Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոլեկտիվ պատասխանատվության հարց է, մեղավորներ պետք չէ փնտրել. Նարեկ Զեյնալյան

Հունիս 03,2020 15:41

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի աճի հետ կապված պետք չէ մեղավորներ փնտրել. այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող ուժը ներկայացնող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը: Վարակվածների թվի աճը բանախոսը պայմանավորում է թեստավորումների քանակի հետ. «Այս ամենը ոչ թե մտահոգիչ է, այլ դրական է, այն իմաստով, որ վարակվածները հայտնաբերվում են: Ըստ էության՝ կարելի է ենթադրել, որ կարող են լինել վարակվածներ, ովքեր չեն հայտնաբերվում, որոնք էլ կարող են հանդիսանալ վիրուսի տարածման աղբյուրներ: Որքան թեստավորվողների թիվն ավելանում է եւ վարակակիրներ են հայտնաբերվում, այնքան դրական է, քանի որ դա ենթադրում է, որ այդ մարդիկ մեկուսանում, ինքնամեկուսանում են եւ չեն հանդիսանում վարակի տարածման աղբյուր»:

Հակահամաճարակային աշխատանքները իշխող ուժը ներկայացնող պատգամավորը հորդորում է դիտարկել համալիր, ոչ թե մեկ-երկու գործողությամբ եւ հավելում` յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում հակահամաճարակային իր ռազմավարությունն ու մարտավարությունը: Ըստ նրա, այն դեպքում, երբ թեստավորումների քանակն ավելանա եւ հայտնաբերելիությունը պակասի, կարելի կլինի ասել, որ դեպքերի նվազում է գնում: Բայց քանի դեռ թեստավորումն ավելանում է եւ դրական պատասխաններն էլ հետը` դեպքերի նվազման մասին դեռ խոսք լինել չի կարող: «Երբեւէ չենք կարող ֆիքսել, որ այս ժամանակահատվածում պետք է կանխարգելիչ միջոցառումներ արվեր եւ վերջ: Կանխարգելիչ միջոցառումները պետք է շարունակական բնույթ կրեն, դրանք իրավիճակից կախված անընդհատ փոփոխության են ենթարկվում: Այստեղ մեղավորներ պետք չէ փնտրել, սա կոլեկտիվ պատասխանատվության հարց է, եւ կառավարության կամ պարետատան կողմից իրականացվող միջոցառումների որակը, մակարդակը էլ ավելի բարձրացնելու, եւ հանրության շրջանում յուրաքանչյուր անձի զգոնությունը բարձրացնելու, անձնական պատասխանատվությամբ է պայմանավորված»,- ասաց նա` պատասխանելով ընդդիմախոսների դիտողություններին:

Լրագրողները հետաքրքրվեցին`ստեղծված իրավիճակն արդյոք հետեւանք չէ իշխանավորների իրարամերժ հայտարարությունների, մասնավորապես, կապված դիմակներ կրելու հետ: Նարեկ Զեյնալյանը պատասխանեց. «Իրարամերժ ձեւակերպումն այդքան էլ տեղին չէ: Այն դիմակները, որոնք հիմա մարդիկ կրում են, միշտ ասվել է եւ հիմա էլ ես ասում եմ՝ հարյուր տոկոսով չեն ապահովագրում վարակվելուց: Բայց սա չի նշանակում, որ մենք դիմակ չպետք է կրենք: Որովհետեւ դա կանխում է մեզ վարակվելուց կամ մեր կողմից այլ անձի վարակելուց: Եթե կա որեւէ միջոցառում, որը կարող է գեթ մեկ տոկոսով էլ կանխել վիրուսի տարածումը պետք է իրականացնել այդ միջոցառումը»:

Իշխող ուժի ներկայացուցիչը վստահեցնում է, վարակի հետեւանքով մահացության մակարդակով Հայաստանն ամենեւին էլ առաջատարներից չէ: Ասում է, մեր երկրում մահաբերության ցուցանիշը բավականին ցածր է` համեմատած համաշխարհային միջին ցուցանիշի եւ շատ երկրներում արձանագրված մահերի գործակցի հետ: Ըստ նրա, որոշ եվրոպական երկրներում մահաբերության ցուցանիշը ընդհուպ մինչեւ 15 տոկոս է, իսկ Հայաստանում 1,5 տոկոսի շրջանակներում է. «Սա չի նշանակում, որ մենք մեր զգոնությունը պետք է թուլացնենք, միջոցառումները թուլացնենք: Յուրաքանչյուր քաղաքացու, անձի կյանքը եւ առողջությունը բարձրագույն արժեք են, որի համար պետք է պայքարել: Կարելի է ասել` դեռ պիկին չենք հասել, որովհետեւ թվերը պետք է սկսեն նվազել եւ հասնել զրոյի, որպեսզի ասենք, որ պիկին հասել ենք եւ հաղթահարել»:

Անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ պարետատան նիստերին իր մասնակցությունն առաջացրել է Արսեն Թորոսյանի դժգոհությունը, Նարեկ Զեյնալյանն ասաց, որ չգիտի, թե ինչո՞ւ են մամուլում նման հրապարակումներ լինում, քանի որ նման դժգոհություն չի եղել. «Այդ հրապարակումները որոշ դեպքերում չեն համապատասխանում իրականությանը: Բնականաբար, որքան մեծ լինի մասնակցությունը պարետատան աշխատանքներին, այդքան ավելի արդյունավետ կլինի, դրանով պայմանավորված ինձ հրավիրել են»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930