Ի թիվս այլ երկրների, Բուլղարիան եւս միացել է ԵՄ անդամ-երկրների և միջազգային ֆինանսական հաստատությունների մեկնարկած «Team Europe» նախաձեռնությանը` նպատակ ունենալով խթանել Արևելյան Գործընկերության երկրների կարողությունները` COVID-19 համաճարակի առաջացրած ճգնաժամը հաղթահարելու գործում:
Բուլղարիայի Նախարարների խորհուրդը որոշում էր կայացրել Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրելու մասին:
Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա-Ցոցորկովան հունիսի 3-ին բացօթյա տարածքում իրականացրեց հումանիտար օգնության հանձնումը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:
Այն ներառում էր պաշտպանիչ պարագաների՝ բուլղարական արտադրության 500 հավաքածու, նախատեսված՝ առաջին գծում աշխատող բուժանձնակազմի համար, այդ թվում՝ դիմավահաններ, հատուկ ակնոցներ, բազմակի օգտագործման համար նախատեսված անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներ, որոնք համապատասխանում են ԵՄ պահանջներին եւ համատեղելի են Հայաստանի կլիմայական պայմանների հետ:
Կարդացեք նաև
Հայաստանում Բուլղարիայի դեսպանն իր խոսքում նշեց, որ չնայած սեփական խնդիրներին, Բուլղարիան Հայաստանի կողքին է եւ պատրաստակամ է աջակցել հայ ժողովրդին: Նաեւ հավելեց, որ Հայաստանի ու Բուլղարիայի ավանդական բարեկամությունը պայմանավորված է պատմական եւ մշակութային երկարամյա կապերով, իսկ Հայաստանին տրամադրված հումանիտար օգնությունը «Team Europe» նախաձեռնության համատեքստում է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ