Լրահոս
Օրվա լրահոսը

«Մահերի քանակը, որն ունենք, ուղղակի անհնար է առանց պատասխան տալու այդ էջը թերթել». Էդմոն Մարուքյան

Հունիս 03,2020 16:15

«Երկու ամիս է՝ նույն վիճակն է, այսինքն՝ երկու ամիս մարդիկ նման կերպ են վարվում եւ որևէ մեկն այդ հարցով չի՞ զբաղվում»,- այս հարցադրումն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն`անդրադառնալով երեկվանից վարչապետի ֆեյսբուքյան էջում հրապարակվող լուսանկարներին եւ տեսանյութերին, որտեղ մարդիկ են խմբված կամ մասնակցում են ինչ-որ արարողությունների:

«Թոշակները նույն ձեւով բաժանվել են, սակայն որեւէ միջամտություն չի եղել, հիմա այդ նկարները տեղադրել, որ իբրեւ սա նոր է եղել՝ այդպես չէ: Երկար ժամանակ է իրավիճակն այդպիսին է: Համապատասխան մարմիններն այդ ընթացքում իրենց վրա դրված պարտականությունները չեն արել: Միայն ոստիկանությունը չէ, մարզերում մարզպետարանները, համայնքապետարանները: Հիմա լավ է ուշ, քան երբեք: Գոնե այսօրվանից սկսած այդ հեռավորությունը պահպանեն: Քիչ առաջ խոսեցի ԿԲ նախագահի հետ, նա ասաց, որ ակտիվ զբաղվում է: Օրինակ` բանկեր գիտեմ, որ աշխատողների կեսն աշխատել է, կեսը ոչ, որ եթե վարակվեն՝ աշխատող մարդ գոնե ունենան»:

Լրագրողները հետաքրքրվեցին` խիստ սահմանափակումների անցնելը օգտակար կլինի՞: Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ խիստ սահմանափակումներ կարող են կիրառվել, եթե մարդկանց տրվեն ապրելու համապատասխան միջոցներ. եթե, ասենք, քաղաքացիների փոխարեն պետությունը վճարի կոմունալները, փող հատկացնի որ մարդիկ ապրեն. «Այս պատճառով հիմա կառավարությունը կանգնել է ծանր խնդրի առջեւ, որովհետեւ չի կարող փակել ու որեւէ բանով քաղաքացուն չաջակցել: Հիմա եթե երկու շաբաթվա առաջարկն է, որ երկու շաբաթով պետք է փակվի, դա այդքան էլ ողջամիտ չէ, քանի որ այսօրվա վարակվածը 14 օրից է իմանալու, որ վարակվել է: Ըստ իս, ճիշտը եղած սահմանափակումները ճիշտ կիրառելու մեջ է»:

Էդմոն Մարուքյանի գնահատմամբ, համավարակի դեմ պայքարի պատասխանատուները պետք է ընդունեն, որ այն քաղաքականությունը, որը ներդրել են, չի արդարացրել իրեն ուստի, այդ մարդիկ պետք է ազատվեն զբաղեցրած պաշտոններից. «Մահերի քանակը, որն ունենք, ուղղակի անհնար է առանց պատասխան տալու այդ էջը թերթել: Այս վիճակից պետք է դուրս գանք, նոր այդ մասին խոսենք, չեմ կարծում, որ հիմա դրա ժամանակն է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930