Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկուսացածները նպաստ կստանան՝ որոշ բացառություններով. օրինագիծն ԱԺ-ում է

Հունիս 03,2020 18:45

Խորհրդարանն այս պահին արտահերթ նիստ է գումարում՝ օրակարգում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված երկու օրինագծով: Առաջինը վերաբերում է «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններին: «Քանի որ վարակի տարածումը կանխելու նպատակով անձանց մեկուսացման ցուցումներ են կատարվել, եւ վարձու աշխատողները եկամուտ չեն կարողացել ստանալ, առաջարկում ենք մեկուսացման նպաստ այն անձանց համար, որոնք վարձու աշխատող են կամ ինքնուրույն են աշխատանքով ապահովել իրենց, եւ պարետատան ցուցմամբ մեկուսացվել են: Անաշխատունակության նպաստի մոդելի մասին է խոսքը»,-ներկայացնելով օրինագիծը՝ ասաց ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:

Նրա փոխանցմամբ՝ հեռավար կարգով աշխատած մարդիկ, հարկադիր պարապուրդում գտնվածները, որոնց գործատուն որոշ չափով վճարել է, մեկուսացման պայմանները խախտածները չեն օգտվի նպաստի այս տեսակից. «Մեկուսացվածները մինչեւ օրս մոտ 5000-ն են եղել, իսկ ինքնամեկուսացածները՝ 15000-ը: Այս թվի մեջ նպաստից չեն օգտվի վերոնշյալ անձինք: Ամսական միջին աշխատավարձի հաշվարկով 400 միլիոն դրամ է բյուջեից տրամադրվելու նպաստի այս տեսակին: Նպաստը անձին տրամադրվելու է ըստ նրա ստացած աշխատավարձի 80%-ի չափի»:

«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը մտահոգվեց՝ այս օրինագիծը գուցե առիթ լինի, որ մարդիկ ներկայանան իբրեւ կոնտակտավոր՝ նպաստը ստանալու համար: Նարեկ Զեյնալյանը չհամաձայնեց. «Եթե մարդն աշխատող է, իմաստը ո՞րն է մեկուսանալու եւ ավելի քիչ գումար ստանալու: Գուցե եզակի դեպքերում ձեր ասածը լինի, բայց տրամաբանական չէ»: Պատգամավորներից նաեւ հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս են պարզելու, որ անձը խախտել է մեկուսացման պայմանները: Զեյնալյանը նշեց. «Գուցե որոշ դեպքերում մեկուսացումը խախտածները չհայտնաբերվեն, բայց հայտնաբերված դեպքերն արձանագրվում են, որի համար վարչական տույժ է կազմվում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930