Ինչպես հայտնել էինք, խորհրդարանն այս պահին արտահերթ նիստ է գումարում՝ օրակարգում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված օրինագծով: «Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած՝ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններով՝ այս ընթացքում մեկուսացված եւ ինքնամեկուսացած անձինք աշխատավարձի 80%-ի չափով(որոշ մասը վճարելու է գործատուն, մնացածը՝պետությունը) «մեկուսացման նպաստ» կստանան:
Նպաստից չեն օգտվի նրանք, ովքեր մեկուսացման պայմաններում հեռավար կարգով աշխատել են, հարկադիր պարապուրդում են գտնվել, կամ խախտել են մեկուսացման պայմանները: Ուշագրավ է, որ կառավարության կարծիքն այս օրինագծի վերաբերյալ բացասական է:
Մասնավորապես, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը պարզաբանեց. «Օրինագիծը ֆինանսական բեռ է ավելացնում գործատուի վրա, եւ գործատուն էլ է տուժել այս ընթացքում, իսկ բեռն ամբողջությամբ պետբյուջեի վրա տեղափոխելը կխաթարի համակարգը: Մյուս կողմից, կառավարությունն այս ընթացքում թիրախային սոցիալական ծրագրեր է իրականացրել»:
«Իմ քայլի» մի քանի պատգամավորներ նախ շեշտեցին, որ Սաիյանի հիմնավորումներն այնքան էլ համոզիչ չեն, չէ՞ որ մարդիկ վիրուսի պատճառով են տուժել, եւ բնական է, որ գործատուն էլ պետք է նպաստի նրա վիճակի լավացմանը:
Կարդացեք նաև
«Իմ քայլից» Լուսինե Բադալյանը զարմացավ, փոխնախարարին կոչ արեց ազնիվ լինել եւ հիմնավորել, թե ինչու պետք է ձեռնպահ մնալ օրինագիծն ընդունելուց:
«Իմ քայլից» Բաբկեն Թունյանն էլ նկատեց. «Նարեկ Զեյնալյանն օրինագիծ է մշակել, խմբակցությունով ստորագրություններ ենք հավաքել եւ արտահերթ նիստ արել, ու հանկարծ պարզվում է, որ կառավարությունը դեմ է: Այնքան էլ լավ բան չի»:
Անկուսակցական պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ ասաց. «Սա վկայում է այն մասին, որ կառավարության եւ խորհրդարանի միջեւ համավարակի պայմաններում մեծ խզում կա, ինչն անթույլատրելի է»:
Ապա` օրինագիծն առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության: «Կողմ» քվեարկեց 98, իսկ «դեմ»՝ 1 պատգամավոր. որոշումն ընդունված է: Առաջիկայում սպասվում է օրինագծի երկրորդ եւ ամբողջական ընդունման քվեարկությունը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ