Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզեցվել է բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը

Հունիս 03,2020 18:24

ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը շուրջ 75 %-ով կրճատել է քաղաքացիների՝ տարածքային մարմիններ դիմելու անհրաժեշտության դեպքերը: Դիմումների ընդունումը, հիմնականում, կազմակերպվում է առցանց:

ՀՀ կառավարության որոշմամբ՝ մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» որոշման հետ կապված, որոնք զգալիորեն կնվազեցնեն ԲՍՓ տարածքային մարմիններ դիմելու անհրաժեշտությունը:

Ըստ այդմ՝ սկսած 2020 թ.-ի մարտի 1-ից, անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա կրկնակի անգամ բժշկասոցիալական փորձաքննություններն (վերափորձաքննություններ) իրականացվում են հատուկ ընթացակարգով՝ պարզեցված եղանակով, առանց անձի զննության:

Բացառություն են կազմում հեռակա փորձաքննությունները, հաշմանդամության պատճառական կապը փոխելու, մահվան պատճառական կապը, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը որոշելու, վերականգնողական անհատական ծրագիր մշակելու (լրացնելու) և փոփոխություններ կատարելու, առողջական վիճակը վատթարանալու, «հաշմանդամ երեխա» կարգավիճակից հետո 18 տարին լրանալու, 17 տարեկանից հետո հաշմանդամությունը «մինչև 18 տարին լրանալը» ժամկետով և օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալուց հետո անժամկետ սահմանելու դեպքերում իրականացվող բժշկասոցիալական վերափորձաքննությունների:

Այս փոփոխությունը ուժի մեջ կլինի 1 տարի:

Վերոնշյալ ժամկետում վերափորձաքննության համար դիմող անձանց փորձաքննությունն իրականացվում է հետևյալ ընթացակարգով`

  • վերափորձաքննության համար դիմող անձը (ներկայացուցիչը) ներկայացնում է միայն դիմումը, առանց դիմումին կցվող՝ առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերի,
  • ԲՍՓ բաժինները վերափորձաքննությունն իրականացնում են առանց անձի օբյեկտիվ զննության,
  • բժշկասոցիալական փորձաքննական որոշում կայացնելու օրվանից հետո եռօրյա ժամկետում անձին տրամադրվում է բժշկասոցիալական փորձաքննական նոր որոշումը (վարչական ակտը)՝ նախորդ տարվա բժշկասոցիալական փորձաքննական որոշումով, 1 տարի ժամկետով,
  • բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքը մեկշաբաթյա ժամկետում ուղարկվում է անձի հաշվառման վայրի կամ փաստացի բնակության վայրն սպասարկող կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:

Բացի այդ, նոր կորոնավիրուսային վարակի տարածման ռիսկից խուսափելու, ստեղծված իրավիճակում աշխատակիցների և քաղաքացիների անվտանգությունը ապահովելու անհրաժեշտությունից ելնելով, սահմանվել է անցումային դրույթ. հայտարարված արտակարգ դրության ժամկետի ընթացքում դիմումների հիման վրա բժշկասոցիալական փորձաքննություններն (առաջին անգամ) իրականացվում են եռամսյա ժամկետում, բացառությամբ չարորակ նորագոյացություններ, վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության` օրգանիզմի ֆունկցիայի կայուն խիստ արտահայտված խանգարումներ ունեցող անձանց, անաշխատունակության թերթիկի ժամկետը երկարաձգելու, «հաշմանդամ երեխա» կարգավիճակից հետո 18 տարին լրանալու դեպքերում իրականացվող բժշկասոցիալական փորձաքննությունների։

Հստակեցվել է անձի՝ հեռակա վերափորձաքննության դիմելու ժամկետը. անձը կամ նրա ներկայացուցիչը հեռակա բժշկասոցիալական փորձաքննության կարող է դիմել հաշմանդամության սահմանված ժամկետի ավարտից հետո՝ երեք ամսվա ընթացքում։

 Նոր դրույթ է ավելացվել մինչև 16 տարեկան երեխաների ծնողի կամ խնամակալի մահվան, ծնողների ամուսնալուծության և այլ դեպքերում բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքի մեջ ներկայացուցիչի անձնական տվյալների փոփոխություն իրականացնելու վերաբերյալ։

Ըստ այդմ՝ մինչև 16 տարեկան երեխաների բժշկասոցիալական փորձաքննության նպատակով դիմում ներկայացրած ծնողի կամ խնամակալի մահվան, այլ անձի կողմից որդեգրման, ինչպես նաև ծնողների ամուսնալուծության, սահմանված կարգով ծնողական իրավունքներից զրկելու, ծնողական իրավունքների սահմանափակման, խնամակալին և հոգաբարձուին իրենց պարտականությունների կատարումից ազատելու և նոր խնամակալ նշանակելու, որդեգրման վերացման, խնամատար ընտանիքում երեխայի խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու մասին պայմանագրի կնքման դեպքերում բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքի մեջ ներկայացուցչի անձնական տվյալների փոփոխության համար, նոր ներկայացուցիչը գրավոր դիմում է բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին՝ ներկայացնելով վերոնշյալ փաստերը հավաստող փաստաթղթեր:

Կառավարության որոշմամբ՝ հստակեցվել է նաև առողջական վիճակի վատթարացման հիմքով բժշկասոցիալական վերափորձաքննության դիմելու ժամկետները և կարգը: Այսպես, առողջական վիճակի վատթարանալու հիմքով, անձը բժշկասոցիալական վերափորձաքննության համար կարող է դիմել անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական (այդ թվում՝ վիրահատական) և վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո, իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների դեպքում` նաև բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո, բացառությամբ` վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների հաստատված ցանկի։

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930