Լրահոս
Օրվա լրահոսը

«2008-ին, 2013-ին այնպիսի ծաղրանկարներ ու ատելության խոսքի տարրերով լուսանկարներ, տեսանյութեր անողներ կային, որ այս վերջին երկու տարում ատելության խոսք ասողները կզարմանային». Գեղամ Վարդանյան

Հունիս 03,2020 18:05

 «Հոդված 3» ակումբի կազմակերպած «Ատելության խոսքը սոցիալական մեդիայում. հայաստանյան իրողություններ» թեմայով տեսաքննարկմանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը ատելության խոսքի դեմ պայքարի մասին խոսելիս կարևորեց ընդհանրապես չափման խնդիրը: Նա նշեց. «Ընդհանրապես, Հայաստանում և′ խորհրդարանում, և′ կառավարությունում, և′ հանրային խոսքում չափված խոսելը և հետազոտության հիման վրա խոսելն ավելի քիչ է, ինչն այնքան էլ լավ չէ»:

Ըստ նրա, երբ խոսում ենք սոցիալական ցանցերում ատելության խոսքի աճի մասին, մենք պետք է մտածենք, հասկանանք, թե ոնց ենք ասում, որ դա աճել է: Գեղամ Վարդանյանի համոզմամբ՝ նույն կերպ կարող ենք ասել, որ աճել է սոցցանցերում ապրող մարդկանց ու դրանցից օգտվողների թիվը: Փորձագետի կարծիքով՝ նախ պետք է սահմանվի՝ ինչ է ատելության խոսքը, որ ամեն բզզոց չհամարվի ատելության խոսք. «Օրենսդրական կարգավորումներն այդ հարցի լուծման դեպքում կարող են սահմանումների հետ կապված օգտակար լինել կամ կոնկրետ դեպքերի քննարկման ժամանակ: Սոցցանցը մեր կյանքի մի մասն է, և եթե համեմատելու լինենք, ապա այնպես չէ, որ ՀՀ-ում այն ցանցում, որն ունեինք 2008-ին, շիկացած մթնոլորտ չկար և այս ձևակերպումներով ու ընկալմամբ ատելության խոսք չկար: 2013-ին էլ կար. այնպիսի ծաղրանկարներ ու ատելության խոսքի տարրերով ֆոտո, վիդեոներ անողներ կային, որ այս վերջին երկու տարում ատելության խոսք ասողները կզարմանային»:

Գեղամ Վարդանյանը ցավով փաստեց՝ ատելության խոսք եղել է, կա ու կլինի և եզրափակեց. «Մենք ամեն ինչ պետք է անենք դրա կանխման համար: Քաղաքական, հասարակական գործիչները, արվեստի մարդիկ, ընդհանրապես, հայտնի մարդիկ շատ ուշադիր պիտի լինեն իրենց խոսքի նկատմամբ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930