Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետի փոփոխության երեք տարբերակ կա». Վանեցյան

Հունիս 03,2020 18:02

«Մենք բոլորս պետք է համախմբվենք մի օրակարգի շուրջ ու ձեւավորենք ազգային համաձայնության կառավարություն: Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա ու այսօրվա ԱԺ-ն պետք է նախաձեռնի նոր ազգային համաձայնության կառավարություն»,- այսօր Վանաձորում «Հայրենիք» կուսակցության նոր գրասենյակի բացմանը հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: Նա ասաց. «Այն, ինչ կատարվում է մեր երկրում, ուղղակի աղետ է, անթույլատրելի իրավիճակ, օր-օրի ավելի ծանր հետեւանքներ են լինելու»:

Վանաձորում կուսակցությանը նոր անդամագրվողներ կան, որոնք հետաքրքրվեցին՝ ազգային համաձայնության կառավարությունը ո՞նց եք պատկերացնում: Վանեցյանը պատասխանեց. «Պատկերացնում եմ հետեւյալ կերպ՝ այդ գաղափարի շուրջ ես պատրաստ եմ համագործակցել բոլոր կարող քաղաքական ուժերի ու անհատների հետ: Կառավարության հեռացում ու նոր կառավարության ձեւավորում, այդ օրակարգի շուրջ մենք պատրաստ ենք համագործակցել»:

Հարց եղավ նաեւ Միքայել Մինասյանի տեսանյութերի հետ կապված: Վանեցյանն ասաց. «Պետությունը պարտավոր է տալ հստակ պարզաբանումներ բոլոր հնչեցված մեղադրանքների վերաբերյալ, որպեսզի հանրության մեջ հարցականներ չմնան՝ ճի՞շտ է խոսել Միքայել Մինասյանը, թե՞ ճիշտ չի խոսել: Եթե պետությունը չի տալիս հստակ հերքում, հստակ փաստեր չեն ներկայացնում, ուրեմն կա՛մ Միքայել Մինասյանի ներկայացրած փաստերը ճիշտ են ու դրանց պատասխանները չկան, կա՛մ ուղղակի պատասխան չունեն իշխանությունները»:

Վանեցյանը նաեւ ասաց. «Վարչապետի փոփոխության երեք տարբերակ կա՝ հերթական ԱԺ ընտրություններ, որի ժամանակ ձեւավորվում են կուսակցությունները, դաշինքները: Տարբերակ երկու՝ ԱԺ-ում առկա քաղաքական ուժերը անվստահություն են հայտնում կառավարությանը եւ վարչապետին, նախաձեռնում են քվեարկություն եւ ընտրում են նոր կառավարություն, նոր վարչապետ, երրորդ տարբերակը՝ ժողովրդի կողմից ձեւավորվող պահանջն է, կամ քաղաքական այլ պահանջների համադրման արդյունքում առաջանում է մի իրավիճակ, երբ խորհրդարանը լուծարվում է: Յուրաքանչյուր ավել օր այս իշխանության մնալը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ մեր պետության գոյության համար: Այն որոշումները, որ արվում են, այն բացթողումները, որ ունենում ենք մեր արտաքին քաղաքականության մեջ, մեր արտաքին գործընկերների հետ հարաբերություններում, կարող են ուղղակի անդառնալի հետեւանքներ ունենալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930