Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Քանի դեռ հակադիր կարծիքները, ատելության խոսքը սոցցանցերի ալգորիթմը խրախուսելու է, դրա դեմն օրենքով առնելը շատ դժվար է լինելու». Արթուր Պապյան

Հունիս 03,2020 18:40

«Քանի դեռ հակադիր կարծիքները, ատելության խոսքը սոցցանցերի ալգորիթմը խրախուսելու է, դրա դեմն օրենքով առնելը շատ դժվար է լինելու»,- «Հոդված 3» ակումբի կազմակերպած «Ատելության խոսքը սոցիալական մեդիայում. հայաստանյան իրողություններ» թեմայով տեսաքննարկմանն այսպիսի կարծիք հայտնեց լրագրող, բլոգեր, ՏՏ և մեդիա ոլորտի խորհրդատու Արթուր Պապյանը:

Նա փաստեց՝ օրենք ընդունելը երկարատև գործընթաց է, իսկ մյուս կողմից նշեց, որ ունենք սուպերդինամիկ զարգացող երևույթ՝ սոցցանցերում մեկնաբանությունները: Ըստ նրա՝ մինչ ինչ-որ թվով պատգամավորներ, իրավաբաններ փորձում են հասկանալ, թե ինչպես կարգավորել, հայտնվում է հերթական նոր զարգացումը, և ջանքերն ապարդյուն են դառնում:

Արթուր Պապյանն ասաց, որ ՀՀ օրենսդրությունն այս առումով հնացած է, և շատ բաներ ընդհանրապես կարգավորված չեն: Այնուհետև մանրամասնեց. «Ինտերնետ թիվի հասկացություն գոյություն չունի, էլ ի՞նչ  խոսել դրա մեկնաբանության մոդերացիայի չափանիշների սահմանման մասին: Սա լինելու է վազք, որի հետևից հասնելը շատ դժվար է»:

Խոսելով լուծման տարբերակների մասին՝ նա ներկայացրեց ԱՄՆ-ի փորձը. «Այսօր ԱՄՆ-ում մեծ սկանդալ է հասունացել: Երբ թվիթերը փորձել է փաստերի ստուգում անել և Թրամփի հայտարարության տակ գրել, որ ոչ բոլոր փաստերն են կոռեկտ, Թրամփը նոր բանաձև է շրջանառության մեջ դրել, որ կարգավորեն սոցցանցերը. հիմա ԱՄՆ-ում մեծ քննարկում է: Աշխարհի ամենահզոր մարդը հրահանգել է կարգավորել սոցցանցերը, բայց օրենսդիրները մտածում են ու ոչ մի տարբերակ չեն գտնում դա անելու համար: Հավանաբար, երբ հասնեն լուծումների, գուցե ԱՄՆ նախագահը Թրամփը չլինի»:

Ըստ Արթուր Պապյանի՝ սոցիալական ցանցերն իրենք կարգավորման մոտիվացիա չունեն, ընդհակառակը, նրանց ձեռնտու է այս իրավիճակը: Նա պարզաբանեց. «Իրենք էլ պայմաններ են ստեղծում: Ինտերնետային էջերը որևէ շահագրգռվածություն չունեն մաքրելու հայհոյանքները, ատելության խոսքը, քանի որ սոցցանցի ալգորիթմն այնպես է աշխատում, որ ինչքան շատ մեկնաբանություններ լինեն՝ հակադիր ծայրահեղական, այնքան այդ էջի ազդեցությունը բարձրանում է»:

Արթուր Պապյանն առաջարկեց՝ ինտերնետ հասարակության համաշխարհային համայնքը փորձի հարկադրել կամ խրախուսի մոդերացիան:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930