Լրահոս
Օրվա լրահոսը

Պարետ. «Բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է»

Հունիս 03,2020 20:12

Հանրային բաց տարածքներում դիմակ կրելը կդառնա պարտադիր: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

Նա հիշեցրեց՝ մինչ այժմ դիմակ կրելը պարտադիր էր փակ տարածքներում, կանգառներում, տրանսպորտում, առեւտրի եւ սպասարկման կետերում, իսկ բաց տարածքներում դիմակի առկայությունն էր պարտադիր, եւ այս որոշման նպատակն էր՝ փուլային անցում կատարել: Այսօր պարետատան նիստին, ինչպես ասաց Ավինյանը, բնակության վայրի բնակելի տարածքից դուրս բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր: Բացառություն է լինելու մինչեւ վեց տարեկան երեխաների եւ ֆիզիկական վարժություններ կատարող անձանց համար:

«Նման ունիվերսալ եւ առանց ծայրահեղ բացառությունների որոշումը վերահսկողության հեշտացման համար է, որոշ դեպքեր թողնված են տրամաբանական եւ բանական մոտեցմանը: Հիմնականում պետք է, որ խնդիր չունենանք: Հասկանում եմ, որ շատ անհարմարություն է առաջանալու դիմակ կրելիս, հատկապես եղանակային նման պայմաններում: Բայց ցավոք, այս փուլում, կանոնների առումով, բավականին նեղ շրջանակ կա, որը մնացել է, եւ այս նեղ շրջանակից  ընտրվել են ամենաարդյունավետները՝ դիմակի կրումը էականորեն նվազեցնում է կորոնավիրուսի վարակի տարածման ինտենսիվությունը, նույնիսկ ինքնաշեն պատրաստած դիմակների պատշաճ կրումը էականորեն նվազեցնում է վարակի տարածման արագությունը, իսկ եռաշերտը եւ բժշկական դիմակների  կրումն ավելի արդյունավետ է»,-ասաց Ավինյանը:

Պարետատան նիստին այլ հարցեր էլ են քննարկվել, մասնավորապես, ինչպես պարետն ասաց, գնահատվել է առողջապահական համակարգի ներկա իրավիճակն ու դրա սպասարկման հնարավոր ծավալները. «Մենք մեր գործիքակազմում ունենք ծայրահեղ միջոցներ, ինչպես նաեւ տեղաշարժի սահմանափակումներին վերադարձը, տնտեսական գործունեության սահմանափակումներին վերադարձը, նաեւ՝ հնարավոր պարետային ժամի սահմանման հնարավորությունը: Հնարավորինս փորձում ենք ներկա առողջապահական իրավիճակից՝ ծանր, բայց որոշ չափով կայուն իրավիճակից ելնելով, չդիտարկել այս որոշումները եւ գնալու ենք կանոնների պահպանման տրամաբանությամբ եւ նաեւ վերահսկողության  բարձրացման գործողությունները բարձրացնելով»:

Ավինյանը եւս կոչ արեց կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորությունը եւ պարբերաբար ձեռքերը լվանալ. «Որեւէ վերահսկողություն չի կարող լինել արդյունավետ, եթե մեր հանրային վարքագծում տեղի չունենան էական փոփոխություններ: Մենք պետք է մեր հարմարավետության շրջանակից դուրս գանք, մեզ մի փոքր նեղություն տալով՝ այլ վարքագիծ ձեւավորենք»: Ավինյանը գործարարներին կոչ արեց հնարավորության դեպքում աշխատանքը կազմակերպել հեռավար:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930