայց եթե մեծամասնության կողմից, առնվազն տարբեր դրվագներով չի պահվում, սա դուրս է գալիս վերահսկողությունից»:

Փաշինյանը նշեց. «Կանոնները չեն պահպանում հանրության տարբեր շերտերը, լայն ծավալով։ Տեղի են ունեցել գաղտնի հարսանիքներ, խնջույքներ, վերջին զանգեր, այլ տոնական միջոցառումներ և այս ամենը բերեց նրան, որ գործ ունենք կանոնների ապակենտրոն չպահպանման հետ։  Այս ամենը պետք է ունենար պատճառ։ Ինձ համար կարեւոր է հասկանալ պատճառները, թե ինչու են մարդիկ այսպես անփույթ կերպով վերաբերվում հակահամաճարակային կանոններին»:

Պատճառն՝ ըստ վարչապետի. «Որքան էլ զարմանալի թվա, բայց 2020 թվականին Հայաստանի հանրապետությունում ավելի քիչ մահ է գրանցվել՝ առաջին վեց ամիսներին, քան նախորդ տարի։ Ավելին ասեմ՝ այս տարվա մայիսին 320-ով պակաս մահ է գրանցվել ՀՀ-ում: Այս երեւույթի հետեւանքն այն է, որ չնայած համաճարակային մեծ աղմուկին, մարդիկ սկսել են ավելի քիչ լսել մահվան դեպքերի մասին եւ սա ենթագիտակցական ազդեցություն չի կարող չունենալ: Սրա պատճառը՝ նախ՝ կորոնավիրուսը կլանել է սովորաբար  տեղի ունեցող մահերը եւ այն մարդիկ, ովքեր նախորդ տարի մահացել են բազմաթիվ այլ պատճառներից, այս տարի մահացել են կորոնավիրուսից: Եվ 2-րդը՝ ինչո՞ւ են ավելի քիչ մահացել, որովհետեւ այս տարի կորոնավիրուսի բերումով ավելի շատ մարդիկ են ստացել առողջապահական ծառայություններ, կորոնավիրուսի բերումով շատ ավելի մարդիկ են հոսպիտալացվել եւ  բուժվել են ոչ միայն կորոնավիրուսից, այլեւ հարակից այլ հիվանդություններից: Մեկ այլ գործոն էլ կա՝  դժբախտ պատահարների թվի նվազումը՝ կապված տեղաշարժի սահմանափակման հետ»:

Վարչապետը կոչ  արեց քաղաքացիներին միանալ հանրային վերահսկողության գործընթացին եւ  ֆեյսբուքյան էջերում տեղադրել հակահամաճարակային կանոնների խախտման մասին փաստեր, ինքն էլ ամեն օր անդրադառնալու է եւ հրապարակելու խախտումները, որոնք կուղարկեն ֆեյսբուքի իր էջին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930