Լրահոս
Օրվա լրահոսը

Գաբրիել Բալայանը` Միքայել Մինասյանի` անօրինական զենքի եւ Նիկոլ Փաշինյանի` անպիտան զենքի հայտարարությունների մասին

Հունիս 03,2020 17:47

«Զինծառայողներից վարակվածների  հիմնական մասը պայմանագրային եւ սպայական կազմից են: Այսինքն, նրանք, որոնք օրենսդրության համաձայն իրավունք ունեն ելումուտ ունենալ զորամասեր: Մի քանի դեպքեր եղել են նաեւ ժամկետայինների շրջանում, սակայն դրանք բուժվել են: Վերահսկելի իրավիճակ է, անհանգստանալու որեւէ կարիք չկա: Կարեւորը ԶՈՒ պատրաստվածության ու մարտունակության վրա այդ ամենը չի ազդել: Զինված ուժերում նախատեսված բոլոր ծրագրերը, ըստ պլանի կատարվում են»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն`անդրադառնալով զինված ուժերում կորոնավիրուսի վարակի տարածմանը: Փոխնախարարը նաեւ շնորհակալություն հայտնեց պարտադիր զինծառայողներին եւ նրանց ծնողներին, որ ըմբռնումով են մոտենում այն սահմանափակումներին, որոնք այսօր մտցվել են արձակումների եւ արձակուրդների հետ կապված:

Լրագրողները փոխնախարարից հետաքրքրվեցին նաեւ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի` օրերս արած հայտարարության վերաբերյալ, թե Հայաստանը ներքաշված է զենքի անօրինական վաճառքի սկանդալում: Գաբրիել Բալայանն ասաց. «Փորձում են անորակ խաղերի մեջ ներգրավել Պաշտպանության նախարարությանը: Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ 2018  թվականից ի վեր, երբ ձեւավորվել է ներկայիս կառավարությունը, որեւէ երրորդ երկրի հետ, ի դեմս ՊՆ-ի, Հայաստանի մասնակցությամբ որեւէ նման գործարք տեղի չի ունեցել: Բացի դրանից, խնդրում եմ հաշվի առնել, որ գոյություն ունի «Լիցենզավորման մասին» օրենք, որի 12.1 հոդվածը սահմանում է ռազմական արտադրանքի, ներմուծման, արտադրության, տարանցիկ փոխանցման հետ կապված իրավահարաբերությունները»:

Ինչ վերաբերում է անպիտան զենքերի ձեռքբերման մասին ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին եւ հարցին` Դավիթ Տոնոյանը նման գործարքի մասնակցե՞լ է, Գաբրիել Բալայանը պատասխանեց, որ ՊՆ-ում Դավիթ Տոնոյանը զբաղեցրել է մի շարք պաշտոններ, երկար տարիներ եղել է փոխնախարար եւ պաշտոնավարման ժամանակ մասնակից չի եղել որեւէ նմանատիպ գործարքի. «Զինված ուժերի սպառազինությունը, ռազմական տեխնիկան ձեռք են բերվում համաձայն ԶՈւ-ի զարգացման պլանի եւ մի շարք այլ ծրագրերի: Սա խորը պլանավորված գործընթաց է, ես չեմ կարող այստեղ հայտարարել, որ դա անթերի գործընթաց է, հնարավոր է եղել են այնպիսիք, որոնք տեխնիկապես բարեփոխելու հնարավորություն են ունեցել, սա նորմալ եմ համարում: Ամեն ինչ կատարվել է իրավաչափորեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930