ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է, որ մոտավորապես երկու ամիս առաջ ՀՀ իշխանությունն իմացել է, որ Եվրոհանձնաժողովի նիստ պետք է տեղի ունենա եւ, որ պետք է համապատասխան մասնագետների խումբ ձեւավորեն, անցնեն համապատասխան ընթացակարգերով ու անեն ամեն ինչ, որ Հայաստանը չհայտնվի «սեւ ցուցակում»: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանն`անդրադառնալով Եվրոհանձնաժողովի երեկ հրապարակած որոշմանը, համաձայն որի, այսուհետ Հայաստանում գրանցված որեւէ ավիաընկերություն մուտք չի գործելու ԵՄ տարածք:
«Այդ ամենը չի արվել եւ հերթական ոլորտն է, որը ձախողել է: Գիտեք, չկա ոլորտ, որտեղ մենք ձախողումներ չունենանք եւ սա կադրային քաղաքականության արդյունք է: Հիմա, որ Հայաստանում լիցենզիա ստացած ավիաընկերությունները չեն կարողանա թռիչքներ կատարել ԵՄ տարածք, սա երկրի իմիջի համար շատ վատ բան է, բայց, տեսնում եմ, որ կան մարդիկ, որոնք ասում են՝ դե էդ ո՞վ էր գնալու Եվրոպա որ: Չգիտեմ ո՞վ էր գնալու, ի՞նչ էր անելու, բայց երկրի իմիջի համար այս ամենը շատ վատ է»,- ասաց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ