Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մերձավորարևելյան և Հյուսիսաֆրիկյան տարածաշրջանները՝ Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր ուղղություններ

Հունիս 03,2020 21:12

 «Առավոտի» հարցազրույցը՝ «Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամ, արաբագետ, պ.գ.թ., դոցենտ Սարգիս Գրիգորյանի հետ:

Պրն. Գրիգորյան, Միջին Արևելքը եղել և մնում է աշխարհի ամենաանկայուն տարածաշրջաններից մեկը, որտեղ խաչվում են աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական բազմաթիվ շահեր, առկա են չդադարող հակամարտություններ: Ինչպե՞ս եք գնահատում տարածաշրջանային ներկայիս գործընթացները, ինչպիսի՞ն է համավարակով պայմանավորված իրավիճակն այստեղ:

– Միջին Արևելքը մնում է այն տարածաշրջանը, որտեղ եղել են կան ու, կարծում եմ, դեռ երկար կլինեն չլուծված խնդիրներ, որպես դրանց հետևանք երկարատև դեռևս շարունակվող հակամարտություններ, որոնք էլ լարված են պահելու ողջ տարածաշրջանը: Պատմության խորքերից եկող մեզ հայտնի այդ խնդիրներին ավելանում են նորերը, օրինակ՝ տարածաշրջանային նոր գործընթացները, սիրիական հակամարտությունն ու դրա ընթացքը, Սիրիայի պատերազմով պայմանավորված նոր իրողությունները, կորոնավիրուսով պայմանավորված նոր իրավիճակը և այլն: Կարելի է փաստել, որ տարածաշրջանային գործընթացներում լարվածությունը շարունակվում է, դրան ավելացել է նոր համավարակը կորոնավիրուսի տեսքով, որի դեմ պայքարում տարածաշրջանային երկրները լավ կողմով իրենց չցուցաբերեցին:

Ի՞նչ սպասել արդեն 9 տարի ընթացող սիրիական ճգնաժամում, արդյո՞ք կտեսնենք սիրիական խնդրի հանգուցալուծմանը միտված դրական տեղաշարժեր 2020 թվականին:

– Սիրիական պատերազմը, որը սկսվեց 2011 թ. մարտից, դարձավ 21-րդ դա­րի ե­րկ­րորդ տաս­նա­մյա­կի թերևս ա­մե­նաող­բեր­գա­կան հա­կա­մար­տու­թյունը: Դեռ պարզ չէ, թե ինչպես կավարտվի այն, սակայն, պետք է փաստել, որ իրավիճակի հստակություն է նկատվում այն առումով, որ կան տարածաշրջանային և արտատարածաշրջանային խաղացողներ, որոնց ներգրավվածությունը սիրիական խնդրում արդեն որոշակի կանխատեսելիություն է մտցնում հակամարտության հետագա ընթացքում և դրա կարգավորման մեջ:  Ասեմ ավելին, կար­գա­վոր­մանը միտված ներկայիս գոր­ծըն­թաց­նե­րը թույլ են տա­լիս են­թադ­րել, որ հա­կա­մար­տու­թյան մեջ ներգ­րավ­ված կող­մերն ան­ցում են կա­տա­րել Սի­րի­այի ճգ­նա­ժա­մի հատ­վա­ծային կար­գա­վոր­ման տար­բե­րա­կին: Այն են­թադ­րում է ռազ­մա­քա­ղա­քա­կան և սո­ցի­ալ-տն­տե­սա­կան կար­ևո­րու­թյուն ու­նե­ցող ա­ռան­ձին շր­ջան­նե­րին ա­ռնչ­վող խն­դիր­նե­րի կար­ճա­ժամ­կետ լու­ծում կամ սա­ռե­ցում, զար­գա­ցում­նե­րի կան­խա­տե­սե­լի­ու­թյան ա­պա­հո­վում, ո­րից հե­տո հնա­րա­վոր կլի­նի սի­րի­ա­կան խնդ­րի վե­րա­բե­րյալ հասնել հա­մա­պար­փակ լուծումների:

Վերոհիշյալի համատեքստում ինչպիսի՞ հնարավորություններ եք տեսնում Հայաստանի համար սիրիական ուղղությամբ:

– Սիրիական հակամարտության այսօրվա հատվածային բնույթը լայն դաշտ է բացում Հայաստանի իշխանությունների համար` ներսիրիական գործընթացներում ինչ-որ չափով ներգրավվելու և տարբեր խողովակներով սեփական ուղերձները հասցեատերերին փոխանցելու առումով: Սիրիայում հայկական համայնքն ու հայաստանյան ներկայացուցչությունները (դիվանագիտական, հումանիտար առաքելություն և այլն) տալիս են հնարավորություններ էլ ավելի առարկայական դարձնելու մեր ներկայությունը Սիրիայի Արաբական Հանրապետությունում: Ճիշտ է հակամարտությունը շարունակվում է, սակայն ժամանակն է անել առաջին քայլերը այդ ուղղությամբ:

Կա՞ն արդյոք այլ ուղղություններ Միջին Արևելքում, որտեղ Հայաստանը կարող է ակտիվություն դրսևորել:

– Մերձավոր Արևելքում  և Հյուսիսային Աֆրիկայում ընթանում են խորքային գործընթացներ և փոխակերպումներ: Այստեղ կան ուժային կենտրոններ և տարբեր խաղացողներ, որոնց հետ հարաբերություններում պետք է վերանայել ավանդական մոտեցումները, փորձ անել նոր թափ հաղորդել Հայաստան/Արաբական աշխարհ փոխառնչություններին: Սակայն, այստեղ շատ կարևոր է առանձնահատուկ մոտեցումներ ունենալ առանձին երկրների ուղղությամբ: Մեզ համար կարևոր ուղղություններ են Լիբանանը, Հորդանանը, Իսրայելը, Իրաքը, Իրաքյան Քուրդիստանը, Պարսից ծոցի արաբական միապետությունները, որոնց շարքում պետք է առանձնացնել Սաուդյան Արաբիան, Կատարը և ԱՄԷ-ն: Հիշյալ երկրների նկատմամբ պետք է մշակել առանձնահատուկ մոտեցումներ՝ իհարկե հաշվի առնելով տարածաշրջանային գործընթացները, փորձելով այստեղ ավելացնել հայկական և հայաստանյան ազդեցությունը: Մեր արտաքին քաղաքականության համար շատ կարևոր ուղղություն պետք է դառնա Հյուսիսային Աֆրիկան: Եգիպտոսը ամենաազդեցիկ արաբական երկրների շարքում է, որի հետ մեր հարաբերությունները պետք է կառուցել փոխադարձ վստահության և փոխըմբռնման վրա:

Լիբիական ուղղությունը ևս մեր ուշադրության կենտրոնում պետք է պահել: Այստեղ դեռևս պատերազմ է և լարված իրավիճակ, այդուհանդերձ, հաշվի առնելով Թուրքիայի ակտիվությունը, պետք է ուշի ուշով հետևել լիբիական գործընթացներին: Մերձավորարևելյան և Հյուսիսաֆրիկյան տարածաշրջաններում Թուրքիայի վարած հավակնոտ քաղաքականությունն ու նկրտումները հնարավորություն են տալիս Հայաստանի արտաքին քաղաքականության առավել առարկայական հայանպաստ կիրակումների և այդ տարածաշրջաններում մեր գործընկերների հետ առավել անկեղծ փոխառնչությունների համար: Բացի դրանից, 2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանի Հանրապետությունը ունի հնարավորություն արտաքին քաղաքականության ոլորտում էլ ավելի նախաձեռնողական դիրքերից հանդես գալու համար, որը պետք է խարսխել տարածաշրջանային գործընթացների խորը վերլուծության և ճիշտ գնահատումների վրա: Վերոհիշյալի համատեքստում և հաշվի առնելով նոր իրողությունները՝ Մերձավորարևելյան և Հյուսիսաֆրիկյան տարածաշրջանները պետք է լինեն հայաստանյան արտաքին քաղաքական կարևոր ուղղությունների շարքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930