Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլի» պատգամավորները հերթով քննադատեցին Նաիրա Զոհրաբյանին. «Սկսեք ձեր պատգամավորից, որ դիմակ կրի»

Հունիս 03,2020 17:34

ԱԺ նիստում այսօր այն բանից հետո, երբ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղիղ եթերը նկատի ունենալով՝ հայտարարեց, որ քաղաքացիներին «սպեցնազ»-ով եւ դուբինկաներով սպառնալու եւ կորոնավիրուսի իրավիճակում պատասխանատվությունը ժողովրդի վրա գցելու միտում է տեսնում, «Իմ քայլի» պատգամավորները հաջորդաբար անդրադարձան Զոհրաբյանի ելույթին՝ այն շահարկում որակելով: Նախ, «Իմ քայլից» Գեւորգ Պապոյանը բացառի մեջբերեց վարչապետի խոսքերը՝ Զոհրաբյանին մեղադրելով Փաշինյանի ասածը խեղաթյուրելու մեջ:

Ապա «Իմ քայլից» Արման Եղոյանը հիշեցրեց, որ «Սերժի ժամանակ» կար «պետականամետ» հասկացությունը, եւ ԲՀԿ-ին կոչ արեց լինել պետականապետ՝ ինչպես այդ ժամանակ:

«Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն էլ, դիմելով տիկին Զոհրաբյանին, նշեց. «Մեղավոր փնտրելն ամենաանպտուղ բանն է, որ կարելի է անել։ Ի դեպ, դուք դա եք անում հիմա։ Բայց դա չի նշանակում, որ մարդիկ չպիտի գիտակցեն պատասխանատվությունը: Պետությունը, վարչապետը, պարետը, քաղաքացին՝ բոլորն ունեն պատասխանատվություն: Եթե ուզում եք մենք առաջ գնանք համավարակի դեմ պայքարում, կարող եք սկսել հենց ձեր խմբակցության պատգամավորից եւ փորձեք անել այնպես, որ դիմակ կրի»:

Հավելենք, որ ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը դիմակ չի կրում: Այս առնչությամբ ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանը նկատեց՝ այո, Գեւորգ Պետրոսյանը դիմակ չի կրում, այդ պատճառով էլ նիստերի դահլիճում չէ:

Աբովյանը պնդեց ԲՀԿ-ի մոտեցումը. «Վիճակը ծանրագույն է, եւ պատասխանատվությունը կրում է իշխանությունը: Եթե գաղտնիք է, բացահայտում եմ: Ամեն երկրում իշխանությունն է կրում առաջնային պատասխանատվությունը, էլ ո՞նց ձեզ բացատրեմ»:

«Իմ քայլի» պատգամավոր Ալեն Սիմոնյանը փոքր-ինչ հեգնեց. «Համաձայն եմ, պարոն Աբովյան, մենք ենք կրում պատասխանատվությունը, բա հո դուք չէի՞ք կրելու… Բայց դիմում եմ քաղաքացիներին՝ կորոնավիրուսի, սահմանադրական դատարանի հարցում մենք մեր խաչը տանելու ենք ու որեւէ մեկի վրա հույս չենք դնելու: Տարբեր ուժեր ունեն որոշ քաղաքական նպատակադրություն, ուստի կոչ եմ անում չբարկանալ, չնեղանալ: Մենք պատասխանատու ենք»:

«Իմ քայլից» Արփի Դավոյանը եւս դիմեց Զոհրաբյանին. «Ազնիվ չէ խոսել այնպես, ինչպես ձեզ է հարմար: Խեղաթյուրելով վարչապետի խոսքերը՝ դուք քաղաքական դիվիդենտներ եք ուզում շահել: Ազնիվ չէ նաեւ այս ամբիոնից գոռալով խոսելը եւ այդպես ձեր ցասումը թափելն այս դահլիճի վրա՝ անհասկանալի մտքեր արտահայտելով: Որեւէ մեկը չի խուսափում պատասխանատվությունից: Կառավարությունը պատասխանատու է, բայց քաղաքացիները չեն ուզում իրենց վրա վերցնել պատասխանատվության այն բաժինը, որի մասին խոսում ենք մենք եւ վարչապետը: Այսքան ժամանակ ընդդիմադիրներից չլսեցի, որ կոչ անեն դիմակ կրել, որ ասեն՝ բոլորի հանդեպ պետք է հոգատար ու ուշադիր լինել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել