ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը տեսակապի ձևաչափով զրույց է ունեցել ԵՄ արտաքին գործողության եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորա Բենավենտեի հետ
Հունիսի 3-ին տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և ԵՄ արտաքին գործողության եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի` քաղաքական հարցերով տեղակալ, քաղաքական տնօրեն Էնրիկե Մորա Բենավենտեի միջև զրույցը՝ տեսակապի ձևաչափով։
Կողմերը քննարկեցին նոր տիպի կորոնավիրուսային համավարակին, ՀՀ ներքին բարեփոխումներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, Արևելյան գործընկերության (ԱլԳ) ապագային և ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։
Մասնավորապես, ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց համավարակով պայմանավորված իրադրությունը Հայաստանում և համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության համար։
Կարդացեք նաև
Շեշտվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և դրա արդյունավետ կիրարկման կարևորությունը՝ այդ թվում ՀՀ կառավարության կողմից որդեգրված հավակնոտ բարեփոխումների կյանքի կոչմանը խթանելու տեսանկյունից։
Երկուստեք ընդգծվեց ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի անհրաժեշտությունը։
Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը և ԵՄ արտաքին գործողության եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալն անդրադարձան նաև Արևելյան գործընկերության շրջանակներում առաջիկայում հեռավար ձևաչափով կայանալիք միջոցառումներին:
ՀՀ ԱԳՆ