Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրական 35-36 մլն կորուստ կա, 74 հազար մարդ եկամուտ չի ստացել միայն ապրիլ ամսին եւ 12300 աշխատատեղ փակվել է». Միքայել Մելքումյանը`համավարակի սխալ կառավարման մասին

Հունիս 03,2020 16:45

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կարծիքով, կորոնավիրուսի վարակի կանխարգելման պահը իշխանությունը կորցրել է եւ այն մենեջմենթը, որը կիրառում է կառավարությունը, ենթակա է արմատական փոփոխության, քանի որ այն չի աշխատում:

«Որ այսքան մահեր կլինեն, այսքան վարակվածներ…անելանելի վիճակ է տիրում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավորը`հիշեցնելով, որ դեռ մարտի կեսին ԲՀԿ-ն պնդում էր` դիմակների խիստ կիրառում եւ թեստավորում պետք է լիներ. «Անցել է արդեն երեք ամիս, այն ժամանակ, երբ կառավարության ղեկավարը խորհրդարանում ասում էր, որ մեկ-երկու ամիս են սահմանում, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի համար, ես ասում էի դա շատ քիչ է: Հիմա դուրս եկավ, որ այդ սցենարը չի աշխատում: Հիմա պլան «Բ»-ն կա՞, թե՞ չկա, ես չգիտեմ, որովհետեւ երկու ամսվա սցենարն արդեն տապալվել է»:

Եթե համավարակի տարածման տեմպը շարունակվի այս ձեւով եւ կառավարությունը խիստ միջոցառումներ կիրառի`կրկին փակի տնտեսությունը, ապա այդ ամենը սարսափելի հետեւանքներ է ունենալու. «Օրական 35-36 մլն կորուստ կա, ՊԵԿ-ի երեկվա տեղեկատվության համաձայն՝ 74 հազար մարդ եկամուտ չի ստացել միայն ապրիլ ամսին եւ 12300 աշխատատեղ փակվել է: Այս ամենը շարունակելի է, սրանք նախնական թվեր են: Հիմա որ օբյեկտները բացվել են, ձեզ թվում է շահույթո՞վ են աշխատում: Հիմա պետք է գերջանքեր գործադրել իրավիճակը շտկելու համար: Մենք չափերով փոքր երկիր ենք. հիմա մե՞ր երկրում է հեշտ կառավարել բնակչությանը, թե՞ խոշոր երկրներում: Պետք կտրուկ քայլեր ձեռնարկել եւ կառավարումը կտրուկ փոխել: Եթե կա սցենար եւ նախարարները պարետատան հետ միասին ժրաջանորեն իրենց ֆունկցիան կատարում են, նշանակում է, այս սցենարը սխալ է: Իսկ եթե չեն կատարում, ուրեմն՝ այդ անպատասխանու ղեկավարները պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ շատ արագ: Այս ամենը գուցե բոլորիս դռներին հասնելու է, պետք է պատրաստ լինենք: Այլեւս խիստ, սառնասիրտ մնալն անհնար է, մենք պետք է կարողանանք ճիշտ արձագանքել այս ամենին»:

Այս իրավիճակում թողնել գլխավոր խնդիրը եւ հանրաքվեն չեղարկելու մասին նախագիծ բերել խորհրդարան, Միքայել Մելքումյանն իշխանության կողմից անհեռատես քայլ է որակում: Կարծում է, որ այդ հարցը պետք է թողնեին հետագային, երբ ստեղծված իրավիճակն իր հանգուցալուծումը կունենար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930