Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Զոհրաբյանը կոչ է անում «սպեցնազ»-ով չխոսել քաղաքացու հետ, Սիմոնյանն էլ Ծառուկյանի հայտնի խոսքն է հիշեցնում կորոնավիրուսի մասին

Հունիս 03,2020 15:53

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կառավարության կողմից մեղքն «անպատասխանատու քաղաքացու» վրա բարդելու վտանգավոր եւ անազնիվ միտում է տեսնում: Նկատի ունենալով կորոնավիրուսով վարակման դեպքերի աճը՝ պատգամավորն այսօր ԱԺ նիստում համոզմունք հայտնեց, որ կառավարությունը բարոյական իրավունք չունի մեղքը քաղաքացու վրա գցել. «Այո, քաղաքացին պարտավոր է հետեւել պարետատան ցուցումներին, բայց համաճարակի համար պատասխանատու կառույցներն արե՞լ են ամեն ինչ, որպեսզի այսօր չխոսեն «սպեցնազ» մտցնելու եւ դուբինկաներով առողջություն պարտադրելու մասին: Չփորձեք քաղաքացու վրա գցել պատասխանատվությունը»:

Նաիրա Զոհրաբյանը շեշտեց՝ առողջապահության նախարարը մի օր ասել է դիմակ չկրել, որովհետեւ երկարատեւ կրումը վնաս է, հետո՝ կրել, այնուհետեւ ասել է, որ իր երեխային տանելու է դպրոց, նաեւ պնդել, թե կորոնավիրուսն ավելի թույլ է, քան սովորական գրիպը. «Քաղաքացին իրավունք ունի՞ այս իրավիճակում մոլորվելու: Այո, նա ունի իրավունք չհասկանալու, թե իրենից ինչ է պահանջվում: Հիմա կատարյալ անկառավարելիության եզրին ենք: Մեղավորներ փնտրելու փոխարեն՝ գործադիրը պետք է որոշի, որ միավորելու է ներուժը: Բժիշկների մի մեծ խումբ պատրաստվում է առցանց հանդիպում խնդրել վարչապետի հետ: Լսեք մասնագետներին»:

Զոհրաբյանի ելույթին արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ ասելով, որ նա արդար չէ. «Այս ամբիոնից մի օր խոսակցություն ունեցանք դիմակների հետ կապված: Ես ասում էի, որ դիմակ կրել պետք չի, դուք էլ համաձայնում էիք՝ ասելով, որ որոշ դեպքերում դա վնասակար է: Ասում եք՝ սկզբում սենց եք ասել, հետո՝ ուրիշ բան: Աշխարհը նոր է առերեսվում նման բանի հետ, եւ նույն տրամաբանությամբ կարող եք Բրիտանիայի վարչապետին մեղադրել կամ պարոն Ծառուկյանին, ով ասում էր, որ կորոնավիրուսը բարի մարդկանց չի կպնում, իսկ այսօր, մնացած գործընկերների պես, չի գալիս դահլիճ, եւ դրա համար մեղադրելու բան չունեմ»:

ԲՀԿ պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն էլ պարզաբանեց՝ Գագիկ Ծառուկյանը դեռեւս համավարակի տարածման սկզբում էր ասել, որ խիստ կարանտին է հարկավոր, իսկ հայտնի արտահայտությունը հումորով է ասել, ոչ թե որպես իրավիճակի գնահատական:

ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Արման Աբովյանն էլ հիշեց՝ երբ մարտին Գագիկ Ծառուկյանը հորդորում էր ՀՀ-Իրան սահմանը փակել, իշխանական պատգամավորները ժպտում էին. «Երբ ասում էր, որ ճգնաժամ է սպասվում, էկոնոմիկայի նախարարն այստեղ նստած ժպտում էր: Իսկ այսօր խայտառակ տնտեսական-սոցիալական իրավիճակ ունենք, եւ դուք գիտեք այդ մասին: Ձեռքներդ դրեք սրտներիդ ու ասեք՝ որ ԱԺ-ից դուրս եք գալիս, Դեմիրճյան փողոցում քանի՞ մարդ է ձեզ մոտենում ու ասում՝ օգնի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930