«Փորձը ցույց է տալիս, որ օրենսդրական լուծումները թույլ են տալիս ինչ-որ լուծում ստանալ, բայց հիմնականը չեն»,- «Հոդված 3» ակումբի կազմակերպած «Ատելության խոսքը սոցիալական մեդիայում. հայաստանյան իրողություններ» թեմայով տեսաքննարկմանը հայտարարեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Նա փաստեց՝ ատելության խոսքը խնդիր է ոչ միայն Հայաստանի համար: Ըստ մեդիափորձագետի՝ սոցիալական մեդիաների առաջացումն ու աշխարհի բնակչության մեծամասնության՝ ցանց մտնելը հանգեցրել է ատելության խոսքի աճի: Այս առիթով նա ասաց. «Դա տրամաբանական է, քանի որ հարթակ են ստացել մարդիկ, որոնք անկիրթ ու անդաստիարակ են, որոնք մինչև այդ չունեին հանրային խոսքի հնարավորություն»: Սամվել Մարտիրոսյանը վստահեցրեց, որ ատելության խոսքը զրոյացնել հնարավոր չէ. ողջամիտ նվազեցման պիտի գնանք. «Չլինենք ուտոպիստներ, որոնք պատկերացնում են, թե կգա մի օր, երբ բոլորն իրար հետ կխոսեն բարև Ձեզ, շնորհակալություն, արդյոք, ահավասիկ»:
Մեդիափորձագետը շեշտեց՝ ատելության խոսքն այն չէ, որ մի ֆեյք գալիս է և վատ բառ ասում, այլ ատելության խոսքի խնդիրն ավելի շուտ վերաբերում է հանրային անձանց: Նա մտահոգություն հայտնեց, որ քաղաքական դաշտի իննսուն տոկոսը կամ տարածող է, կամ լուռ համակերպվող, քանի որ իրենց համակուսակիցներն են դա արել ու մանրամասնեց. «Սա է խնդիրը. այսինքն՝ այն մարդիկ, որոնք ինչ-որ չափով օրինակ են հասարակության մյուս հատվածների համար, իրենք են ատելության խոսքը տարածողը, կամ լռում են՝ այն կյանքի նորմա համարելով: Սրա դեմ է պետք պայքարել»:
Նա շեշտեց՝ օրենսդրական լուծումները պետք է վերաբերեն հանրային անձանց ու պարզաբանեց. «Երբ մարդիկ պահանջում են օրենք, դա չպետք է վերաբերի ամեն մի տնային տնտեսուհու, որը ֆեյսբուքում թույն ու թարախ է տարածում, այլ պետք է տարածվի հանրային անձանց դեմ: Մարդիկ չպետք է երազեն, որ ամեն վատ մեկնաբանություն գրողին գալու են, կալանավորելու են ու տանեն: Օրենքը պետք է տարածվի հանրային անձանց վրա. եկել է ժամանակը քաղաքական դեմքերին պատժելու, ավելի լուրջ, քան այսօր»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ