Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Վաղը ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքների վերջին օրն է, համոզված եմ, որ ԶՈՒ գործողությունների մասով շատ հետաքրքիր եզրահանգումներ են անելու». Գաբրիել Բալայան

Հունիս 03,2020 18:12

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը օրերս մի հարցազրույցում քննադատելով կորոնավիրուսի համավարակի պայմաններում ՀՀ կառավարության վարած քաղաքականությունը, ասել էր, որ եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի տեղը լիներ ինքը, կհարձակվեր «կորոնավիրուսի մեջ տառապող երկրի վրա»: Նա նաեւ նկատել էր, որ ստեղծված իրավիճակում չի բացառում հավանականությունը, որ Ադրբեջանը կհարձակվի ոչ միայն Արցախի վրա, այլ նաեւ Հայաստանի սահմաններում անհանգստություններ լինեն:

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի գնահատմամբ, Հրանտ Բագրատյանի հայտարարությունները «բավականին ոգեւորել» են Հայաստանի հակառակորդին: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Գաբրիել Բալայանն ասաց. «Եթե նրանք խոսեին հակառակորդի անունից, կարծում եմ՝ բավականին օրինաչափ կլիներ: Հակառակորդի համար ինչ-որ ոգեւորող հայտարարություններ են անում: Չգիտեմ, թե իրականում նրանց նպատակը ո՞րն է, բայց վստահեցնում եմ, այդ ամենը մեր մարտունակության վրա որեւէ ազդեցություն չի ունենում եւ եթե հակառակորդը փորձում է դրանից ոգեւորվել, ապա տեղում այդ ոգեւորությունը ճնշվում է»:

Լրագրողներից մեկը հարցրեց` իսկ հակառակորդը չի՞ ոգևորվում, երբ հայտարարություններ են լինում, թե ապրիլյան քառօրյա պատերազմը կարող էր ներքին պայմանավորվածության արդյունք լինել, երբ ԱԺ քննիչ հանձնաժողով է ստեղծվում այդ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար եւ այլն:

«Իրականում, այդ հայտարարությունների համախումբը, որ վերցնենք, նույն այդ հայտարարությունները, որոնք տեղի են ունեցել երեկ կամ դրանից առաջ, դրանք անպատասխան չեն մնալու: Նույն այդ հայտարարությունները, որոնցով փորձ է արվում ստվեր գցել այն ծառայության վրա, որն իրականացվում է եւ իրականացվելու է, մենք համապատասխան միջոցառումներ ենք ձեռնարկելու, որպեսզի այդ հայտարարությունների հեղինակները իրավական պատասխանատվության ենթարկվեն՝ ելնելով այդ պահի դրությամբ ՀՀ-ի շահերից: Վաղը ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքների վերջին օրն է, համոզված եմ, որ ԶՈՒ գործողությունների մասով շատ հետաքրքիր եզրահանգումներ են անելու, որովհետեւ այն տեղեկատվությանը, որին ես տիրապետում եմ, ինձ տեղ չի տալիս մտածելու, որ զինված ուժերն այստեղ որեւէ կերպ թերացել են»,- ասաց փոխնախարարը:

Ինչ վերաբերում է ԶՈւ-ի Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի՝ քննիչ հանձնաժողով չներկայանալուն, Գաբրիել Բալայանն ասաց, որ դա իր մեկնաբանության տիրույթում չէ:

Նա նաև տեղեկացրեց, որ, հավանաբար, հուլիս ամսից Հայաստանը կսկսի արտադրել հրաձգային տեղական զենք:

Ի դեպ, փոխնախարարը տեղեկացրեց, որ կառավարության որոշմամբ, մայիսի 1-ից սկսել են զորակոչային միջոցառումները, այժմ բժշկական փորձաքննության ակտիվ փուլն է. «Հուլիսի 1-ից սկսելու ենք բուն համալրման գործընթացը: Մի քանի նորարարություններ ենք արել՝ պայմանավորված համավարակային այս իրավիճակով. այլեւս չի թույլատրվելու ծնողների եւ հարազատների մուտքը կենտրոնական հավաքակայան: Բայց մենք հանձնառություն ենք վերցրել մեր ցանկությամբ, որ բոլոր զորակոչային եւ զորահավաքային ծառայությունների տարածքային ստորաբաժնում տեղադրել ենք մոնիտորներ, եւ ուղիղ կապով ցանկացած մարզում հարազատները կարողանալու են հետեւել, թե ինչպես է ընթանալու զորակոչը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930